«Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության» հոդվածաշարի նախորդ թողարկումների հղումները՝ 1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս, 4-րդ մաս, 5-րդ մաս, 6-րդ մաս, 7-րդ մաս, 8-րդ մաս, 9-րդ մաս, 10-րդ մաս, 11-րդ մաս, 12-րդ մաս։
Հարգելի պատգամավորներ,
Բանավեճը, որ ընթանում է այս դահլիճում, իհարկե, հետաքրքիր է, բայց ոչ ավելին։ Եւ եթե այն այսուհետեւ էլ այս ոգով շարունակվի, եւ մենք էլ լքենք այս դահլիճը՝ չմշակելով ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ մեխանիզմներ, ապա, համոզված եմ, մեկ‑երկու շաբաթ անց ստիպված կլինենք նորից հավաքվելու եւ քննարկելու ավելի ճգնաժամային մի իրավիճակ։ Ցավոք, ես չտեսա այդ մեխանիզմները ո՛չ պրեզիդենտի զեկուցման մեջ, ո՛չ էլ մյուս հռետորների ելույթներում։ Ես համաձայն եմ գրեթե բոլոր ելույթների արձանագրային մասերին, չնայած նրանցում, թվում է, շեշտը հիմնականում դրվում է մեր իրականության բացասական կողմերի վրա։ Դուք բոլորդ էլ գիտեք, սակայն, որ այդ բացասականով հանդերձ՝ մեր իրականությունն ունի նաեւ դրական կողմեր։ Ես կնշեմ դրանցից մի քանիսը.
Առաջինը հանրապետությունների ինքնիշխանության գործընթացի խորացումն է եւ Կենտրոնի ու հանրապետությունների իրավասությունների սահմանազատումը։
Երկրորդը՝ հանրապետությունների միջեւ հորիզոնական հարաբերությունների հաստատումը։
Երրորդը՝ հանրապետություններում ժողովրդավարական գործընթացների խորացումը, որն, իմ կարծիքով, ոչ մեկը չի կարող ժխտել։
Եւ վերջինն ու ամենակարեւորը՝ հանրապետական իշխանությունների կենսունակության դրսեւորումը, ինչը մի շարք հանրապետություններ ապացուցել են գործով։
Այժմ բացասականի մասին, որին կանդրադառնամ հակիրճ կերպով։
Պարզ է, որ տնտեսության մեջ քաոս է տիրում, որ սոցիալական եւ ազգամիջյան հարաբերությունները չափազանց լարված են, եւ որ իշխանությունները կաթվածահար վիճակում են գտնվում։ Բայց ներկա պահին, իմ կարծիքով, ծագել է բոլորովին նոր իրադրություն, որի հետեւանքով էլ գումարվել է մեր այս հավաքը։ Իշխանության կաթվածահարությունն արդեն վերափոխվում է իշխանության իրական ճգնաժամի, ինչին գումարվում են «աջ սպառնալիքի» եւ սոցիալական բունտի վտանգները։ Այս իրադրության մեջ մենք չպետք է կորցնենք մեր գլուխները։ Մեր պարտքն է հանգիստ գտնել իրավիճակից դուրս գալու ելքերը։
Առաջարկվում են մի շարք մոտեցումներ։ Պրեզիդենտն առաջարկեց սառեցված հայտարարել հանրապետական իշխանությունների որոշումները։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ դա չի գործի։ Ուրիշները, եւ ոչ միայն այստեղ հնչած ելույթներով, այլեւ հասարակական կարծիքի մակարդակով ու զանգվածային լրատվական միջոցներով, պահանջում են ուժեղացնել իշխանությունը։ Ցավոք, շատերը «իշխանություն» բառը հասկանում են մեկ՝ ընդ որում դրա երկրորդային, այն է՝ ռեպրեսիվ իմաստով։ Սակայն մոռացվում է ամենագլխավորը՝ իշխանության հիմնական կարգավորիչ գործառույթը։
Որո՞նք են կարգավորման մեխանիզմները.
Խորհրդակցություններն ու ավանդական ժողովներն արդեն ոչինչ չեն տա։
Ուժային մեթոդները, որոնց արդեն անդրադարձա, ցանկալի չեն եւ վտանգավոր են։
Կոորդինացման ինստիտուտը, կարելի է ասել, նույնպես գոյություն չունի։
Պրեզիդենտի հրամանագրերը չեն գործում։
Ուստի միակ մեխանիզմը, որն իմ կարծիքով ապացուցել է իր կենսունակությունը, եւ ամենքդ էլ ձեր փորձով կարող եք դա հաստատել, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ է։ Ճգնաժամային պահին սովորաբար գործում է ինքնապաշտպանության բնազդը կամ վտանգի զգացողությունը, եւ այդ պահին համաձայնությունն իսկապես հնարավոր է դառնում։ Նման համաձայնություն քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջեւ իրականացրել է, հավանաբար, մեզանից յուրաքանչյուրը։ Նման մեխանիզմ մասնավորապես գործում է Ռուսաստանյան Ֆեդերացիայի խորհրդարանում, ինչպես նաեւ Մերձբալթյան երեք հանրապետություններում, որոնք արդեն երկար ժամանակ առաջնորդվում են համաձայնեցված գործողություններով։
Բայց իշխանության ո՞ր մարմինն է այսօր ունակ իրականացնելու կամ գործի գցելու այդ մեխանիզմը.
Միութենական խորհրդարա՞նը. կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ դա անաքրոնիզմ է։ Գերագույն խորհուրդը հրաշալի որոշումներ եւ օրենքներ է ընդունում, որոնք սակայն չեն գործում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, հուսահատվելու հարկ չկա, քանի որ ձեր աշխատանքը իզուր չի կորչում։ Այստեղ համախմբված է մեծ մտավոր ներուժ, եւ ես սա ընդգծում եմ առանց հեգնանքի։ Ձեր ընդունած օրենքներն ու որոշումները դրվում են հանրապետական օրենսդրությունների հիմքում։ Այսինքն՝ դուք հանրապետություններին օգնում եք՝ մշակելու սեփական օրենքները։ Ուստի կարելի է բավարարվել եւ այդ աշխատանքով։
Նախարարների խորհո՞ւրդը. իմ կարծիքով այն տառապում է ամբողջատիրական հավակնոտությամբ եւ այդ պատճառով նոր պայմաններում ունակ չէ իրականացնելու համաձայնության գործառույթը։
Պրեզիդե՞նտը. Ես արդեն այդ մասին խոսեցի, միայն պետք է ավելացնեմ, որ նա նույնպես ի վիճակի չէ իրականացնելու այդ գործառույթը։
Նշանակում է, պետք է գտնել, ավելի ճիշտ, ստեղծել նոր մարմիններ, որոնք ունակ կլինեն ստանձնելու այդ կարգավորող, համաձայնեցնող ինստիտուտների դերը։ Ես ընդհուպ մոտենում եմ կոնկրետ առաջարկությններին եւ մեխանիզմներին։
Միակ հնարավոր բանը, որն իմ կարծիքով, կարելի է անել տվյալ պահին, հետեւյալ երկու պետական մարմինների ստեղծումն է.
— Տնտեսական համաձայնեցման կոմիտե, որը կարող է լինել ժամանակավոր կամ անցումային, եւ որի դերը կարող է կատարել ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահությունը՝ իր կազմում ընդգրկելով 15 հանրապետությունների վարչապետներին։ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահն ըստ այդմ իրավասու է կատարելու այդ 15 մարդու որոշումները։ Հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ է սահմանել այդ մարմնի կարգավիճակն ու աշխատակարգը։
— Քաղաքական համաձայնեցման կոմիտե, որը ձեւականորեն գոյություն ունի։ Դա ԽՍՀՄ Ֆեդերացիայի խորհուրդն է, որի կարգավիճակը, սակայն, իմ կարծիքով, առայժմ ճշտված չէ։ Ես այդ խորհրդի անդամ եմ, բայց չգիտեմ իմ լիազորությունները։ Հայաստանի Գերագույն խորհուրդն ինձ ոչ մի լիազորություն չի տվել այնտեղ որեւէ որոշում ընդունելու կամ փաստաթուղթ ստորագրելու համար։ Անհրաժեշտ է հստակեցնել Ֆեդերացիայի խորհրդի կարգավիճակն այն հաշվով, որ Խորհրդի անդամները կարողանան իրենց հանրապետությունների Գերագույն խորհուրդների անունից որոշումներ ընդունել։ Պետք է ճշտվի նաեւ այդ մարմնի աշխատակարգը. որոշումները կարելի է ընդունել, ասենք, որակյալ մեծամասնությամբ՝ ձայների երկու երրորդով կամ այլ կերպ։
Եւ վերջինը՝ միութենական պայմանագրի մասին։ Ըստ իս, մենք բաց ենք թողել պահը, երբ հնարավոր էր միութենական պայմանագիր կնքել։ Այժմ, կես ճանապարհին, դա իրականացնելն անհնար է։ Հանրապետություններում ընթանում են ինքնիշխանության խորացման, Կենտրոնի եւ հանրապետությունների իրավասությունների սահմանազատման գործընթացներ, եւ, ինչպես ասացի, կես ճանապարհին, անհնար է կնքել այդ պայմանագիրը։ Պետք է թողնել, որ այդ գործընթացները հասնեն իրենց տրամաբանական ավարտին եւ միայն դրանից հետո կնքել միութենական պայմանագիրը։ Դա պետք էր անել կամ ավելի վաղ, քանի դեռ չէր սկսվել հանրապետությունների ինքնիշխանացման գործընթացը, կամ էլ պետք է թողնել այդ գործընթացի ավարտից հետո։
Եթե նման մեխանիզմներ ստեղծվեն, եւ նման պրակտիկան իրեն արդարացնի, հնարավոր է, որ դա ապագայում որոշակիացնի նոր Միության կամ նոր Ֆեդերացիայի իրական ձեւը։
Եթե իմ խոսքում բարոյախրատական ինչ‑որ երանգ հնչեց, ապա ներողություն եմ խնդրում։
Շնորհակալություն ուշադրության համար։ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 153—156:
(շարունակելի)