...

Արտակարգ բերքն ու վրդովված խաղողագործները

Արտակարգ բերքն ու վրդովված խաղողագործները

Առատ բերք է սպասվում

«Այս տարի խաղողի արտակարգ բերք ունենք»,- «ՉԻ»-ի հետ զրույցում հայտարարեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի եղանակային պայմանները խաղողի օգտին են՝ բերաքատվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարձր է: Խոսելով անցյալ տարվա բերքատվության ցուցանիշներից՝ Սարգսյանը նկատեց, որ նախորդ տարիների պես խաղողի մթերման տվյալները կեղծել են:

«Այն թվերը, որ մենք կանխատեսել էինք, 3 անգամ կեղծել են: Անցյալ տարի մենք կանխատեսել էինք մինչև 70000 տոննա բերք: Բայց պետության կողմից հայտարարված թվերն իրականությունը չեն համապատասխանում: Դեռ 3 ամիս ունենք խաղողի բերքահավաքին, եթե այսպես ընթանա, բարձր բերք կունենաք»,- նշեց նա:

Գարնանային ցրտահարությունը վնասել է խաղողի վաղահաս բերքը: Խաղողագործների միության նախագահի հաշվարկով՝ գինու և կոնյակի արտադրության տեսակների բերքը զգալի վնասներ չեն կրել: Իսկ եթե առաջիկայում բնությունը շարունակի բարեհաճ գտնվել, քամի և կարկուտ չանի, խաղողի բերքը նախորդ տարվանից առատ է լինելու:

Վարչապետի հետ Արարատի մարզ այցելած Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ այս տարի անձրևներից խաղողի տերևները, նաև խաղողը ծակոտկեն են. որակյալ բերքը քիչ է:

Խաղողագործն ասում է՝ տևական անձրևները մի քանի պտղատեսակների բերքին վնասներ են հասցրել, բայց վստահեցնում է՝ խաղողը չի տուժել:

«Խաղողը դեռ ծաղկած չի, որտեղից կարող են ասել՝ որակյալ խաղող կա, թե՝ ոչ: Գյուղացիների խնդիրները պատկան մարմիններին անծանոթ են: Վարչապետի հետ գնում են նկարահանվելու համար»,- նկատեց մեր զրուցակիցը:

Վարչապետը հանգստացրել է խաղողագործներին

Անցած տարի խաղողը մթերվել է 130-150 դրամով: Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգստացրեց խաղողագործներին՝ նշելով, որ այս տարի էլ մթերման գինը նորմալ է լինելու: Իսկ հանդիպման ներկա խաղողագործներից մեկի խոսքով՝ թեև կոնյակի գործարանը այս տարի պատրաստ է իրենից խաղողը մթերել 150 դրամով, սակայն պայմանագրով նախատեսված 20 տոննայի փոխարեն պատրաստ է մթերել միայն 10 տոննա:

Տեղեկանալով առատ բերքի մասին՝ Փաշինյանն անհանգստություն էր հայտնել, թե այդ դարդից ո՞նց ենք պրծնելու:
Արտակ Սարգսյանն ասում է՝ բերքը գլխացավանք չի դառնա, եթե խաղողագործն ու վերամշակող ընկերությունը երկարաժամկետ փոխշահավետ պայմանագրեր կնքեն:

«Գործարանների մեծ մասը, ժողովրդական լեզվով ասած, արջի քուն մտած են: Սպասում են, տեսնեն, խաղողի գինն ինչքան կլինի, որ գին ասեն, 10 կիլոգրամ մթերեն, գրեն՝ 10 տոննա: Այս իրավիճակը չի փոխվել, սա պետք է փոխվի: Միայն կոնյակի գործարանի մասին պետք է խոսքը չգնա: Հայաստանում կա 87 ձեռնարկություն: Մենք մերկապարանոց ձևով դիմում ենք կոնյակի գործարանին: Այս գործարանը, կառավարության տվյալներով, հանրապետության խաղողի 25-30 տոկոս է գնում, 70 տոկոսի գնողները մնացած վերամշակող ընկերություններն են»,- մատնանշեց նա:

Իսկ վարչապետ Փաշինյանը գյուղատնտեսության ոլորտում հեղափոխություն է համարում այն, որ գյուղացին բարձրաձայնում է իր գիտելիքի պակասի մասին:

«Գիտելիք ունեցողը ֆիզիկոս է լինում, գիտելիք ունեցողը վարչապետ է լինում, գիտելիք ունեցողը պատգամավոր է լինում: Յուրաքանչյուրս մեր գործում մեր չափ գիտելիք ունենք, դա ի՞նչ ասելու բան է: Էկոնոմիկայի նախարարի տեղակալները նույնիսկ այդ գիտելիքները չունեն՝ չգիտեն, թե ինչ է գյուղատնտեսությունը: Չգիտեն՝ ոռոգումն ինչ բան է, վեգետացիա ինչ է, բերքահավաք ոնց ապահովեն»,- վրդովվեց Արտակ Սարգսյանը:

Մտածողություն պետք է կառավարությունը փոխի

Խաղողագործների միության նախագահի կարծիքով՝ գյուղատնտեսության ոլորտում մտածողության փոփոխություն պետք է կառավարությունն անի՝ ոլորտի զարգացմանը հստակ քայլեր առաջարկելով:

«Այս ոլորտում անհրաժեշտ են ներդրումների տեսքով ցածր տոկոսներով վարկեր: Խաղողագործության ոլորտին անհրաժեշտ է հակակարկտային հրթիռային կայանների ներդրում, որ ասեցին ու չարեցին: Ոռոգման գերժամանակակից համակարգ: Հին ոռոգման համակարգը պետք է արդիականացվի: Մենք ներտնտեսային ցանց չունենք, որն ազդում է բերքատվության ցուցանիշների վրա: Գյուղատնտեսության ոլորտում արդիականացման կարիք ունի նաև տեխնիկան: Դրա հետ մեկտեղ, բերքատվություն բարձրացնող տարբեր տեսակի պարարտանյութեր պետք է տրամադրվեն մատչելի եղանակով»,- կարևորեց փորձագետը:

Այս փոփոխություններին զուգահեռ, Սարգսյանը խաղողի մթերման գործում կարևոր տեղ է տալիս նաև պետության վերահսկողությանը: Նրա խոսքով՝ հսկողության տակ պետք է պահել մթերման գործընթացը, որ թվերը չկեղծվեն, ստվերային դաշտը նորից չծաղկի՝ շուկան լցնելով կեղծ կոնյակի սպիրտով:

Իսկ արտոնությունների՝ հակաճգնաժամային փաթեթներից խաղողագործները չեն կարողացել օգտվել՝ շեշտում է Խաղողագործների միության նախագահը: Շատերին արտոնյալ տոկոսով վարկերն անհասանելի են եղել, օգտվել ցանկացողները քաշքշուկների մեջ են ընկել:

«Գնում ես բանկ, ասում է՝ օնլայն դիմիր: Օնլայն դիմում ես, ասում են՝ արտակարգ իրավիճակ է, չենք կարողանում գալ, ձեր տնտեսության վերլուծությունն անել, որ վարկ ձևակերպենք: Բայց այդ անտոկոս վարկերն ո՞ւմ են հասել: Արտակարգ դրությանը դեռ շաբաթներ կան, իսկ խաղողն այդքան չի սպասում, խաղողագործը ո՞նց մշակություն անի»,- հարց բարձրացրեց խաղողագործը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1760 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ