Օրերս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ խեղաթյուրելով արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը, ընդգծել էր պարտվել սովորելու կարևորությունը։
«Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս», - Աննայի փոխանցմամբ՝ իբր ասել է Մաթևոսյանը։
Մինչդեռ գիտենք, որ արձակագիրն իրականում իր «Մեծամոր» էսսեում գրել է․ «Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»։
Չմոռանանք նաև, որ իրականհայաստանապետ Նիկոլ Փաշինյանը պարտությունը հպարտության առարկա է համարում։
2021 թվականին Փաշինյանը հայտարարել է․ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք»։
Վերջերս էլ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում կայացած համայնքային միջոցառման ժամանակ Նիկոլը կարծիք հայտնեց, թե պարտությունների միջով անցնելով, այսինքն՝ Արցախը կորցնելով ենք անկախ պետություն ունենալու հնարավորություն ստացել։
Ինչպես հայտնի է՝ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում անցկացված արտահերթ ընտրությունները դառնահամ արդյունքներ գրանցեցին ՔՊ-ի համար։ Փարաքարում ջախջախվեցին, Գյումրիում էլ Սարիկին դժվար կարողանան սղացնեն, անցկացնեն։ Կարելի է արձանագրել, որ այս ընտրություններում ՔՊ-ն պարտվել է։
Առաջնորդվելով «առաջին տիկնոջ» և նրա ամուսնու մտքի վեհ գոհարներով՝ ՔՊ-ականները պետք է ողջունեն ընտրությունների արդյունքները և շատ ծանր չտանեն։
Ընտրությունների օրը՝ արդյունքների հրապարակումից առաջ, ՔՊ Փարաքարի շտաբում տորթ և շամպայն կար։ Թե ի՞նչ ճակատագրի են արժանացել տորթն ու շամպայնը, հայտնի չէ։
Սակայն, եթե շարժվեն իրենց մեծարգոյի խոսքերով, պետք է հպարտանային իրենց պարտությամբ և տոնեին այն այդ տորթով և շամպայնով։ Մի՞գուցե այս պարտությունը նրանց հնարավորություն տա ավելի անկախ կուսակցություն ունենալ։
Վերադառնալով Աննայի «պարտվել սովորելու» մասին արտահայտությանը՝ ՔՊ-ականները լավ կլինի հետամուտ լինեն այդ խոսքերին, քանի որ ուշ թե շուտ պարտվելու են՝ Վիլեն Գաբրիելյանի կանխատեսումը վկա։