...

Ճանաչել զբանանս. չհասկացա՞ք

Ճանաչել զբանանս. չհասկացա՞ք

Այս տարվա սկզբին Էկվադորի իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստվում են ԱՄՆ-ին փոխանցել ռուսական և ուկրաինական արտադրության հին տեխնիկա, ընդհանուր 200 մլն դոլար արժողությամբ, որի փոխարեն ստանալու են նույն արժեքի նոր սպառազինություններ:

Օրեր անց Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ին փոխանցվող տեխնիկան իրականում մետաղի ջարդոն է:

Ռուսաստանը չափազանց կտրուկ արձագանքեց Էկվադորի քայլին՝ նշելով, որ այն ոչ բարեկամական բնույթ է կրում: Հերիք չէ, որ ԱՄՆ-ին էին փոխանցելու, մի հատ էլ նախատեսվում էր այդ տեխնիկան հետո տրամադրել Ուկրաինային:  

Մի քանի օր հետո էլ Ռուսաստանի գյուղմթերքների վերահսկողական գլխավոր մարմինը՝ «Ռոսելխոզնաձորը» հայտարարեց, որ Էկվադորից Ռուսաստան բանանի արտահանումը սահմանափակվելու է: Իբր արտահանվող բանանը ստուգել են, մեջն ինչ ասես, որ չեն հայտնաբերել՝ վիրուսներ, բակտերիաներ, որդ-մորդ: Մի խոսքով՝ կյանքի, առողջության համար վտանգավոր բանան է:

Իսկ բանանը Էկվադորի էքսպորտի գլխավոր ապրանքներից է, որի եկամուտները կազմում են այդ երկրի բյուջեի մի զգալի հատվածը:

Եվ ահա փետրվարի 17-ին Էկվադորի իշխանությունները հայտարարեցին, որ հրաժարվել են զինտեխնիկան ԱՄՆ-ին փոխանցել, քանի որ չեն ցանկանում որևէ կերպ ներքաշվել ռուս-ուկրաինական պատերազմում:

Շատերն այս մասին գուցե չեն էլ իմանում, բայց այս պատմությունը հենց այնպես չենք ներկայացրել: Մի հատ նայեք. որտեղ՝ Ռուսաստանը, որտեղ՝ Էկվադորը: Իրարից մի 10-15 հազար կիլոմետր հեռու: Բայց նույնիսկ այդ հեռավորությունը ռուսներին չխանգարեց տնտեսական լծակների միջոցով ազդել Էկվադորի իշխանությունների վրա: Էկվադորցիները շատ արագ հասկացան, թե ինչ վնասներ կկրեն բանանի արտահանման արգելքի դեպքում:

Այս առակն առաջին հերթին մեր իշխանություններին է ուղղված: Եթե ռուսները կարողանում են Էկվադորի դեմ տնտեսական լծակներ օգտագործել, ապա Հայաստանի դեպքում ի՞նչ կարող են անել: Ամեն աստծո օր Ռուսաստան են քլնգում, հակառուսական հայտարարություններ անում, մեղադրանքներ, քարոզչություն: Չենք ասում՝ գնացեք, ռուսների գիրկն ընկեք, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, ձև կա, չեն մտածում, թե իրենց քայլերով ինչ խնդիրներ կարող են առաջացնել Հայաստանի տնտեսության համար: Կոնյակի արտահանման պատմությունը ձեզ հեչ բան չհուշե՞ց: Հակառուսական հռետորաբանության աստիճանը նվազեցրեք, ռուսների հետ աշխատեք: Հա, բարդ գործ է, բայց ավելի բարդ կլինի, եթե ոչինչ չարվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   507 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ