...

Շարունակում են լքել Ռուսաստանը

Շարունակում են լքել Ռուսաստանը

    ԱՄՆ-ի հետախուզական թարմ տվյալների համաձայն՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործված ռուսական ռազմական ակտիվների 8%-ից 10%-ն այժմ ոչնչացված է կամ անգործունակ: Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ խոսքը շարքից դուրս եկած ծանր տեխնիկայի՝ տանկերի, ինքնաթիռների և այլ ռազմական միջոցների մասին է:  

    Ուկրաինան ևս համարյա նույն չափով կորցրել է իր ռազմական ակտիվները։ Չնայած սրան՝ փորձագիտական շրջանակները պնդում են, որ ՌԴ-ն դեռևս չի օգտագործել իր ռազմական հնարավորությունների ծավալի կեսն անգամ։

    ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացի փախստականների թիվն արդեն հասել է 2 միլիոնի: Սա աննախադեպ է վերջին տասնամյակների կտրվածքով։ Համեմատության համար նշվել է, որ Բոսնիայում և Կոսովոյում տեղի ունեցած պատերազմների ժամանակ փախստականների թիվը կազմել է 2-3 միլիոն, բայց 8 տարվա ընթացքում:

    Պատերազմի 10 օրերի ընթացքում Ուկրաինայում զոհվել է շուրջ 2500 ուկրաինացի։ Այս թվում ներառված չեն զինվորականները։

    Սպանված երեխաների թիվը տարբեր լրատվամիջոցներում տարբեր է։ Կրկնվող թիվը 23-ն է։ 

    Վիրավորների թիվը ուկրաինական կողմում 1000-ից անց է, դարձյալ ներառված չեն զինվորականները։

    Բրիտանիան հայտարարել է, որ մինչև 2022 թվականի վերջ կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը:

    Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ընդունել է ռուսական արտադրության բոլոր տեսակի էներգակիրների ներկրումն արգելելու որոշում: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն արգելում է նավթի, գազի և ածուխի ներկրումը: 

    PepsiCo ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գազավորված ըմպելիքների վաճառքը Ռուսաստանում։ 

    PepsiCo-ի հիմնական մրցակից Coca Cola-ն ևս որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում։

    Արագ սննդի աշխարհահռչակ ցանցերից՝ McDonald's-ը ևս հեռանում է Ռուսաստանից։ Ընկերությունը, որն իր եկամտի 9%-ը ստանում է Ռուսաստանից, այնուամենայնիվ, որոշել է հեռանալ։ Չնայած սրան՝ McDonald’s-ը կշարունակի վճարել իր 62,000 աշխատակիցներին։ Ցանցի սպասարկման 850 խանութները ևս ժամանակավորապես դադարել են գործել։ 

    Starbucks-ը ևս հեռացողների շարքում է։ 

    New York Times պարբերականը հայտարարել է, որ իր լրագրողներին դուրս է բերում Ռուսաստանից։ «Վլադիմիր Պուտինի կառավարությունը ճնշում է այն լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են խախտել ուկրաինական պատերազմի հարցում Կրեմլի գիծը»,- հայտարարել է թերթի խմբագրակազմը։ 

 ԱՄՆ հետախուզական շրջանակների գնահատմամբ՝ շուրջ 4000 ռուս զինվոր է սպանվել այս պատերազմում։ Թիվը հրապարակել է Պաշտպանության հետախուզական գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սքոթ Բերիերը:

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   1021 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ