...

Հարկերը չեն կարողանում վճարել

Հարկերը չեն կարողանում վճարել

Վարունգի վաճառքը «կանգնած» է

Համայնքի ղեկավարները հարկերը չեն կարողանում հավաքել:

Համավարակը կտրուկ նվազեցրել է Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի բյուջեի մուտքերը: Հարկ ու տուրք վճարողները չեն շտապում հարկային պարտավորությունները կատարել: Սեպտեմբերի մեկի դրությամբ դեռ չեն կարողացել 50 տոկոսի շեմը հատել: Այս պահին սեփական եկամուտների 100 տոկոս կատարողականի միայն մոտ 35 տոկոսն են կատարել:

Համայնքի ղեկավար Մանվել Բաբայանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի էլ այս ժամանակաշրջանում նույն պատկերն էր: Նրա խոսքով՝ համագյուղացիները չեն թերանում, պարզապես ֆինանսապես ի վիճակի չեն վճարումները պարտաճանաչ կատարել:

Ամբերդ համայնքի ղեկավարը, սակայն, հույս ունի, որ տարվա ավարտին գլուխը կախ չի մնա՝ հարկերը կհավաքագրի, քանի որ բերքահավաքից հետո է գյուղացիների ձեռքին փող լինում:

«Գույքի՝ մեքենաների, հարկն են վճարում, քանի որ դա էլ ստիպված են կատարում, հակառակ դեպքում, չեն կարողանա ավտոմեքենաներն օգտագործել: Մյուսներն էլ կամաց-կամաց ջրի ու հողի վարձն են տալիս, մի քանի անպարտաճանաչ վերջում մնում են: Նրանց գործերն էլ դատարաններում են՝ չգիտենք, թե հետներն ինչպես վարվենք»,- ասաց նա:

Ամբերդցիները կարողանում են հողի ու ջրի հարկ վճարել՝ գյուղատնտեսության միջոցով գոյացած գումարներով: Չնայած խաղողն առատ է, բայց մթերման ճակատագիրն է անհայտ: Այստեղից դեռ մթերում չի կատարվել, վերամշակող ընկերությունները կոնկրետ գին չեն առաջարկել: Սակայն, խոսակցություններ են շրջանառվում, որ խաղողը գործարանները կմթերեն կիլոգրամը 130-140 դրամով:

Հողագործները խնդրի առաջ են կանգնած նաև վարունգի բերքի իրացման հարցում: Մանվել Բաբայանի խոսքով՝ վարունգի վաճառքը գրեթե «կանգնած» է: Ամբերդում այս սեզոնին վարունգ շատ են մշակել, շուկայում՝ լճացում է եղել: Միայն իրենց համայնքում մոտ 7 հեկտար վարունգ են ցանել:

«Մեծ վարունգն ընդհանրապես չի ծախվում, դաշտից կիլոգրամը 30-40 դրամով ենք վաճառում: Շուկայում էլ 80 դրամով ենք տալիս, բայց գնող չկա: Վարունգը փչանում է: Մանրերն է մի քիչ վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով: Մանրերն էլ շատերը չեն հավաքում՝ կիլո դուրս չի գալիս: Անցյալ տարի, օրինակ, վարունգը 300 դրամով ենք վաճառել»,- նշեց նա:

Բաբայանն ասում է, որ շատ են այս տարի վարունգ աճեցրել, շուկայում՝ լճացում է եղել: Միայն իրենց համայնքում մոտ 7 հեկտար վարունգ են ցանել:

10 հոգու է հաջողվել խոպան գնալ

Լոռու մարզում էլ են հարկերը դժվարությամբ հավաքում: Մեծ Պարնի համայնքում հարկերը 68 տոկոսի չափով են հավաքագրել:

«Համայնքում 43 մլն դրամի հարկի պարտքեր կան: Դրա մեջ մտնում են 1992 թվականի արտագաղթածերը, միայնակ ծերերը, որոնք մահացել են, և այս տարիների հարկերը կուտակվել են»,- ներկայացրեց համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը:

Այստեղ աշնանն են բնակիչները պետության նկատմամբ պարտավորությունները կատարում: Տարեվերջին բոլորը հարկերը տվել են, երբ ՌԴ-ից արտագնա աշխատանքի մեկնածներն են վերադարձել: Այս տարի նույնը չի լինի, քանի որ Մեծ Պարնիից գրեթե ոչ ոք խոպան չի գնացել:

Յուրաքանչյուր տարի համայնքի 130 ընտանիքներից առնվազն մեկ-երկուսը խոպան են գնում: Փակ սահմանների պատճառով 10 խոպանչի է համայնքից դուրս եկել:

Տեղում մնացածների մի մասը շինարարական աշխատանքների միջոցով է գումար վաստակում: Համայնքում աղետի գոտու վերականգնման ծրագրով 12 տուն է կառուցվում: Մոտ 48 տղամարդ ներգրավված է այդ աշխատանքներում: Մյուս մասն էլ հող է մշակում, բայց այս հարցում էլ բախտները չի բերել: 260 հեկտար ցորենը չի ծլել՝ գարնանային ցրտահարության պատճառով:

«Կարտոֆիլի նորմալ բերք ենք սպասում, բայց հացահատիկը վատ է եղել, որովհետև 640 հեկտարից 260-ը ցրտահարվել է 50 և ավելի տոկոսով: Մենք համապատասխան հանձնաժողով ենք ստեղծել, վնասի չափը ճշտել և ուղարկել մարզպետարան: Իրենք էլ կազմված արձանագրությունն ուղարկել են կառավարություն: Մինչև այս պահը, սակայն, ոչ մի պատասխան չեն տվել»,- մատնանշեց համայնքի ղեկավարը:

Գույքահարկի նոր օրենքը՝ դժգոհության առիթ

Ծանր վիճակում են Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչները: Հողագործության համար եղանակային պայմաններն էին անբարենպաստ: Կարկտահարության պատճառով ցանքատարածությունները տուժեցին: Ախուրյան բնակավայրում մոտ 500 հեկտար կարտոֆիլի ցանքսը վնասվել է: Կարկտահարվելուց հետո, կարտոֆիլը փտել է: Վնասված բերքը կիլոգրամը 65 դրամով են վաճառում:

«Անցյալ տարի դաշտից կարտոֆիլի կիլոգրամը 120 դրամով են տարել: Այս տարի կարտոֆիլի բերքն առատ է: Մյուս բնակավայրերում, որտեղ բերքը բնական աղետներից չի տուժել, կիլոգրամը 100-110 դրամով են վաճառում: Մեզ մոտ էլ, եթե կարկուտ չգար, լավ բերք կլիներ»,- նկատեց համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:

Ախուրյանի բնակիչների մեծ մասը անցած տարիներին արտագնա աշխատանքի միջոցով է հաց վաստակել:

Առանց բերքի և աշխատանքի մնացած ախուրյանցիները հարկերը վճարելու հնարավորություն չունեն: Համայնքի ղեկավարի խոսքով՝ ամենադժվարը շինությունների գույքահարկն են տալիս: Ասում է, երբ ԱԺ-ի կողմից ընդունված գույքահարկի բարձրացման մասին օրենքն ուժի մեջ մտավ, բնակիչների վիճակն էլ ավելի է ծանրանալու: Ախուրյանի տների միայն 5 տոկոսն է հարկվում:

«Մարդիկ սովոր են, որ իրենց գույքը չի հարկվում, իսկ նոր օրենքով լրացուցիչ բեռ է ավելանալու, ինչը դժգոհության առիթ է դառնալու, որովհետև չեղած տան հարկը պետք է վճարեն: Գյուղական բնակավայրերում բնակարանները թանկարժեք չեն, բավական ցածր արժեք ունեն, իսկ հիմա դրանց համար պետք է հարկ վճարեն: Բնակիչները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ