...

Արցախի շրջափակումը մեր ուղեղներում է

Արցախի շրջափակումը մեր ուղեղներում է

Ամբողջ աշխարհի աչքի առաջ արցախահայությունը բառիս բուն իմաստով խեղդամահ է արվում, իսկ Հայաստանում զբաղված են բացառապես մեղավորներ փնտրելով։ Ընդդիմությունը Նիկոլին ու «եվրայոնջաներին» է մեղադրում, նիկոլական ուսապարկերի իշխանությունը՝ ռուսներին, նախկիններին, արցախցիներին և այլն։ Ու միասնաբար ընդհանուր տպավորություն են ստեղծում, թե ոչինչ անել հնարավոր չէ, միակ հույսն այն է, որ աշխարհը վերջապես կբացի աչքերը, կհասկանա, որ Ադրբեջանը տեռորիստական պետություն է ու կստիպի բացել ճանապարհը։

Ադրբեջանի «ամենազորության» այս քարոզն իրականում շատ վտանգավոր ինքնախաբեություն է, որովհետև կաթվածահար է անում հասարակությանը և թույլ չի տալիս տեսնել այն պարզ քայլերը, որոնցով հնարավոր է առնվազն մեղմել Արցախի շրջափակումը։ Ընդ որում՝ այդպիսի քայլեր կարող են անել և՛ Երևանի ավագանու ընտրություններ վրա կենտրոնացած իշխանությունները, և՛ արձակուրդ գնացած «տիտղոսակիր ընդդիմությունը»։

Սկսենք իշխանություններից։ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով խոսում է «գնդակահարության պատի տակ կանգնելուց չվախենալու» մասին, ժամանակին էլ ասում էր, թե պատրաստ է հարազատ որդուն փոխանակել հայ ռազմագերիների հետ։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ անձամբ ուղղաթիռ նստի ու մարդասիրական բեռ հասցնի Ստեփանակերտի օդանավակայան։ Թող նախապես հայտարարի այդ մասին, ուղիղ եթերում միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ ուղղաթիռը բարձեն մարդասիրական բեռներով, ինքն էլ նրանցից մի քանիսի ու Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչի հետ նստի ուղղաթիռ ու թռնի։ Պետության ղեկավարն իրավունք չունի՞ վտանգել իր կյանքը։ Շատ լավ, թող իր փոխարեն տիկինը մի մեծ, բրենդային զամբյուղի մեջ լցնի «իր ձեռքով աճեցրած բանջարեղենն» ու հասցնի Ստեփանակերտ։ Ադրբեջանցիները կխոցե՞ն ուղղաթիռը։ Եթե այդքան համարձակություն ունեն՝ թող խոցեն։ Բայց եթե «համարձակ քայլերի» մասին ենք խոսում, ժամանակն է, որ խոսքից անցնենք գործի, որովհետև Արցախում վիճակն իսկապես օրհասական է։ 

Իսկ ի՞նչ կարող է անել արձակուրդ գնացած «տիտղոսակիր ընդդիմությունը»։ Եթե Արցախը շրջափակումից փրկելու հիմնական ռազմավարությունն աշխարհով մեկ աղմուկ բարձրացնելն է, իսկ նիկոլական իշխանություններն ինչ-ինչ պատճառներով դա չեն անում (անգամ Արցախի վիճակը պատշաճ չեն լուսաբանում), ի՞նչն է խանգարում, որ ընդդիմությունը վերջին ընտրություններում իրեն ձայն տված 300 հազար ընտրողների գոնե 20 տոկոսին մոբիլիզացնի և Երևանում 60 հազարանոց հանրահավաք կազմակերպի, որի նպատակը կլինի ոչ թե իշխանություններին հայհոյելը, այլ միջազգային հանրությանը Արցախում տիրող օրհասական վիճակը ներկայացնելը։ Կարո՞ղ են։ Իհարկե։ Կօգնի՞։ Անպայման, որովհետև հնարավոր չէ, որ որևէ մայրաքաղաքում 60 հազարանոց հանրահավաք լինի, և միջազգային լրատվամիջոցները դրան չանդրադառնան։ Իսկ ինչո՞ւ չեն անում։ Որովհետև եթե նպատակն անհապաղ իշխանափոխությունը չի լինելու՝ ուրեմն «մեջը քյար չկա», ու փող ծախսել չարժե։

Դրա համար էլ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը գերադասում են Արցախում տեղի ունեցողը վերածել ձրի «ռեալիթի-շոուի»՝ փորձելով դրանից առավելագույն քաղաքական դիվիդենտներ շահել։ Իսկ այդ ընթացքում և՛ աշխարհը, և՛ Հայաստանի ժողովուրդը կամաց-կամաց սովորում են Արցախից ստացվող ահասարսուռ լուրերին, ու ամեն ինչ սովորական է դառնում։ Աշխարհի համար դա վաղուց է սովորական՝ եթե ինչ-որ տեղ Հարավային Սուդանում կամ Սոմալիում սովից երեխաներ են մահանում, ինչո՞ւ նույնը չի կարող տեղի ունենալ նաև «ինչ-որ տեղ հետխորհրդային տարածքի ետնախորշերում», բայց ցավն այն է, որ մեզ համար նույնպես այդ ամենը կամաց-կամաց սովորական է դառնում։

Մինչդեռ մի քանի պարզ քայլերով հնարավոր է կանխել աղետը։ Եթե, իհարկե, իսկապես ցանկություն կա։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3284 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ