...

Արցախյան շարժումը ազատության համար էր

Արցախյան շարժումը ազատության համար էր

Արցախյան շարժումն արցախահայության իրավունքների համար էր՝ ապրելու, ինքնորոշվելու և սեփական հայրենիքում զարգանալու։

Իհարկե, դժվար ճանապարհ էինք ընտրել 88-ին։ Իհարկե, ոչ ոք հեշտ հաղթանակ չէր խոստանում։ Սակայն գործն սկսված էր։ Հետդարձի ճանապարհ չունեինք։ 

1994 թվականին՝ երկարատև և հյուծող պատերազմից հետո, զինադադար կնքվեց, ընդ որում՝ եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Արցախ։ Այսպես էր։ Այսինքն՝ Արցախի կարգավիճակը շատ բարձր էր։ Թե ինչ եղավ հետո, գիտեք։ Գիտեք, սակայն կրկին հիշեցնենք։ Հետո հանուն ազատության և ինքնորոշման մղվող պայքարը քիչ համարեցին մեր տնաբույծ ստրատեգները։ Քիչ համարեցին և անհաշտ կռիվ հայտարարեցին պարտվողականության դեմ։ Պարտվողականն էլ Հայաստանի Հանրապետության հաղթող նախագահն էր իր թիմով։ Որովհետև 1997-ին առաջարկում էր արժանապատիվ խաղաղության հասնել, որովհետև զգուշացնում էր, որ հետագայում չենք ստանալու այն, ինչ կարող ենք ունենալ, երբ դեռ հաղթող կողմ ենք, դեռ ուժ ունենք։ Բայց ո՞ւմ էր ասում։

Հաղթանակի էյֆորիայից կուրացած մտավորականությունը ծովից ծով Հայաստանն էր ուզում՝ ծայրահեղ դեպքում համաձայնելով Սևրի դաշնագրին։ Ի դեպ, սա նույն մտավորականությունն էր, որ հաղթական պատերազմի տարիները հորջորջել էր «ցրտի ու մթի»։ Պարադո՞քս է։ Բնավ ոչ։ Քանի որ սովետական մտավորականությունն այդպես էլ չհասկացավ ազատության իմաստը, չհասկացավ, որ այն գին ունի։ Եվ իհարկե, չհասկացավ, որ փոխզիջումներով հնարավոր էր պահպանել Արցախի հայկականությունը և հետագայում ավելիին հասնելու հնարավորությունը։ 

Քաղաքական վերնախավը, ավելի ճիշտ՝ հայտնի եռյակը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, արցախյան խնդիրն օգտագործեց պալատական հեղաշրջման նպատակով։ Ստացվեց։ Հայ մտավորականները, քաղաքական գործիչներն ու վերլուծագանգերը արագորեն լծվեցին իշխանազավթների քարոզչության գործին՝ ոչնչացնելով Արցախի ազատության գաղափարը և նսեմացնելով մեր պետության դերը։

Ինչպե՞ս։ Այսպես։ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը միայն իրենց վերագրեցին՝ ջնջելով Հայաստանի իշխանության, հատկապես Նախագահի դերը։ Ավելին, նրանք այնքան էին տարվել «Շուշին գրավել են Լևոն Տեր-Պետրոսյանի ինադու» ախմախ գաղափարով, որ չէին հասկանում, թե ինչպես են հարվածում հայոց պետական բանակին։ Ըստ սրանց պատումի՝ հաղթանակը միայն կիսաֆիդայական ջոկատների շնորհքն էր։

Կրկնենք, ոչ մի տարօրինակ բան չկա։ Հանուն իշխանության՝ ոտնատակ արեցին պետությունը, որովհետև այդպես էլ չհասկացան, թե ինչ է պատերազմը։

Հիմա էլ չեն հասկանում։ Նույն պատումն են շրջանառում թե՛ քոչարյանականները, թե՛ փաշինյանականները։ Միմյանց մեղադրում են հող հանձնելու համար։ Եվ ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ պատերազմը միայն ռազմի դաշտով չի սկսվում և ավարտվում։ Պատերազմը ամբողջ պետության օրգանիզմն է ստուգում՝ տնտեսությունից սկսած, դիվանագիտությամբ ավարտած։

Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ նորանկախ Հայաստանը կարողացավ հաղթանակ արձանագրել, իսկ գրեթե երեսունամյան՝ ո՛չ։ Հարցը, անշուշտ, հռետորական է, բայց կպատասխանենք մեկ տողով։ Որովհետև 90-ականների սկզբին պետության իշխանությունը շատ լավ էր հասկանում, թե ինչ է պատերազմը, իսկ 2020-ին դրանից հասկացող չկար։ Որովհետև 98-ից սկսած՝ նենգափոխել էիք ազգային նպատակը՝ հայ քաղաքական միտքը շպրտելով դեպի 19-րդ՝ անպետություն դար, և իհարկե, որովհետև Նիկոլ Փաշինյանը ճիշտ ձեզ նման չէր ուզում դավաճան կոչվել։

Եվ այնուամենայնիվ, Արցախյան շարժումն ազատության համար էր, իսկ այսօրվա անկումը այդ շարժման գաղափարը նենգափոխելու արդյունքն է նաև։

Զարուհի Գաբրիելյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   318 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ