...

Ֆրանսիայի դեսպանի անգիտության իրական շարժառիթը

Ֆրանսիայի դեսպանի անգիտության իրական շարժառիթը

(Խոսենք փաստերով)

Սկսենք անցյալ տարվա դեկտեմբերից։ Հիշեցնենք՝ 2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Դ․ Թրամփը։ Եվ սկսվեց։

18․12․2024․ Է․ Մակրոն-Ռ․ Էրդողան հեռախոսազրույց։ «Անադոլու» գործակալությունը հաղորդել է՝ քննարկել են երկկողմ հարաբերությունները և Սիրիայի խնդիրը։

07․02․2025․ Ռ․ Էրդողան-Է․ Մակրոն հեռախոսազրույց։ Քննարկել են տարածաշրջանային խնդիրները և երկկողմ հարաբերությունները։ «Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև երկխոսության ընդլայնումը դրական ներդրում կունենա հարաբերությունների զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Թուրքիան և Ֆրանսիան համագործակցության ներուժ ունեն բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում»։

23․02․ 2025։ Է․ Մակրոն-Ռ․ Էրդողան հեռախոսազրույց։ Թուրքական կողմը հաղորդում է․ «Նախագահ Էրդողանը և նախագահ Մակրոնը, որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների ղեկավարներ, պայմանավորվել են առաջիկա ժամանակահատվածում ավելի համակարգված աշխատել»։

Գանք Հայաստան։

21․ 02․ 2025․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտնվել է քննադատության թիրախում: Օրերս «Ռադիոլուրին» տված հարցազրույցում Օլիվյե Դըկոտինյին ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը ս․թ․ փետրվարի 24-ին։

Դեռ չտեսա՞ք օրինաչափությունը։ Բացատրենք։ Ֆրանսիայի դեսպանն անթաքույց պաշտպանում է Ն․ Փաշինյանի սուտը, թե Արցախն Ադրբեջանի կազմում է «ճանաչվել» դեռ 1991-ին Ալմա Աթայի հռչակագրով։ (Ի հեճուկս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա Ժ․ Բորելի, որը դեռ 2023-ի հունիսին էր ասել՝ «Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն արել է նման հայտարարություն»)։ 

Իհարկե, պրն դեսպանի նիկոլասիրությունը Մակրոն-Փաշինյան «քիմիայով» կամ Օլ․ Դըկոտինյիի, մեղմ ասած, անգիտությամբ պայմանավորելու գայթակղությունը մեծ է, սակայն կարծում ենք, որ դիվանագետին բնավ չսազող այսպիսի վարքը ավելի ծանրակշիռ պատճառ ունի։ Թուրքիա-Ֆրանսիա ջերմացող հարաբերություններն են։ Ալմա Աթայի հռչակագիրը, անկեղծ ասած, բնավ համոզիչ փաստարկ չէ Արցախյան խնդիրն արծարծելիս և Նիկոլ Փաշինյանի դատը պաշտպանելիս։ Մանավանդ որ դեսպանը փաստորեն ջնջում է հենց իր երկրի՝ Մինսկի խմբի համանախագահներից մեկի երեսնամյա ջանքը։ Ինքնաբո՞ւխ է գործում, թե՞ հրահանգ է ստացել։ Հարցի պատասխանն ակնհայտ է․ Ն․ Փաշինյանը դեռ պետք է Ադրբեջանին և Թուրքիային, ուստի կարելի է «մոռանալ» անգամ Ֆրանսիայի պատիվը։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ