...

Նիկոլին ծառայող մատնիչը

Նիկոլին ծառայող մատնիչը

Ստալինյան տեռորը հստակ դերաբաշխում ուներ․ մասսաները «պահանջում էին» պատժել «ժողովրդի թշնամիներին», ժողովուրդների հայրը՝ Ստալինը, կենդանի աստված էր, անքննելի էր, անքննելի էին նաև դատավորները՝ հայտնի «տռոյկաների» անդամները, որոնց անողոք վճիռներով մահվան և աքսորի էին դատապարտվում միլիոնավոր մարդիկ։ Սակայն անգամ «տռոյկաների» վճիռների հիմքում պետք է որևէ գիր լիներ՝ մատնագիր՝ донос։ Մատնիչները տարբեր նպատակներ և պատճառներ ունեին հարևանին, ազգականին, բարեկամին, որևէ այլ անձի քաղբանտարկյալ, աքսորյալ կամ մահապարտ դարձնելու համար։ Մեկին դուր էր գալիս հարևանի կինը, մյուսը նախանձում էր ընտանի կենդանի ունեցող համագյուղացուն, մեկ այլ ոք՝ իրենից գրագետ գործընկերոջը։ Մատնագրեր էին կորզում նաև իրավապահները իրենց ճիրաններում հայտնված քաղբանտարկյալներից։ Մարդիկ, չդիմանալով ֆիզիկական հրեշավոր տանջանքներին, ստորագրում էին իրենց դեմ տված թուղթը։ Հարևանին, բարեկամին, գործընկերոջը մատնագրով այն աշխարհ ուղարկած մարդիկ հաճախ իրենք էլ էին դառնում մեկ այլ մատնիչի զոհ։

Տեղափոխվենք «լուսավոր» ներկա։ Քաղաքական հալածանքը առայժմ աքսորի կամ գնդակահարության չի հասել, բայց իշխանությանն ընդդիմադիր մարդկանց, հատկապես հասարակական մեծ լսարան ունեցողներին քննչական ու դատարան են քարշ տալիս, զրկում ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Դրանով, իհարկե, նաև ահաբեկում են Նիկոլ Փաշինյանին քննադատողներին։ 

Այսօր էլ են դերերը բաշխված։ Իշխանությունն ունի հլու-հնազանդ քննիչ, դատախազ, դատավոր և, իհարկե, մատնիչ։ 

Հետաքրքիր է, սիրելի՛ ընթերցող, թե ում եք պատկերացնում այս բառը լսելիս։ 2008 թ․ մարտիմեկյան դեպքերից հետո քաղաքական բազմաթիվ դատավարություններում հայտնվում էր մի բոմժանման արարած, վկայություն էր տալիս, այսինքն մատնում էր ամբաստանյալներին։ Նրանից անկեղծորեն զզվում էին նույնիսկ մատնություններն օգտագործող քննիչները, դատախազները, դատավորները։ Կարծում ենք՝ ձեր պատկերացրած մատնիչը շատ նման է վերոհիշյալ արարածին։ 

Սակայն այս կերպարի արտաքինը, նույնիսկ կրթական մակարդակը օրինաչափություն չունեն։ Մատնիչի դերում կարող է հայտնվել տարիներ առաջ ընդդիմադիր, գրագետ, բարետես արտաքինով, բարձր պաշտոն ունեցող մեկը։ Այդպես է Էդգար Ղազարյանի դեպքում։ Տհաճ է այսպիսի կերպարանափոխություն տեսնելը։ Մանավանդ որ հայտնի անձը ամոթալի դերում է հայտնվել ոչ թե հարևանի կնոջ կամ կովի վրա աչք տնկելու պատճառով, այլ Նիկոլ Փաշինյանին կամ նրա տերերին ծառայելու «բոցաշունչ» մղումով։

Ամփոփենք՝ նշելով, թե «Հայոց լեզվի հոմանիշների բառարանում» ինչ հոմանիշներ ունի մատնիչ բառը․ ահա՝ դավադիր, դավաճան, դրուժան, լրտես, (հնց․) մատնտու, դեղեղ, սատան։ Հուդա, վասակ։

Հայոց լեզուն ամեն ինչ տեղն է դնում։ Ուրեմն քաղաքական հալածանք իրականացնող քննիչին, դատախազին, դատավորին լրացնում է մատնիչը, որը գուցե ավելի նողկալի դեր է կատարում։

Զարուհի Գաբրիելյան    

ՎԱՐԿԱՆԻՇ

   373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ