...

Եկել էինք՝ ասեինք, որ ձեր խնդիրները չենք կարող լուծել

Եկել էինք՝ ասեինք, որ ձեր խնդիրները չենք կարող լուծել

Մարտի 27-ին, Շիրակի մարզպետարանում ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանն ու վարչության այլ աշխատակիցներ հանդիպել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպման ընթացքում նրանց առաջարկել են ներկայացնել իրենց հուզող խնդիրները: Սակայն երբ մարդիկ բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, որոնք գրեթե բոլորը սոցիալական բնույթի էին, ըստ էության բոլորն էլ ստացել են նույնատիպ պատասխան՝ «մենք ձեր հարցերին ի զորու չենք պատասխանել, դրանց լուծում տալու միջոցներ չունենք: Եթե նախկինում կարողանում էինք, հիմա հնարավոր չէ»: Եվ առաջարկել են հանդես գալ առաջարկություններով, որոնք փաստացի մնալու են «անհնարինի տիրույթում»։ Ներկաներից տարեց մի տղամարդ, դիմելով վարչության աշխատակիցներին, փորձել է պարզել հանդիպման բուն շարժառիթը և ի վերջո ընդվզել` «եթե եկել եք մեզ հանդիպելու, քանի որ առաջիկայում ընտրություններ են, ու ձևի համար է այս հանդիպումը, ապա չարաչար սխալվում եք»:

Հանդիպման եկած քաղաքացիների համար փաստացի չի պարզաբանվել, թե ինչի համար էր այն կազմակերպվել։ Վարչության աշխատակիցների խոսքերով՝ եկել էին զոհվածների հարազատներից լսելու, թե ինչ առաջարկություններ, ինչ դիտարկումներ ունեն։ Բայց արդյունքում` այդ առաջարկություններն ու դիտարկումները կյանքի կոչելու, խնդիրները լուծելու մեխանիզմներ ու միջոցներ` չիք։ Գուցե մարզպետարանի աշխատակիցնե՞րը պարզաբանեին, թե ինչի համար էր կազմակերպվել այդ հանդիպումը, և ինչու էին մարդկանց ստիպել գալ-հասնել մարզպետարան, եթե խնդիրներին լուծում տալու ռեսուրս չունեն ոչ համայնքի հոգսերով պատասխանատու մարմինները, ոչ էլ ՊՆ համապատասխան վարչությունը։

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   87 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ