...

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հրանտ Մաթևոսյանի 85-ամյա հոբելյանի օրը Կոմիտասի անվան պանթեոնը մարդաշատ էր: Մեծանուն գրողի մտերիմները, նրա գրականության սիրահարները այցի էին եկել պանթեոն:

Ուշարժան էր, որ ներկաների մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդները՝ հիմնականում ուսանողներ, ովքեր խոստովանում էին, որ Մաթևոսյանի արձակի երկրպագուներն են և մեծ գրողի հոբելյանի առթիվ բազմաթիվ միջոցառումներ նաև իրենք են նախաձեռնել:

Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվածները պատմում էին դրվագներ Մաթևոսյանի կյանքից, կրկին ու կրկին վերհիշում նրա ստեղծագործությունները, որոնք միշտ են պահանջված ու սիրելի:

Հրանտ Մաթևոսյանի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ Մաթևոսյանի պատկերացրած հայրենիքը մշակութային գաղափարներ ամրագրած հայրենիքն է:

«Ամբողջը ի մի բերելով՝ պետք է ասեմ, որ ոչ մի պահի չի կարելի ընկրկել, չի կարելի կուլ գնալ և ոչ մի պահի չի կարելի թույլ տալ, որ քեզ կուլ տան և ոչ մի պահի չի կարելի թույլ տալ, որ քեզ թքեն»,- ասաց գրողի որդին: «Դու պիտի քո ճանապարհը գնաս, պիտի քո ճշմարտությունը վառ պահես և առաջ տանես: Մենք այսօր խոսում ենք այն մասին, որ պետք է կարևորել մշակութային կրթությունը: Եթե մենք չունենք մշակութային հեղափոխություն, մենք մեր մեջ չունենք մտքի, գաղափարի հեղափոխություն, դատապարտված ենք լինելու ապագայում ավելի ու ավելի փոքրանալու: Մեր մի հեղափոխությունը տեղի է ունեցել: Որպեսզի արդյունքները ամրակայվեն՝ մտքի ու գաղափարի մշակութային հեղափոխություն է անհրաժեշտ: Մաթևոսյանի պատկերացրած հայրենիքը հենց դա է: Ցավոք, ես դրա ընկալումը հիմա շատ քչերի մեջ եմ տեսնում»: 

Դավիթ Մաթևոսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոնին: 

«Կենտրոնի մասին ես այսօր չէի ցանկանում խոսել, թող այդ մասին այսօր խոսեին պաշտոնյաները: Չնայած մենք իրենցից ունենք առաջարկներ, բայց ես կարծում եմ, որ այդ առաջարկները կիսատ են, դրանք չեն համապատասխանում վարչապետի հանձնարարականով ընթացած բոլոր քննարկումների ո՛չ ոգուն, ո՛չ իմացությանը և ո՛չ էլ կենտրոնի էսքիզ նախագծի հայեցակարգի գաղափարին: Ես կարծում եմ, որ պետք է առաջ գնալ, այդ քննարկումները պիտի հանգեն այն օպտիմալ կետին, երբ շինարարությունը կվերսկսվի: Եվ ինչ-որ մի տեղ մենք էլ պատրաստ կլինենք օգնել պետությանը, կգտնենք հովանավորներ և ներդրողներ: Բայց այն պատասխանատվությունը, որ այս պահին պետությունն է փորձում ստանձնել, չափազանց փոքր է: Իմ կարծիքով իրենք չեն ուզում մտնել էդ բեռի տակ: Համենայնդեպս նախարարության մակարդակով և առայժմ նաև քաղաքապետարանի մակարդակով մենք այդ ընկալումը չունենք: Շատ եմ ցանկանում, որ մենք անկեղծ շարունակենք մեր զրույցը և այդ ընկալմանը գանք: Որովհետև շատ տարօրինակ բան է կատարվում. միջին, մասնագիտական օղակներում էսքիզ նախագծին ծանոթացողներն այդ ընկալումը ունեն, իրենք հասկանում են՝ խոսքը ինչի մասին է: Բարձր օղակներում սկսվում է տարօրինակ տուր և առ, և այդ առևտուրը անիմաստ է, որովհետև եթե այս կենտրոնի գաղափարը եղած չլիներ, հեղափոխությունից հետո, առաջին բանը, որ մշակույթի ոլորտում այս իշխանությունները պետք է անեին՝ այդ կենտրոնի ստեղծումը պիտի լիներ: Բարեբախտաբար ինչ-որ բան մինչև իրենց արվել էր: Շենքը սարքվել է, չէ՞: Պետք է մի փոքր ֆինանսավորում էլ լիներ, պարտադիր չէր պետական բյուջեից, և ամեն ինչ իր հունով կգնար: Ի վերջո կլիներ այն գեղեցիկը, ինչ որ մենք ասում էինք: Դա առայժմ տեղի չի ունենում: Իսկ այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան խորհուրդն է, և ես չեմ ուզում, որ այն աղճատվի»:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը վերարժևորվում է ոչ միայն իր ծննդյան օրերին:

«Ամեն անգամ ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրերին, այլ նաև ընդհանրապես, պետք է արձանագրել, որ Մաթևոսյանը լեզվամտածողություն փոխեց մեր կյանքում և նոր հիմքեր տվեց և՛ գիտությանը, և՛ մշակույթին, և՛ տնտեսությանը, և՛ ընդհանրապես բոլոր ոլորտներին: Եվ եթե մեր հայերենն է, մենք ենք մեր հայերենը ու ամեն ինչ գիտենք, պարզվեց, որ այդպես չէ: Հրանտ Մաթևոսյանը եկավ և ցույց տվեց նոր շենքեր, նոր հանքեր, որոնք հարստացնող էին և լիացրեց մեզ՝ ի տարբերություն էս երկիրը ու երկրի հանքերը հոշոտողների: Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը իսկապես մեր ժողովրդի մեծագույն հարստությունն է, գանձարանն է և շատ կուզեի, որ հաղորդվեն բոլորին: Մաթևոսյանական գիրը պիտի ունենաս քո ներսում, պիտի վայելես քո ամբողջ հոգով, նա քո մեջ էլ բավականին բացահայտումներ կանի: Ես միշտ մտածում եմ՝ ինչու մեր դասագրքերը հեղեղված չեն մաթևոսյանական գրականությամբ: Հիշում եմ Անդրեյ Բիտովը հոբելյանական մի այլ առիթով Մաթևոսյանի մասին ասաց. «Դուք դեռ չեք ճանաչում Հրանտ Մաթևոսյանին: Կգա ժամանակ, և Դուք նրա իրական մեծությունը կտեսնեք»: Մենք Մաթևոսյանի մեծությունը տեսնում ու գնահատում ենք միշտ»:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ընդգծեց, որ Մաթևոսյանի ստեղծագործությունները արժևորվել և արժևորվում են վաթսունականների կեսերից մինչև օրս:

«Բնականաբար ապագայում ևս արժևորվելու է, կարժևորվի և կմնա մեր գրական պատմության լավագույն էջերից: Մաթևոսյանի արձակը, էսսեները, իր բնաշխարհը, լոռեցու, ծմակուտցու հոգեբանությունը, հոգին, Մաթևոսյանը ընդարձակեց, դարձրեց աշխարհի մեծ հատվածը: Հայ մարդու կերպարը հրաշալի, հանգիստ տոնայնությամբ, նաև մեր լեզվի հարուստ շերտերը օգտագործելով Հրանտը ստեղծեց հենց իր գրականությունը, որը հայ գրականությունն էր: Մաթևոսյանի ստեղծագործությունը բարձր է գնահատվել, թարգմանվել է տարբեր լեզուներով: Նա շատ սիրելի անուն է յուրաքանչյուրիս համար: Նրա հոբելյանը այս տարի կնշանավորվի տարբեր գիտաժողովներով, միջոցառումներով, լավագույնս կնշվի նաև Գրողների Միության և Մշակույթի նախարարության հետ համատեղ: Մենք «Հրանտ Մաթևոսյան» մրցանակը նախարարության հետ միասին առաջիկայում կհանձնենք արժանավորին»:

Մելանյա Ծառուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ