...

Արյան ծարավ չէր, փառքի մեռած էր

Արյան ծարավ չէր, փառքի մեռած էր

«Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր այդ հայտարարությանն արձագանքել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ «Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով էս ...., քեզ ներում չկա, դու ինքդ ասացիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն: Հ.Գ. Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանում ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է»,- նշել է Ալբերտի հայրը:

Ալբերտը զոհվեց հոկտեմբերի 8-ին։ Մինչ այդ նրա լուսանկարը հայտնի դարձավ․ շատերն էին իրենց սոցիալական մեդիայի պատերին դնում այդ նկարը։ Լրատվամիջոցների էջերն էլ ողողված էին Ալբերտի հայտնի լուսանկարով, որը խորհրդանշում էր առաջնագծի մեր տղաների ոգին։ Ալբերտը «Քվանտ» վարժարանում էր սովորել, հետո ընտրել էր քաղաքագետի մասնագիտությունը։ Նա ապագա քաղաքագետ էր լինելու։ Ալբերտի հայրը իր մեքենան նվիրեց հայոց բանակին։ 

Արտակ Հովհաննիսյանը զուսպ և լուռ տառապող տեսակ է։ Հանդիմանանք չենք լսել, կողմ չի դարձել, լռել է՝ ամեն ինչ անելով, որ իր հետ տառապանքի ճանապարհն անցնող ծնողները շարունակեն ապրել։ Պատկերացրեք՝ դրա մասին լայվեր չի արել, ոչ մեկին չի քծնել, ոչ մեկից որևէ ակնկալիք չի ունեցել։ Ես չեմ ճանաչում Արտակ Հովհաննիսյանին, և իմ այս կարծիքը նրա հրապարակային գործունեության ընթացքում է ձևավորվել։ Այս գրառումը պարզապես որդեկորույս հոր գրառում չէ, այն հավաքական գնահատական ու վերաբերմունք է երեկվա ելույթի վերոնշյալ հատվածի մասով։ Ցինիզմ է կանգնել ու երկրի գլխավոր ամբիոնից հայտարարել, թե կարող էի կանխել, բայց չարեցի։ Ու չի շարունակում՝ ասելով, որ չեմ արել, որովհետև փառքի մեռած էի, որովհետև կասեիք՝ հող հանձնող, իսկ ես պատասխան չէի ունենա։ Հազարավորների կյանքն է եղել Փաշինյանի՝ պատասխան ունենալու գինը։ Եվ սա չի կարող թշնամանք չհարուցել ու թշնամանք չգեներացնել, անկախ նրանից՝ քո զավակն է այսօր Եռաբլուրում, թե քո ճանաչած կամ չճանաչած մեկի։

Գոհար Վեզիրյան 

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ