...

2018-ի հոգեբանական ծանր հետևանքը

2018-ի հոգեբանական ծանր հետևանքը

2018-ից հետո Հայաստանը պատուհասած աղետների թվում է նաև հոգեբանականը:

Ինչ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ էլ կապենք այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», չենք կարող չխոստովանել, որ հասարակության ընդվզման համար եղած պայմանները լիուլի բավարար էին։ Անշուշտ, այդ պայմանները կային նաև 2008-ին։ Սակայն այդ ժամանակ շարժման դեմ ձեռնարկված բիրտ միջոցները դժվար է համեմատել 2018-ի ոստիկանական թավշյա մեթոդների հետ։ Անհնար է աչք փակել նաև օտարների շահագրգիռ միջամտության վրա։ Եվ քանի որ Արևմուտքի արձագանքը շատերդ եք հիշում, կհիշեցնենք ոչ անհայտ Ալեքսանդր Լուկաշենկոյինը։ Այո՛, նրա արձագանքը շատ ավելի խոսուն էր, քան Արևմուտքինը, որովհետև Իլհամ Ալիևի ջերմ բարեկամն այն ժամանակ ի լուր աշխարհի հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը խաբել է իր ժողովրդին, և արդարացրեց «հեղափոխականներին»։ Ինչո՞ւ այսպես վարվեց Բելառուսի խիստ «դեմոկրատ» լիդերը․ պատասխանը գտե՛ք ինքներդ։ Իսկ մենք կարծում ենք, որ սա խոսուն փաստ է՝ ի հեճուկս մեր տնաբույծ «արևմտամետների»։ 

Բայց վերադառնանք հասարակությանը։ «Նախկիններից» հոգնած և 2008-ի բիրտ ճնշումները չմոռացած մարդիկ բնավ չէին պատկերացնում, որ իրենց հաղթանակը երկրի գլխին աննախադեպ աղետներ կբերի։ Շատ-շատերին էր թվում, որ նոր իշխանությունը կազատի երկիրը կոռուպցիայից, անարդարությունից։ Մարդիկ անկեղծորեն հավատում էին, որ իրենց ընտրած իշխանությունը արդարություն է հաստատելու Հայաստանում։ Ավելին, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ շատ շուտով՝ 2020-ին պարտվելու ենք պատերազմում՝ հազարավոր զոհեր տալով և բանակի մեջքը ջարդելով։ Իսկ հետո կորցնելու ենք մեր բոլոր նվաճումները և կանգնելու ենք լինել-չլինելու ծանրագույն խնդրի առջև։

Հետևաբար հասարակության մի զգալի հատված հիասթափված է քաղաքականությունից, ընտրությունից, չի հավատում կամ դժվար է հավատում ոչ միայն քաղաքական կամ ազգային գործիչներին, այլև, որ ամենացավալին է, ինքն իրեն։ Այո՛, գուցե բարձրաձայն չեն ասում, բայց մարդիկ հասկանում են, ընդունում են, որ չարաչար սխալվել են՝ ընտրելով ՔՊ-ին, վստահելով Նիկոլ Փաշինյանին։ Եվ այո՛, շատ-շատերն են հասկանում, որ խաբվել են։ Եվ ահա այս հիասթափությունը՝ սեփական ընտրությանն այլևս չվստահելու ծանր հոգեվիճակն է, որ դժվար է հաղթահարել։ Այնինչ, դա պետք է անել։ Անել այնպես, ինչպես արել են բազմաթիվ ժողովուրդներ։ Վառ օրինակ են գերմանացիները։ Չէ՞ որ Հիտլերը նույնպես իշխանության էր եկել հասարակության ընտրությամբ։ Սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանական մտավոր վերնախավը կարողացավ ամոքել ոչ միայն պատերազմում պարտված, այլև սեփական ընտրությունից հիասթափված գերմանացիների ցավը և հանել նրանց անտարբերության ճահճից։

Եզրակացնենք․ 2018-ի հեղափոխական ընտրությունը մեծ հիասթափություն ծնեց, իսկ հասարակության գիտակից հատվածում՝ նաև սեփական մեղքի զգացում։ 

Կարծում ենք, որ սա կարևոր խնդիր է, և պետք է օգնել մարդկանց, հանել նրանց հոգեբանական այս ծանր վիճակից։ Մեր մտավոր վերնախավը պետք է և կարող է լուծումներ գտնել։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ