...

Արցախի իշխանությունն ու հասարակությունը համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախի իշխանությունն ու հասարակությունը համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը չի ողջունվել արցախցիների կողմից։ Ելույթին հետևել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած աշխատանքային հրատապ խորհրդակցությունը, որը բավականին լայն կազմով է անցկացվել՝ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, Արտաքին գործերի նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար և այլն։ Հրատապ խորհրդակցությունը կայացել է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ավելի ուշ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտ քաղաքում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ, որի ժամանակ էլ հայտարարել է․ «Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք՝ ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ՝ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի առաջարկներն անընդունելի են Արցախի համար, ապա հավելել է, որ պետք է շարունակեն ապրել Արցախում՝ ունենալով դե ֆակտո անկախություն և ձգտելով դե յուրե հետագա փոփոխության։ «Դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,- հավելել է Արցախի նախագահը։

Նախ, որտեղի՞ց գիտե Արայիկ Հարությունյանը, որ ռուս խաղաղապահները շարունակելու են անժամկետ մնալ Արցախում։ Սա ենթադրությո՞ւն է, թե՞ պատահական արված ինֆորմացիոն արտահոսք։ Երկրորդ՝ Արցախի նախագահը փաստացի հաստատում է շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախը հնարավոր է միանա ՌԴ-ին։ Ինչո՞ւ ենք օգտագործում «միանալ» բառը. դե, որովհետև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ չեն լինում, լինում են շատ կոնկրետ հարաբերություններ՝ կոնկրետ օրակարգով։ Ուղղահայացի, թե հորիզոնականի տարբերակով՝ այս դեպքում էական չէ։ Ի դեպ՝ մինչ այժմ գոնե հրապարակային հարթակում Փաշինյանին չընդդիմացած Հարությունյանը երեկվա հայտարարություններով հստակ ընդգծում է, որ, մեղմ ասած, համաձայն չէ Հայաստանի վարչապետի հետ։ Ավելին՝ հայտարարությունների ենթատեքստից երևում է, որ Հայաստանի իշխանությունների հետ արցախցիներն այլևս հույս չեն կապում, ուրեմն՝ մնում են ռուսները։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ