ՔՊ-ականների ստեղծած ՓԱԲ-ին (փաշինյանամոլների արհեստական բանականություն) ուղղեցինք հերթական հարցերը։ Պատասխանները ներկայացնում ենք առանց խմբագրման։
- Ի՞նչ է իրենից ներկայացնում կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը։
- ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ սկսել է պայքարել դեռևս լրագրողական գործունեության տարիներին՝ ակտիվորեն բացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների կոռուպցիոն սխեմաները և սպառնալով հրապարակել դրանք, եթե թալանի որոշ մասը չվերադարձվի ժողովրդին՝ ի դեմս ապագա ժողվարչապետի։ Այդ պայքարը, սակայն, համակարգային բնույթ է ստացել միայն 2018 թ․ թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունից հետո։
Ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարն ընթանում է հետևյալ սխեմայով։
Որոշակի բարեգործական հիմնադրամների կամովին աջակցություն ցուցաբերելուց հրաժարված կոռուպցիոներների նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվում՝ գույքի և ֆինանսական միջոցների առգրավման պահանջով,
Առգրավված գույքն աճուրդով վաճառվում է «Իրական Հայաստանի» զարգացման երազանքով տոգորված բարեխիղճ գործարարներին,
Առգրավված ֆինանսական միջոցներն ուղղվում են պետբյուջե և հետագայում տրվում կոռուպցիայի դեմ պայքարում առավել աչքի ընկած պաշտոնյաներին՝ որպես պարգևավճար կամ աշխատավարձի բարձրացման պիլոտային ծրագիր,
Պետության համը զգացած, բայց դրանից դասեր չքաղած կոռուպցիոներների՝ հանցավոր ճանապարհով կուտակած հարստությունը հռչակվում է «Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի ֆինանսավորման աղբյուր» և առգրավվում պարզեցված ընթացակարգով,
«Իրական Հայաստանի» թշնամիներին տեղեկություններ չտրամադրելու նպատակով ՀՀ պետբյուջեի ծախսերի մեծ մասն իրականացվում է կառավարության «գաղտնի» կամ «չզեկուցվող» ընթացակարգերով։
Եթե ցանկանում եք՝ կարող եմ ավելի հանգամանորեն ներկայացնել համակարգային կոռուպցիայի դեմ պայքարում աչքի ընկած այն պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, որոնց ունեցվածքը թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունից հետո ավելացել է հարյուր անգամից ավելի քիչ։
- Ի՞նչ է իրենից ներկայացնում «Զանգեզուրի միջանցքը»։
- Հայաստանի Հանրապետության տարածքում «Զանգեզուրի միջանցք» անվանումով տարածք չկա, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում, թե ինչպես անվանի իր տարածքի առանձին հատվածները կամ ենթակառուցվածքները։ ՀՀ տարածքում այդ ենթակառուցվածքները կոչվում են «Թրամփի ուղի», իսկ եթե որևէ այլ երկիր ուրիշ անվանում է օգտագործում՝ դա այդ երկրի սուվերեն իրավունքն է։
«Թրամփի ուղին» երկաթուղային, ավտոմոբիլային, խողովակաշարային, էներգետիկ և մալուխային կապուղիների ամբողջությունն է, որով Ադրբեջանի հիմնական մասն անխոչընդոտ կապ է ապահովելու Նախչավանի հետ։ Թրամփի ուղին իրականություն է դառնում ի հեճուկս Ադրբեջանի, որը երկար ժամանակ կտրականապես դեմ էր այդ անխոչընդոտ կապին, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմաստուն քաղաքականության շնորհիվ ռազմավարական պարտություն կրեց։ Ընդ որում՝ հայկական կողմը պնդել և ի վերջո դիվանագիտական ահռելի ջանքերի գնով հասել է նաև նրան, որ այդ ուղով անցնող մեր բարեկիրթ հարևանները հանկարծ ՀՀ որևէ պաշտոնյայի հետ ֆիզիկական կոնտակտ չունենան, և ընդհանրապես՝ հայի երես չտեսնեն։ Դա, բնականաբար, արվել է երկու հասարակությունների միջև վստահության վերականգնման շրջանակներում։
ՀՀ իշխանությունների փայլուն դիվանագիտական նվաճումներից է նաև այն, որ Հայաստանը նույնպես որոշակի մասնաբաժին է ստանալու հնարավոր եկամուտներից։ Ավելին՝ չի բացառվում, որ ՀՀ քաղաքացիները նույնպես հնարավորություն ստանան օգտվել Թրամփի ուղուց և անգամ անխոչընդոտ կապ հաստատեն Իրանի հետ՝ առանց ադրբեջանական պաշտոնյաների հետ ֆիզիկական կոնտակտի։
Շարունակելի