...

Բա ինչո՞ւ էին թուրքերը խնայել Քոչարյանին

Բա ինչո՞ւ էին թուրքերը խնայել Քոչարյանին

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը գրել է. «Թուրքիայում ... հաշվարկել են, որ Սյունիքի միջանցքին ընդդիմացող երկու առաջնորդների սպանության դեպքում իր գործակալները մեղադրանքի սխալները կուղղեն երրորդ ընդդիմացողի դեմ, կձևավորեն մեղավորության համոզմունք և դրանով կլուծեն դիմադրության խնդիրը: Ղրիմում գտան Հայաստանի առաջնորդներին ատող ազգությամբ հայ լրագրող, հավաքագրեցին նրան, տարան Թուրքիա և 1999թ-ի սեպտեմբերին գործուղեցին Հայաստան՝ ԱԺ-ում սպանդն իրականացնելու նպատակով:
Եղավ հոկտեմբերի 27-ը, սպանվեցին առաջնորդները, անմեղ ու պատահական մարդիկ, իսկ դրանում մեղավոր նշանակվեց Հայաստանի ղեկավարը: Սակայն ղեկավարն ուժեղ մարդ էր, չհանձնվեց, պայքարեց թուրքական գործակալների դեմ և պահպանեց և ուժեղացրեց Հայաստանն ու Արցախը»:

Բա, ժողովուրդ ջան: Չմեռանք, սա էլ տեսանք: Քոչարյանականներն արդեն հոկտեմբերի 27-ն էլ են գլխիվայր ներկայացնում: Մարտի 1-ն ու ապրիլի 12-ը իբր մարսել են, հիմա էլ անցել են իրենց գլխավոր «գլուխգործոցին»: Պարզվում է, որ Մեղրիի շրջանը առևտրի առարկա դարձրած Քոչարյանն իրականում ընդդիմանում էր այս ծրագրին: Վազգենի ու Դեմիրճյանի հետ միասին: Բայց չգիտես ինչու, թուրքերը միայն Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին սպանեցին, իսկ ահա Քոչարյանին խնայեցին, որպեսզի վերջինս պայքարի Մեղրիի միջանցքի համար: 
Մարդ, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հատ-հատ զիջումների է գնացել, Արցախը դուրս շպրտել բանակցային գործընթացից, ստորագրել 1999թ. Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագիրը, որով համաձայնվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մարդ, որի օրոք Հայաստանի ողջ ռազմաարդյունաբերական համալիրն ու ստրատեգիական նշանակության օբյեկտները հանձնվել են, որի օրոք հայկական բանակը ամենաքիչն է համալրվել զենք-զինամթերքով, այսօր արդեն այս ամենը ներկայացնում են որպես թուրքական նենգ ծրագրի իրականացում: Այսինքն՝ կարող է, հենց այդպես էլ եղել է: Այն, ինչ մեր հակառակորդները պետք է անեին, Քոչարյանը լավ էլ հավեսով անում էր:

Կամ այդ ո՞նց է լինում, որ Արցախում սպանում են Արթուր Մկրտչյանին, շահում է Քոչարյանը, Հայաստանում սպանում են Վազգենին ու Դեմիրճյանին, շահում է Քոչարյանը, որը անգլիական թագուհուց վերածվում է Հայաստանի միանձնյա տեր ու տիրականի: Երևի, թուրքերը գիտեին, թե ում վերացնեն, իսկ ում՝ պահեն:

Ուշադրություն դարձրեք սույն քոչարյանականի մեկ այլ արտահայտության վրա. «Ղրիմում գտան Հայաստանի առաջնորդներին ատող ազգությամբ հայ լրագրող»: Չի ասում էլի, որ այդ լրագրող կոչեցյալը Դաշնակցությունից էր, սկաուտական հավաքներում ստաժիրովկա էր անցել, որ հոկտեմբերի 27-ի ոճիրն իրականացրած խմբի մեծ մասը այսպես, թե այնպես, առնչվում էր ՀՅԴ-ին: Դե, ո՞նց ասի, եթե հիմա դաշնակների հետ մի դաշինքում է: Չի ասում, որ Նաիրի Հունանյանն արեց այն, ինչը Դաշնակցությանը չհաջողվեց 1990-ականների կեսերին, երբ Վազգեն Սարգսյանին սպանելու ծրագիր էին կազմել, բայց այն տապալվեց: Չհասցրին:

Չշարունակենք. եկեք հիշենք, թե 20 տարի առաջ Վանո Սիրադեղյանը Մեղրին փոխանակելու՝ Քոչարյանի ծրագրի վերաբերյալ ինչ էր գրել: Ամեն ինչ ասված է.

«Ըստ էության, Մեղրու հարցը («Փարիզի սկզբունքներ») փակվել էր արդեն Քի Վեսթում, բայց վերջնականապես ջրվեց մայիսին Մոսկվայում։ Իսկ հիմա Քոչարյանին մնում է մի բան պահել իշխանությունը։ Պահի ինչ անի։ Իսկ չպահի ինչ անի։ «27»-ի գործը հիմա վերստին դառնում է նրա համար խիստ վտանգավոր։ Եթե Մեղրու հարցը մնացած լիներ օրակարգում (այսինքն՝ գործելու պլան ունենար), նա կանցներ թե «27»-ի, թե նորանոր արյան լճերով, բայց հիմա պիտի գործի առանց ներքին համոզմունքի։

Դա նրան պակաս վտանգավոր չի դարձնում, բայց դարձնում է թույլ, իսկ անհավասարակշիռ դարձավ Ամերիկայից վերադառնալով։ Միտինգները չէ, որ դարձրել են նրան անհավասարակշիռ, ու, հետևաբար, շատախոս, այլ Հայաստանի մի մասը Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագրի վերջնական տապալումից հետո վրա հասած անելանելիությունը։ Իսկ սոսկ իշխանությունը պահելու խնդիրը Ստեփանակերտի հրետանակոծության տակ ապրած մարդու գլխի համար բարդ խնդիր է։ Եվ որքան էլ հակամարդասիրական հնչի ասածս (վերջին հաշվով, հիվանդանոցում չենք), իսկը պահն է, որ ընդդիմությունը դադար չտա նրան և անընդհատ դրդի քայլերի (նա հիմա իմաստալից քայլ չունի)։ Սա փոքր-ինչ վտանգավոր է, բայց ավելի վտանգավորը այն է, երբ նրա «ֆազը» ինքնիրեն է գցում, ընդդիմախոսների և ժողովրդի համար տարաժամ և անսպասելի։ Վզից կախված «27-ը նրան, այո, դարձնում է վտանգավոր, բայց անելիք չունենալը դարձնում է նույնքան խոցելի։ Չորս տարի առաջ նա իշխանության տիրացավ իր անելիքը իմանալով, հստակ նպատակ ունենալով Ղարաբաղը փոխանակել Զանգեզուրի մի մասի հետ։ Որ մասի. ահա այս մասին է եղել չորս տարվա բանակցությունը»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ