...

Ազգային արատը

Ազգային արատը

«1912-13-ի մի տարվա մեջ թուրքերը բալկանյան երկու պատերազմ են ունեցել ու երկուսում էլ շատ արագ պարտվել. երկրորդ պատերազմին, երբ հունաբալկանյան ուժերը բոլոր կողմերից օղակել էին և Սալոնիկը պիտի ընկներ՝ թուրքերի համար շատ կարևոր այդ նավահանգիստը, թուրքերի Սանկտ-Պետերբուրգը՝ իրենց կարծեմ միակ հածանավը երիտթուրքերը ուղարկեցին ոչ թե քաղաքի պաշտպանությունն ուժեղացնելու, այլ քաղաքից հանելու իրենց աքսորյալին՝ իրենց գահընկեց Աբդուլ Համիդին՝ իրենց թշնամուն, ում դեմ երեսուն տարի արյունոտ կռվի մեջ էին եղել և չորս տարի առաջ թախտընկեց էին արել, ով երկու տարի առաջ հակահեղափոխության ծանր ալիքով խփել ու գրեթե կործանել էր Պոլիսը: Ահա այս սուլթանին՝ ընտանյոք՝ օղակը ճեղքեցին ու Սալոնիկից հանեցին: Իրենց թշնամին չպետք է իրենց հակառակորդի ձեռքն ընկներ, իրենց աքսորած սուլթանը հիմա էլ հակառակորդի գերին չէր լինելու - երկրի ապահով խորքերում՝ Բուրսա՝ պետք է մարդու իր մնացյալ տարիներն ապրեր:

Իսկ ես ուզում էի տեսած ու հասկացած լինել միայն, որ երիտթուրքերն իրենց թեկուզ գահընկեց սուլթանին, որ իշխանական կառքի ճանապարհին ծանր քար էր ու պետական գանձարանի վրա ավելորդ ծանրություն, թշնամական գերության չեն քշել, չեն դարձրել վտարանդի: Բայց՝ ոչինչ. երկու ելքն էլ հանում են ազգային պատվախնդրության և իշխանական խորամիտ հաշվարկների մի ոլորտ, որ մեզնից անըմբռնելիորեն հեռու է:

Մերն այդ չէ, մենք այդ չենք: Մեր հալածելը մինչև վերջ՝ մինչև փակուղի՝ մինչև ոչնչացումն՝ մինչև «հագարացվոց ճամբարն» է լինելու և մեր հալածվելը՝ փակուղում միայն ժանիքավորվելը, փակուղում միայն եղջյուրը թուր դարձրած շրջվելը՝ «հագարացվոց բանակի» գլուխն անցած: Հնազանդվել չկա, բանակցել չկա, խաղ ու խաղացկունություն չկա - մտքի՞ տկարություն է, լեզվի՞ տկարություն՝ որ բացատրելի է մոտավորապես այսպես. իշխող ազգային վերնախավի դարավոր բացակայությունը հետնորդներիս զրկել է թշնամության-բարեկամության իշխանական և՛ վարքից, և՛ լեզվից. բացատրելի է, բայց ազգային արատ է, որովհետև ինչ վերջանալու էր լեզվակռվով, վերջանում է արյունով», Հրանտ Մաթևոսյան, «Մի ուրացեք ձեր եղբորը», 2002թ.: 

Սա՝ այն մասին, թե ինչպես են թուրքերը վերաբերվել իրենց ղեկավարներին, թեկուզ՝ նախկին, թեկուզ՝ ատելի, բայց նրանց համարել են իրենց պետության բաղկացուցիչ մաս, և նրանց հույների ձեռքում տեսնելը ազգային նվաստացում կհամարվեր: Իսկ մեզ մոտ Արցախի երեք նախկին ղեկավար հակառակորդի ճիրաններում հայտնվեցին: Մատը մատին չի խփել մեր «էլիտան», որպեսզի դա բացառվեր: Օր առաջ, երբ Արցախի անկումը ժամանակի հարց էր, նրանց Հայաստան բերելը, փախցնելը, փրկելը պետք է օրակարգի գլխավոր հարցերից լիներ: Ոչ մի բան: 

Դեռ մի բան էլ հրճվում էին շատերը: Մինչև հիմա քչերն են հասկացել, թե սա ինչ ծանր հարված էր, հերթական ու դաժան հարվածը մեր արժանապատվությանը, անվտանգությանը: Նույնիսկ Պուտինը հեգնեց իր վերջին ասուլիսում, թե դեռ հարց է՝ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ցանկություն ունե՞ն Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին Հայաստանում տեսնել: Մենք դեռ չենք խոսում Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Ռուբեն Վարդանյանի մասին: Նրանց վրա ընդհանրապես խաչ են քաշել: 

Բանը հասել է նրան, որ «Դոգն» ասում է՝ այո, նրանց պետք է ցմահ դատեն: Ու դա լայքում են, այդ խոսքերին ծափ են տալիս: Հետո էլ ասում են. թուրքը սենց ա, նենց ա: Ինչ անուն ուզում եք, կպցրեք, բայց իրականությունը դրանից չի փոխվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ