Հանրային տրանսպորտի, մեղմ ասած, վատ աշխատանքի մասին բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում: Գերբեռնված ավտոբուսներ, ժամերով կանգառներում սպասող քաղաքացիներ, կոպիտ վերաբերմունքով ինքնահաստատվող վարորդներ:
Այս անգամ, սակայն, խնդիրն այլ է․ պարզվում է` հանրային տրանսպորտի ոլորտը շատ ճկուն է հատկապես տարատեսակ աճպարարությամբ մարդկանց աչքերը փակել փորձելու հարցում: Երեկ առավոտյան, ժամը 10.20-ի մոտակայքում, շրջանցելով Աջափնյակի Լուկաշին, Մարտիրոսյան փողոցների կանգառներում շուրջ մեկ ժամ տրանսպորտի սպասող ուղևորներին, թիվ 26 երթուղու միկրոավտոբուսը երթուղու սկզբնակետից՝ «Կանեցից» դուրս եկավ անվտանգության թարթիչները միացրած, անցավ երթուղով առանց կանգառներում կանգ առնելու, և միայն Քըրք Քըրքորյան փողոցի երրորդ կանգառից միացավ երթուղուն, կամ, վարորդների լեզվով ասած, «մտավ գիծ»։ Ուղևորները ֆիքսել են այդ փաստը և ավտոբուսի համարանիշները: Վարորդի աճպարարության հետևանքով հավաքված ուղևորների թիվը մեծացել է։ Նրա հետևից 10 րոպե անց եկած ավտոբուսի վարորդն էլ թույլ չի տվել, որ հավաքված բոլոր ուղևորները բարձրանան․ «Ավտոն ջարդվում ա, համբերեք, հաջորդը հետևից գալիս ա», որին հաջորդած տևական վեճից հետո միայն շարժվել է: Ընդ որում, Լուկաշինից դուրս եկող երթուղային այլընտրանքի բացակայության պայմաններում ուղևորներն այս երևույթին բախվում են գրեթե ամենօրյա ռեժիմով։
Ի՞նչ են մտածում այս մասին քաղաքային իշխանություններն ու Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը և ի՞նչ ելքեր են առաջարկում ամեն օր աշխատանքից ուշացող քաղաքացիներին:
Մելանյա Ծառուկյան