...

Ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունը հասել Երևան

Ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունը հասել Երևան

ՀՀ շարքային քաղաքացիներից շատերի մոտ հարց է առաջացել՝ ինչո՞ւ են երեկ կեսգիշերից սկսած մինչև առավոտ Արցախի իշխանությունները հնարավոր բոլոր մակարդակներով հայտարարություններ անում, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Պատերազմական գործողություններն այս պահին ՀՀ սահմանին են։ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք։ Եվ ուրեմն՝ Արցախում կարող են անհանգստանալ Հայաստանի համար, բայց այդ անհանգստությունը պրոեկտել Արցախի վրա այս պահին՝ առաջին հայացքից անհասկանալի է թվում։ Իրականում, Արցախի և այս ամենի կապն այնքան ակնհայտ է, որ դրա մասին բաց տեքստով անգամ Փաշինյանն է խոսում։  

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, էլի գոհ ու շնորհակալ ենք,  եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 հզր 800 քմ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես հստակ ասում եմ, այն որոշումը, որն ապահովելու է սա, ես հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,- նախօրեին հայտարարեց Փաշինյանը։ Այդ մի «թղթի» բովանդակությունը Արցախն է՝ դրա ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Այդ է պատճառը, որ Արցախն անհանգիստ է։ 

Ժամեր առաջ Արցախի նախագահն է փաստել․ «ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»։

Դրան հաջորդել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը։ «Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ ԱՀ անկախության հարցում անընդունելի են առանց Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու հայտարարություններ, հարցազրույցներ և դիրքորոշումներ հայտնելը»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք»։

Երեկ արցախցիները Ստեփանակերտի հրապարակում էին։ Հանրահավաք էր։ Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներից, հանձնաժողովների նախագահներից և պատգամավորներից բաղկացած   պատվիրակությունը եկել է Երևան։ Նպատակը՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներն են։  

Ո՞վ է հավատացրել արցախցիներին, որ Փաշինյանը թուղթ է ստորագրելու, գուցե նրանց ավելի՞ն է ասվել Փաշինյանի կողմից արվելիք գործողությունների մասին, ի վերջո՝ նրանք ինքնաբուխ, թե՞ ինչ-որ մեկի հորդորով են հասել Երևան։ Պատերազմը Հայաստանում է, բայց Արցախի համար է։ Արցախը չստացվի, դրա փոխարեն բան կա վերցնելու։ Կամ-կամ է։ 

Գոհար Վեզիրյան  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ