...

Սերժ Սարգսյանը արգելում էր, Նիկոլ Փաշինյանը արգելում է

Սերժ Սարգսյանը արգելում էր, Նիկոլ Փաշինյանը արգելում է

«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»: Փետրվարի 12, 2015, Սերժ Սարգսյան:

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»։ Հունվարի 18, 2022, Նիկոլ Փաշինյան։ 

Սերժ Սարգսյանի իշխանությունը ավտորիտար էր, և նրա այս հայտարարությունները հիմնականում տեղավորվում էին այդ իշխանության էության տրամաբանության մեջ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավակնում էր կամ հավակնում է կոչվել ժողովրդավարական։ Մինչդեռ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա երկրի առաջին դեմքերի լեզվամտածողությունն ու հռետորաբանությունը նույնական են։ Իսկ լեզվամտածողությունը իրացվող քաղաքականության առաջնահերթ բնութագրիչներից է։ Մինչ ներսում մենք զբաղված ենք ի վերջո հասկանալու, թե ինչո՞վ է Փաշինյանի իշխանությունը տարբերվում նախորդներից, դրսում այդ տարբերությունը, ավելի ճիշտ դրա բացակայությունը ամրագրվում է հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում։ Օրինակ՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող, Վաշինգտոնում գործող Freedom House հետազոտական հաստատությունն իր «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցներում 2018-2021 թվականներին Հայաստանը շարունակել է դասել «մասամբ ազատ» երկրների շարքին։ Այդպես է եղել նաև Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ (Կազմակերպությունը գնահատում է յուրաքանչյուր երկրի ժողովրդավարության աստիճանը, ներառյալ քաղաքական ազատությունը և քաղաքացիական արտոնությունները: Երկրները դասակարգվում են որպես «ազատ», «մասամբ ազատ» կամ «ոչ ազատ»)։ Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա, օրինակ, «Ազգային ժողովրդավարական կառավարում» անվանակարգում Հայաստանը բավականին տխուր հորիզոնականում է։ Անվանակարգը դիտարկում է կառավարական համակարգի ժողովրդավարական բնույթը. օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախությունը, արդյունավետությունը և հաշվետվողականությունը»:

Սերժ Սարգսյանը հաշվետու չէր, Նիկոլ Փաշինյանը հաշվետու չէ։ Սերժ Սարգսյանը արգելում էր․․․․, Նիկոլ Փաշինյանը արգելում է․․․․։ Սերժ Սարգսյանի ժամանակ օրենսդիր և գործադիր իշխանությունը միմյանցից անկախ չէր ու սպասարկում էր Սարգսյանին։ Նույնը՝ հիմա է։ Այդ կառույցները ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա արդյունավետ չեն։ Հաշվետվողականությո՞ւն՝ կհարցնեք։ Հա, բոլորը հաշվետու են, միայն մեկին՝ Մեծ Եղբորը։ Մի ժամանակ Մեծ Եղբոր անունը Սերժ էր, հիմա Նիկոլ է։ Ժողովրդավարության իմաստով՝ նույն զրոյական կետում ենք։ Անվտանգության առումով՝ մինուս ենք գնացել։ Շատ ավելի կարևոր հարցերում էլ մինուս ենք գնացել։ Սերժ Սարգսյանն էլ մինուսի վրա էր։ Նիկոլ Փաշինյանն է միայն պլյուսով դուրս եկել, ու հիմա ում ինչ ուզում արգելում է։ Եվ եթե Սերժ Սարգսյանը ժամանակին ատելության պատնեշներ էր կառուցում ու փորձում դրանք հաղթահարել (ձևակերպումը՝ Սարգսյանինն է), Նիկոլ Փաշինյանը արգելապատնեշներ է գցում՝ շատ ինքնավստահ։ Իզուր։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ