...

Արհեստական բանականություն՝ ըստ Նիկոլի

Արհեստական բանականություն՝ ըստ Նիկոլի

Մեր տեղեկությունների համաձայն՝ Հայաստանը թվային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային կենտրոն հռչակելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է նաև արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված զուտ հայկական հարթակ ստեղծել՝ բացառապես իր սիրելի ընտրազանգվածի համար։ Հարթակն այդպես էլ կոչվելու է՝ ՓԱԲ (փաշինյանամոլների արհեստական բանականություն)։ Նիկոլ Փաշինյանի գործունեությամբ հիացած հպարտ, բայց (կամ՝ հետևաբար) ծանծաղամիտ քաղաքացիները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ՓԱԲ-ին և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Լրագրողական հետաքննության շրջանակներում մեր աշխատակիցներից մեկը որոշեց ներկայանալ որպես նիկոլական և մի քանի հարց ուղղել ՓԱԲ-ին։

Ստորև ներկայացնում ենք հարցերն ու պատասխանները։

- Ի՞նչ էր, ի վերջո, 44-օրյա պատերազմը։

- 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը։ Դա զինված բախում էր հայկական և ադրբեջանական բանակների միջև, որը հրահրել էին Հայաստանի նախկին հանցավոր իշխանությունները՝ դեռևս 30 տարի առաջ։ Պատերազմն ավարտվել է Հայաստանի լիակատար հաղթանակով, որովհետև այդ պատերազմի արդյունքում Հայաստանը, գերագույն-գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, կարողացել է կտրել Հայաստանի ինքնիշխանության վզին կապված թոկը։ 

Պատերազմն ընթացել է փոփոխական հաջողություններով։ Առաջին օրերին պատերազմի ընթացքն այնքան էլ հաջող չի եղել Հայաստանի համար, որովհետև ադրբեջանական բանակը չէր կարողանում ճեղքել հայկական պաշտպանական բնագծերը։ Բայց հետագայում Նիկոլ Փաշինյանի մի քանի ռազմավարական որոշումների (մասնավորապես՝ մոբիլիզացիան կասեցնելու, հակառակորդի օդանավակայանները հօդս ցնդեցնելու և օդուժը զգետնելու, «գյոռբագյոռ» օպերացիայի, և վերջապես՝ «Իսկանդեր» տակտիկական հրթիռները հայկական բերդաքաղաքի դեմ օգտագործելու) շնորհիվ իրավիճակը փոխվել է։ Հայաստանը կարողացել է կտրել իր ինքնիշխանության վզին կապված թոկը։ Եվ դա ամրագրվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որն Ադրբեջանի համար փաստացի կապիտուլյացիա էր, որովհետև այդպիսով Հայաստանը դառնում էր լիարժեք ինքնիշխան պետություն։ Սա է պատճառը, որ մենք, ինչպես իրավացիորեն նշել է վարչապետ Փաշինյանը, պիտի հպարտանանք 44-օրյա պատերազմի արդյունքներով։

Իսկ ահա Ադրբեջանը լուրջ հաջողություններ չի արձանագրել։ Նրանք, մեծաթիվ զոհեր տալով, կարողացել են վերահսկողության տակ առնել ընդամենը ՀՀ ամայի և անբնակ տարածքների մի չնչին մասը։

Եթե ցանկանում եք՝ կարող եմ ավելի հանգամանորեն ներկայացնել 44-օրյա պատերազմը և ցույց տալ, թե հետագայում ինչպես են պատժվել բոլոր նրանք, ովքեր փորձել են պայքարել այդ պատերազմում Հայաստանի լիակատար հաղթանակի, այն է՝ մեր ինքնիշխանության վզին կապված թոկը կտրելու դեմ։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում Եկեղեցու բարենորոգումը։

- Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ինքնիշխանության դեմ թշնամական ուժերի սանձազերծած հիբրիդային պատերազմին դիմակայելու հայրենանվեր գործընթաց է։ Այն ուղեկցվում է քարոզչական հարձակումներով, որովհետև թշնամական (1700 տարի շարունակ ռսաստրուկ ԿԳԲ-ի համար աշխատող) քարոզչությունը փորձում է հարցն այնպես ներկայացնել, թե իբր փաստացի արտաամուսնական կապի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը պայքարում է կուսակրոնության ուխտը խախտած Կաթողիկոսի դեմ։ Իրականում սա պայքար է հանուն Հայաստանի ինքնիշխանության, որովհետև մի կողմում ռսաստրուկ Կաթողիկոսն է, մյուս կողմում՝ արևմտյան ժողովրդավարության արտադրության «Բենթլիների» սեփականատերերն ու իրենց երկրային ունեցվածքը արևմտյան արժույթներով պահողները։

Ցավոք՝ Եկեղեցու բարենորոգումն ընթանում է ուժային կառույցների և դատաիրավական համակարգի անմիջական մասնակցությամբ, որովհետև հակառակ դեպքում ՀՀ վարչապետը չէր կարող անձամբ մասնակցել պատարագների և անձնական ներդրում ունենալ Եկեղեցու բարենորոգման գործընթացում, իսկ հայրենանվեր հոգևորականները չէին կարող ազատորեն շրջել ինքնիշխան Հայաստանում՝ թշնամական ահաբեկչական կառույցներից եկող սպառնալիքների պատճառով։

Եթե ցանկանում եք՝ կարող եմ ավելի մանրամասն ներկայացնել Եկեղեցու բարենորոգմանը նվիրված հոգևորականների բարոյական նկարագիրը և ունեցվածքը։

ՓԱԲ-ին հարցրել ենք նաև, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Կոռուպցիայի դեմ պայքարը», «Կրթվելը նորաձև է» շարժումը, «Զանգեզուրի միջանցքը», «Իրական Հայաստանը», և այլն, բայց պատասխաններն առայժմ չենք ստացել։ Երևի մշակման փուլում են։ Ստանալուն պես կներկայացնենք։  

Այնպես որ՝ «շարունակելի»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   36 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ