...

Արցախի ԱԺ-ն դիմել է ՌԴ ղեկավարությանը

Արցախի ԱԺ-ն դիմել է ՌԴ ղեկավարությանը

Արցախի ԱԺ-ն միաձայն հայտարարություն է ընդունել, որով անընդունելի է համարել Արցախի համար որևէ այլ կարգավիճակ, քան ինքնորոշումն է։ Հայտարարության հասցեատերերն, ըստ էության, երեքն են․

1․ ՀՀ իշխանություններ, որից պահանջում են հրաժարվել իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից։
2․ Աշխարհասփյուռ հայություն, որին հորդորում են միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին։ 
3․ ՀՀ ԱԺ գործընկերներ, որոնց կոչ են անում չշեղվել ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։

Հայտարարության ամենաուշագրավ հատվածը կամ կոչը վերաբերում է ՌԴ ղեկավարությանը, այն է՝ «մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին՝ շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք»։ 

Ո՞վ կամ ովքե՞ր են շահարկողները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրնե՞րը, թե՞ ՀՀ իշխանությունները։ Հայտարարության այս մասը, թերևս, ամենակարևորն է և սրան անդրադարձներ պիտի որ լինեն։ Արդյոք հենց այս կոչի կիրառական դրսևորումներից չէ՞ այսօրվա հրամանագիրը, որը ստորագրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ դրա՝ սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման խստագույն կանոններ, որոնք մանրամասն նկարագրված են հրամանագրում։ Ըստ էության, Արցախի քաղաքական ղեկավարությունը սկսում է փակել կամ ուժեղ վերահսկողության տակ վերցնել ինֆորմացիոն-քարոզչական դաշտը։ Մասնավորապես հրամանագրի երրորդ կետով արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը: Չափազանց ուշագրավ է, որ տարբերակում չկա քարոզչության աղբյուրի մասով։ Այսինքն՝ կարևոր չէ այդ քարոզչությունը լրագրո՞ղն է արել, քաղաքական վերլուծաբա՞նը, պաշտոնյա՞ն, թե՞ որևէ մեկն առհասարակ։ Ի դեպ՝ Փաշինյանի ելույթից անմիջապես հետո Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Հանդիպումից հետո Հարությունյանի գլխավորությամբ հրավիրվել է հրատապ նիստ Արցախի արտգործնախարարի ու ԱԽ քարտուղարի մասնակցությամբ։ Շարադրված փաստերը ապացուցում են՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը չի կիսում Փաշինյանի դիրքորոշումը։ Սա և՛ հուսադրող է, և՛ վտանգավոր։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ