...

Բա ինչո՞ւ ես բարկացել, Նիկոլ ջան

Բա ինչո՞ւ ես բարկացել, Նիկոլ ջան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթին, համաձայն որի, Փաշինյանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի՝ նոր և Ադրբեջանի հետ վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթերը նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը, Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղ կարող են հանձնվել, օրակարգում է նաև Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցը:

Փաշինյանն ասել է. «Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ: Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը սևով փակած է, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե էդպես է, դրա տողերը բացեք ու ներկայացրեք հանրությանը, ինչո՞ւ եք թաքցնում: Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալության ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Նման փաստաթղթեր այդ մարդիկ կարող են ստանալ միայն Ադրբեջանից: Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել, հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային փաստաթուղթ է»:

Ափսոս, այդ պահին մեկը չկար, որ Փաշինյանին հարցներ. բա որ 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին, ինչի՞ ես այդպես հիստերիկ արձագանքում, փաստաթուղթ հրապարակողներին համարում Ադրբեջանի տեղեկատվական գործակալներ, որ նման փաստաթղթեր մարդիկ, տվյալ դեպքում՝ Միքայել Մինասյանը, կարող են ստանալ միայն Ադրբեջանից:

Եթե այդպես է, դո՛ւ հրապարակիր փաստաթուղթը, ասա՝ ժողովուրդ ջան, նայեք, Հայաստանի ազգային շահերին համապատասխանող ինչ փաստաթուղթ ենք պատրաստել, այ սենց լավ-լավ բաներ կան մեջը, ժողովուրդն էլ քեզ ծափ տա, ասի՝ ապրես, Նիկոլ ջան, որ մեր ազգային շահերն ես առաջ բրդում: 

Չէ, չի հրապարակում, ու արդեն պարզ է, թե ինչու է Փաշինյանն այսպես ծանր տանում այս փաստաթղթի հրապարակումը. դեմը ընտրություններ են ու Միշիկը նման ինֆորմացիոն սլիվ է անում: Ինչը կարող է մինչև հունիսի 20-ը իրավիճակ փոխել: Սա է Նիկոլի փորացավը: Թե չէ՝ Ադրբեջանից է այդ թուղթը Միշիկը ստացել: Մեզ ի՞նչ: Ուզում է՝ Տանզանիայից ստանա: Ո՞րն է կարևոր. այն, թե այդ փաստաթուղթը որտեղի՞ց է հայտնվել, թե՞ դրանում առկա փաստերի իսկությունը: 

Տարիներ առաջ Հայաստանի բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից մեկը, որը 1990-ականներին ակտիվորեն ներգրավված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, պատմում էր, ասում էր՝ մեր համար այն ժամանակ այնքան հեշտ էր աշխատելը, որովհետև Էլչիբեյը սխալ սխալի ետևից էր անում: Մեզ մնում էր միայն օգտվել նրա սխալներից: Ասում է՝ շատ հաճախ հենց ինքն էր մեր գործը հեշտացնում միջազգային կառույցներում, բանակցություններում, տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում, ռուսների հետ համագործակցելու աշխատանքներում: Ու ափսոսանք էր հայտնում, որ Էլչիբեյը գոնե մի տարի էլ չմնաց, Հեյդար Ալիևն եկավ: Կարող է, Արցախի հարցը վերջնական լուծվեր:

Հիմա ճիշտ հակառակ պատկերն է: Հիմա էլ Ադրբեջանի համար է բացառիկ նպաստավոր իրավիճակ, Ալիևն էլ փորձում է մաքսիմալ օգուտ քաղել դրանից, ինչքան կարողանա, հայերից մի բան պոկի: Ու պոկում է: Մտածում է. քանի Նիկոլը իշխանություն է, երկաթը տաք-տաք ծեծենք, ի՞նչ իմանաս, կարող է, այսպիսի բացառիկ պահ էլ չլինի, մարդ ես, մեկ էլ տեսար, Հայաստանում նոր իշխանություն եկավ, ահագին բան զրոյից սկսեն, ասեն՝ ժամանակ տվեք, դրա համար էլ Ալիևը շտապում է, ոչ թե շաբաթական, այլ օրական նոր պայմաններ ու պահանջներ է դնում Հայաստանի իշխանությունների առջև: Մեր իշխանություններն էլ ասում են՝ այո, ստորագրելու ենք: Մի քիչ կռուտիտներով, լապշա կախելով, թողեք, ժողովրդի գլխին լոլոներ կարդանք, բայց կստորագրենք: Ահա այսպիսի վիճակ:

Ու ո՞վ է այս ամենի մեղավորը: Չէ, չէ, Նիկոլը չի: Նիկոլն ընդհանրապես ոչ մի բանի համար մեղավոր չի: Գլխավոր մեղավորը... Սուրաթ Հուսեյնովն է: Շան որդին որ մի քիչ ուշոտ հեղաշրջում աներ Էլչիբեյի դեմ, մենք այսօր լրիվ ուրիշ իրավիճակում կարող էինք լինել: Սա իշխանություններին բիթի ենք գցում, թե հիմա էլ ում վրա պատասխանատվությունը գցեն իրենց անհաջողությունների համար: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   676 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ