...

Ինչո՞ւ էր Հունանյանը ծրագրել վարչապետ դառնալ, ոչ թե նախագահ

Ինչո՞ւ էր Հունանյանը ծրագրել վարչապետ դառնալ, ոչ թե նախագահ

ԻԴԵԱԼԱԿԱՆ

Ըստ գլխավոր ոճրագործի նախաքննական ցուցմունքների ու, այսպես կոչված, ազատ շարադրանքի, Վազգեն Սարգսյանը նահատակվեց, որովհետև այս չկայացած հիտլերիկի արնածարավ սիրտը ժողովրդավարության հաղթանակ ու արդար ընտրություններ էր ուզում: Ենթադրենք (մենք այսօր մեր վայրիվերո պատմության հերթական անհեթեթ ու սրբապիղծ ժամանակահատվածն ենք ապրում ու ինչ ուզենանք՝ կարող ենք ենթադրել)՝ այդպես էլ է պատահում: Ենթադրենք՝ այսօրինակ արարածները հավատացած են, որ կոտորածի միջոցով կարելի է ժողովրդավարության ու արդար ընտրությունների ուղի հարթել, և որ այս մարդասպանն, իրոք, վստահ էր, թե իր զարհուրելի քայլով ազատասեր ազգիս փրկում է կործանումից:

Ենթադրենք նաև՝ Քոչարյանը ճիշտ է: Այսինքն թե՝ խորհրդարանական ողբերգությունը ընդամենը թաղայինի մակարդակի գործ է, ու հնգյակի թիկունքում կազմակերպիչներ չկան: Իսկ քանի որ կազմակերպիչներ չկան, ուրեմն՝ Հունանյանին ոչ ոք չէր վստահեցրել, որ՝ «մի քիչ համբերություն, և ամեն ինչ լավ է լինելու»:

Դատելով Հունանյանի՝ հասարակությանը հասու դարձած բարբաջանքներից ու ծրագիր-զառանցանքից, նա մեծամտության, ինքնապաշտամունքի ու փառասիրության այնպիսի ախտով է վարակված, որ նույնիսկ «Արմենիկումի» պես հազարամյակի հրաշքը նրան չի փրկի: Ուրեմն՝ ո՞նց էր պատահել, որ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ որոշել էր բավարարվել վարչապետի աթոռով, ու նախագահի աթոռը մեծահոգաբար զիջել Ռոբերտ Քոչարյանին: Եթե Հունանյանը այս ոճիրն ինքնուրույն էր որոճացել և որոշել էր նախագահի աթոռը զիջել ուրիշի, իսկ ինքը բավարարվել էր ընդամենը վարչապետի աթոռով (անտեսենք, որ նրա պես տխեղծ նարցիսներին դա բնորոշ չէ), ինչո՞ւ որոշեց հենց նրան զիջել, ում, առանց Վազգեն Սարգսյանի ջանքերի, նախագահի աթոռը երազում անգամ չէր երևութանա: Ինչո՞ւ «ֆանատիկ ու ռոմանտիկ» (որոշ «պայծառատես» քաղաքական գործիչների հոգատար բնորոշմամբ) Հունանյանը, անարդար ընտրությունների արդյունքում, նախագահի աթոռին բազմած Քոչարյանին որոշեց հանդուրժել իր կողքին, իսկ ժողովրդի քվեն ստացած Կարեն Դեմիրճյանին վայրագորեն սպանեց:

Լավ, ենթադրենք, «ունդերվունդ» տեռորիստի խելքը չէր հասնում, ու նա մինչ օրս չի ըմբռնել, որ ոչ լեգիտիմ նախագահը, աթոռին տիրանալու պահից, ուզի թե չուզի, պիտի ոտնահարի ժողովրդավարական սկզբունքները (որպեսզի չոտնահարեր, պիտի հրաժարական տար ու ներողություն խնդրեր հասարակությունից, որ կոպտորեն խաբել է նրան), ինչը և «նրբորեն» անում է մեր ազգընտիրը: Նաև չէ՞ր հասկանում, որ եթե ոճրագործությանն անտեղյակ Քոչարյանից հաջողեցներ ավտոմատ թափահարելով վարչապետի աթոռ պոկել ու հրաշքով հասներ մինչև կառավարության շենք, նրան այս երկրի օդը արնահոտ շնչով կեղտոտելու հնարավորություն կտրվեր առավելագույնս մեկ «դասաժամ»: Ցանկացած քիչ թե շատ արժանապատվություն ունեցող երկրի ղեկավար, ում թիկունքում այդպիսի հրեշավոր դավ էր նյութվել, նրա հետքն իսկույն ևեթ կջնջեր հողի երեսից: Եվ վերջապես, եթե առհասարակ կազմակերպիչներ չկային, և ոճրագործությունը եփվել էր Հունանյանի գանգում, ապա ո՞ւմ հասկանալի չէ, որ նրա «անզուգական» տրամաբանությունը պիտի թելադրեր, որ նախևառաջ պետք է զավթել նախագահի աթոռը: Դրանից հետո որևէ մեկին վարչապետ կկարգեր, ավտոմատի «լուլեն» կսեղմեր այդ թշվառականի քունքին ու կասեր՝ շաբաթուկեսում երկիրս դրախտավայր դարձրու: Չէր դարձնի, հանուն «ժողովրդավարության» հաղթանակի նրան կգնդակահարեր, մյուսին վարչապետ կկարգեր: Սա էլ չէր դարձնի, սրան էլ կգնդակահարեր, մյուսին կկարգեր: Մինչև որ «ժողովրդավարությունը» լիակատար ու ջախջախիչ հաղթանակ կտաներ Հայաստանում:

Այս կիսամեռ երկրի տեսլական կայունությունը հիմքից քանդող ներքին թշնամիներ պեղող Ռոբերտ Քոչարյանն ավելի ճիշտ չէ՞ր վարվի, եթե իր թեթև ձեռքով շրջանառության մեջ դրած «ուչաստկովիի» վարկածից հրաժարվեր ու հարցներ իր մերձավորներից ոմանց.

- Ինչու՞ էր Հունանյանը ծրագրել վարչապետ դառնալ, ոչ թե նախագահ:

Այս հարցը տալուց հետո, գուցե Ռոբերտ Քոչարյանը «քարը փեշից թափի» ու համակերպվի, որ ոճրագործների թիկունքում կազմակերպիչներ կան, և որ այդ կազմակերպիչներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր «շրջակա միջավայրից» են: Համակերպվի ու հրապարակավ «ախ» քաշի, որ միամտորեն վստահել է նրանց:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ, ԿԱՄ՝ «ՄԵ ԽԱՏ ԷԼ» ԻՆՉՈՒ

- Քանի որ վերջապես մութ կասկածների մշուշը ցրվեց, ու հասարակությանը պարզ դարձավ, որ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ ձեռք ձեռքի տված, Հունանյանի հեշտանվաղ մարմինն ու ռոմանտիկ հոգին խոշտանգել են, որ ցուցմունքներ կորզեն Ռոբերտ Քոչարյանի դեմ,

- Քանի որ մենք «երեքույուչորս» ենք ասել արդեն ու անվերապահորեն հավատում ենք Հունանյանի՝ 2000-ի մայիսից էս կողմ տված, ցուցմունքներին (եթե չհավատայինք՝ որոշ կասկածյալներ հիմա ազատ կյանք ու պաշտոններ չէին վայելի),

- Քանի որ Հունանյանին հաջողվել է, Ալեքսան Հարությունյանի օգնությամբ, այս ամենի մասին պատմող «քսիֆը» հասցնել Ռոբերտ Քոչարյանին, ու ազգընտիրը, փաստորեն, տեղյակ է եղել, թե նոր հեղաշրջման ինչ խայտառակ որոգայթ են հյուսում իր դեմ գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանն ու դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, օդում ընդամենը մի-երկու «մանր-մունր» հարց մնաց կախված:

Ինչո՞ւ այս ամենն իմանալուց հետո, մեր նախագահն այդպես անսպասելի մեծահոգի դարձավ ու, աշխատանքից հեռացնելու, քրեական գործ հարուցելու փոխարեն, բարձրացրեց իր դեմ դավ նյութող Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի պաշտոնները, իսկ Գագիկ Ջհանգիրյանին էլ թողեց նույն պաշտոնում:

Ինչո՞ւ այն իշխանամետ լրատվամիջոցները, որոնք, Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, ամենասահմռկեցնող գույներով էին ներկայացնում այս նույն գեներալների գործունեությունը, 2000-ի մայիսից էս կողմ, իսպառ մոռացան նրանց «մութ անցյալը» ու «գեներալ Մանվել» ասելիս՝ հպարտությունից ուռչում են:

Այս «մանր-մունր» հարցերի պատասխաններն էլ հենց ստանանք՝ ազգովի, Պարույր Հայրիկյանի ու մի քանի «սրտից խեղճ» լրագրողուհիների գլխավորությամբ, Հունանյանի հեշտանվաղ մարմնի ու ռոմանտիկ հոգու պաշտպանության կոմիտե կստեղծենք, ու մեր երկրում թագավորող ժողովրդավարությունը վերջին, վճռական հարվածը կհասցնի բռնատիրությանն ու ահաբեկչությանը:

Լիզա Ճաղարյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 186, ապրիլի 20, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ