...

Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս

Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս

«Հայաստանը Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռևս 1991-ին». Վահագն Խաչատուրյան, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան և այլն:

Բա Վանո Սիրադեղյանը չլինե՞ր, սրանց տեղը տեղին տեղը դներ: Չնայած, տեղը դրել է: Էն, ինչ որ ժամանակին ասել է, միայն նախկիններին չէր վերաբերում, այլ նաև սրանց: Այսօր լրանում է Վանո Սիրադեղյանի հուղարկավորության 2-րդ տարին, բայց դա միայն ֆիզիկական հրաժեշտ էր. նա մնում է և դեռ կմնա, քանի դեռ չի ավարտվել գյադաների ժամանակը: Ներկայացնենք նրա հոդվածներից մեկը, որը հրապարակվել է ավելի քան 20 տարի առաջ: Դիպուկ և հրատապ:

«Այսօրվա Հայաստանի քաղաքականության մտայնության կրողը ստեփանակերտցի Մուրադիկն է, որը ցամաք հաց է ուտում, հագնում է հումանիտար օգնությունից մնացած բաճկոն, մեծ քաղաքականությունից խոսում է անկաշկանդ, անհոդաբաշխ, ծխում է «Պրիմա» ու հետն էլ հոխորտում է, որ եթե Հայաստանի նախկին իշխանությունները զինադադար չկնքեին, էն ա մտնում էին Բաքու... Մոռացել է, որ Ստեփանակերտի փախեփախը նախ կանխել է Մոնթեն՝ Մարտունիում, երկու անգամ Մանվելը՝ հյուսիսում և հարավում, վերջին անգամ Վազգենի մահապարտների գունդը՝ Մարտակերտում: Նույն Նազարն է Մուրադիկի նախագահը, որի քաղաքական հայտարարությունների բուն իմաստը այն է, թե մերը հողեր գրավելն էր, մնացածը ձեր (Միջազգային հանրության ու Ադրբեջանի) պրոբլեմն է:

Ալեքսանդր Մակեդոնացուս տեսեք: Այդ հողերի գինը Հայաստանի կիսով հայաթափելն է, չկա այլևս այն Հայաստանը՝ Արցախի թիկունքին: Կա Հայաստան, որը թույլ է տալիս, որ նրանք իրենց պարտության տակ իրենց ստորագրությունը դնեն: Նույն խելքին են Մուրադիկից անհամեմատ լավ հագնված, անհամեմատ հարուստ ու ճարպիկ նրա նախկին ընկերներն ու այսօրվա Հայաստանի թափորը տնօրինողները՝ իրենց սպասարկողներով, ովքեր «խաղաղ կարգավորում» ասելով հասկանում են Ղարաբաղի անկախության ճանաչում, «փոխզիջում» ասելով նկատի ունեն, որ նախ՝ խոստանում են չմիանալ Հայաստանին, երկրորդ՝ Արցախի անկախությունը ճանաչելուց հետո խոստանում են զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից (կարող էր, չէ՞, դուրս չբերել) և երրորդ զիջումն էլ այն է, որ արդեն արվել է՝ Բաքու չենք մտել: Իսկ Ադրբեջանից սպասվում է ընդամենը մեկ զիջում՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը: ...Այո, ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ: Ողբերգությունը այն է, որ ասվածի մեջ չափազանցության նշույլ չկա: Այդ ձեզ է թվում, թե դիվանագիտություն են անում: Եվ, իբր, շատը ուզում են, որ քիչը ստանան: Այդ մենք ենք մտածում, թե բազարի կանոնը շփոթել են դիվանագիտության հետ: Իրենց հոգու խորքում, իրենց մեջ, իրենց մտերիմ շրջապատում այդպես մտածում են: Իսկ դիվանագիտություն անում են Հայաստանի ժողովրդի հետ: Ավելի ճիշտ՝ ժողովրդի վրա: Էլ առավել ճիշտ՝ ժողովրդի այն մասի, որը դեռ մնացել է Հայաստանում և Արցախում:

Հրանտ Մաթևոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս... Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետևյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար: Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես և ամեն պարտություն վերածես արհավիրքի:

Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջիվ խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում, կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները», 06.12.2000թ.:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   794 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ