...

Առա´ջ, դեպի... չգիտենք ուր

Առա´ջ, դեպի... չգիտենք ուր

Վերջին մեկ-երկու օրվա զարգացումները համառոտ ներկայացնենք, հետո կմտածենք:

1. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց, որտեղ հայտարարեց Հարավային Կովկասից ՌԴ-ի հեռանալու մասին և ակնարկեց, որ ռուսներն այնքան էլ հուսալի դաշնակից չեն:

2. Ռուսաստանը բավական կոշտ պատասխան հայտարարություններ արեց. Երևանին խորհուրդ տվեցին Արևմուտքի գործիք չդառնալ՝ ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու գործում, մանավանդ, ինչպես ռուսներն ընդգծեցին, իրենք այստեղից գնացողն էլ չեն:

3. Ռուսաստանը պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ և գործողություններ կկառուցի հայկական կողմի պատասխանի հիման վրա:

4. Ռուսաստանը հիշեցրել է, որ իր տարածքում ավելի շատ հայ է բնակվում, քան Հայաստանում:

5. Հայաստանը պատերազմից հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, ուկրաինական պատերազմից ի վեր առաջին անգամ։

6.  Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր Կիևում մասնակցելու է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին:

7. Այսօր հայտարարվեց, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

8. Հայաստանը հետ է կանչում ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին: 

9. Ադրբեջանն ուժեր է կենտրոնացնում Հայաստանի սահմանին և Արցախի հետ շփման գծում:

10. Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի հետ։

11. ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։

Սա իրադարձությունների և զարգացումների ընդամենը մի մասն է, ընդ որում՝ բոլորն իրար հետ փոխկապակցված են: Ու շատ հնարավոր է, որ զարգացումները ձնագնդիկի պես թափ հավաքեն: Թևակոխում ենք անկանխատեսելիության նոր դարաշրջան: Եթե մի ժամանակ Արցախն էր աշխարհաքաղաքական կենտրոնների համար կռվախնձոր, հիմա արդեն Հայաստանը: 

Անկախությունից ի վեր երբեք մեր արտաքին քաղաքականությունն այսքան բացահայտ միակողմանիություն չի ցուցաբերել: Երբեք գերտերություններից որևէ մեկի հասցեին նման կոշտ հայտարարություններ չեն արվել: Երբեք այսպես ընդգծված գերտերություններից որևէ մեկի շահերին հարվածող քայլեր չեն իրականացվել: Անկախ նրանից, թե ով է Հայաստանը ղեկավարել, քչից-շատից հավասարակշռված, բալանսավորված քաղաքականություն է տարվել: Հիմա դա էլ պրծավ: 

Առաջիկայում վերոհիշյալ կետերը հա ավելանալու են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ