...

Եվ այդ մեկ մարդը նա է

Եվ այդ մեկ մարդը նա է

Հաստատված կայունություն՝ ըստ Արցախի նախագահի

Հունվարի 9-ի երեկոյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարկ էր համարել անդրադառնալ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին։ Հայերեն, ապա ռուսերեն գրված ֆեյսբուքյան այդ գրառման մեջ մեր ուշադրությունը գրավեց հետևյալը․ «Ոչ վաղ անցյալում` 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում մենք անհատապես ականատես եղանք ծայրահեղականության և ահաբեկչության ամենադաժան դրսևորումների: Միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում, և, մասնավորապես, ՌԴ վճռական ներդրման ու ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարության շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել պատերազմը, նվազեցնել լարվածությունն ու կայունություն հաստատել մեր տարածաշրջանում»: Զարմացանք, երբ կարդացինք, որ մեր տարածաշրջանում արդեն կայունություն է հաստատվել, բայց մենք՝ չարամիտներս, չենք նկատել «հաստատված կայունությունը»։ Եվ ահա Հարությունյանի գրառումից ժամեր անց «հաստատված կայունությունը» խախտվեց։  

«Հաստատված կայունությունը» խախտվեց գրառումից ժամեր անց

Ադրբեջանը խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից սկսեց թիրախավորել մեր բնակավայրերը։ Մասնավորապես ինտենսիվ կրակահերթերի տակ հայտնվեցին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքները։ Երեկ կրակահերթի հետևանքով հրդեհվել էր քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել էր մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել էին։ Ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել էր նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել էր պատսպարվել և անվնաս հասնել տուն։ Մեկ այլ դրվագ․ երեկ ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր էր արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանի համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Նրանք ավելի քան մեկ ժամ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ: Դարձյալ երեկ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։

Արցախի ԱԳՆ․ մեկ օրում երկու հայտարարություն

Արցախի արտաքին գերատեսչությունը երեկ երկու ժամվա տարբերությամբ երկու հայտարարություն հրապարակեց։ «Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ»,- ասված էր հայտարարության մեջ։ «Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- ասված էր Արցախի ԱԳՆ հայտարարության վերջում։ 

Երկրորդ հայտարարության առիթը Արցախում անկախության հանրաքվեի անցկացման 30-րդ տարեդարձն էր։ 30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում կայացել է համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82 %-ը։ Միջազգային հանրությունը, սակայն չի ճանաչել այդ ընտրությունները։ Եվ ահա այս առիթով արված հայտարարության մեջ Արցախի ԱԳՆ-ն նորից փաստել է․ «Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում»։

Արցախի նախագահն այս առիթով չի խոսել, չի էլ շնորհավորել արցախցիներին։ Առհասարակ նրա և Արցախում գործող տարբեր գերատեսչությունների ղեկավարների հռետորաբանությունը շատ է տարբեր։ Ինչպես այս դեպքում՝ նրա համար «հաստատված կայունություն է», մնացածների համար՝ հայատյաց կամ նացիստական քաղաքականություն։

Հ․Գ․    Այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն, անդրադառնալով վերջին երկու օրերի միջադեպերին, նշել է․ «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը կայուն չէ և ինձ համար ընկալելի է, որ կարող են լինել կրակոցներ»: Փաստորեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան էլ դեռ չի զգում, որ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ