...

Լափելու համար էլ է խիզախություն պետք

Լափելու համար էլ է խիզախություն պետք

Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից քրիստոնեական խոնարհումով հայտարարեց, թե ջարդելու է օլիգարխների ոտքերը։ Նրա վրդովմունքը հասկանալի էր՝ պատգամավորներից մեկը համարձակվել էր խոսել պաշտոնյաներին բաժանված 3 միլիարդ դրամ պարգևավճարների մասին, ինքն էլ ստիպված եղավ հիշեցնել այն ժամանակները, երբ Սերժ Սարգսյանի փեսան մտնում էր նախագահական կամ կառավարություն և պաշտոնյաներին ծրարով փող տալիս, ապա հայտարարեց, թե «մենք մեր սեփական «Միշիկը» չունենք և չենք ուզում ունենալ»։

Նոր «Միշիկի» կարիք իսկապես չկա, որովհետև այս իշխանությունների «Միշիկը» հենց Նիկոլ Փաշինյանն է, որն էլ «ինքնամիշիկացման գործընթացի» արդյունքում փաստացի զբաղվում է նույն գործով՝ ծրարով փող է բաժանում պաշտոնյաներին։ Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ 3 միլիարդ դրամի պարգևավճարը նախկինների թալանածից հետ բերած գումարի ընդամենը 0,0001 տոկոսն է։ Այլ կերպ ասած՝ ըստ նրա, իրենք նախկինների թալանից վերադարձրել են առնվազն 8 տրիլիոն դոլար։ Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ թիվ է՝ ասենք, որ այդքան է կազմում, օրինակ, Ֆրանսիայի և Գերմանիայի գումարային ՀՆԱ-ն, իսկ այդքան գումար տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտ 8 հազար հատ «Կամազ» բեռնատար։ Բայց դե հիմա՝ մեծ բան չի, Նիկոլն ընդամենը 10 հազար անգամ է չափազանցրել իրողությունը։ Դա նույնն է, թե, օրինակ, մեկը 30 սանտիմետրանոց ձուկ բռնի ու ժողովրդին գլխին հավաքած՝ պատմի, թե հենց նոր 3 կիլոմետր երկարությամբ ձուկ է բռնել։ Բնականաբար՝ այդ մարդուն միանգամից գժանոց կտանեն։ Կամ եթե, օրինակ, Նիկոլի հայտնի շլյապան մեծանա 10 հազար անգամ, դրա տակ հանգիստ կտեղավորվի Երևանի մեծ կենտրոնը՝ կառավարության շենքով, ԱԺ-ով, նախագահականով, և նույնիսկ (հեռու տնից-տեղից) «կառավարական դաչաներով»․․․ Հիմա, իհարկե, կարող են պնդել, թե «դե լավ, ի՞նչ եք բառերից կառչել, մարդը փոխաբերական իմաստով է ասել»։ Հասկացանք, բայց որպես պարգևավճար ոչ թե փոխաբերական, այլ իրական գումարներ են, չէ՞, մսխվել։ Ինչևէ։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ի դեպ, շատ ավելի իրատեսորեն է գնահատում իրավիճակը, դրա համար էլ մարդկանց հորդորում է «եթե ոչ գոհ լինել, ապա առնվազն չզայրանալ», որովհետև սեփական աշխատավարձերն անգամներով բարձրացնելով՝ իրենք «խիզախ քայլ» են արել։ Խիզախությունն էլ այն է, որ փաստորեն՝ գիտակցել են, որ ժողովուրդն իրենց վրա զայրանալու է, բայց դրանից չեն վախեցել ու որոշել են բյուջեից ավելի շատ փող «կճմտել»։ Ինչ խոսք՝ խիզախության շատ յուրօրինակ մեկնաբանություն է, որովհետև այդ տրամաբանությամբ՝ աշխարհի ամենախիզախ մարդիկ բռնապետական երկրների առաջնորդներն են, իսկ կոնկրետ Հայաստանում, օրինակ, պատգամավորների օգնականներն ու քարտուղարուհիները դիրքապահներից մի քանի անգամ ավելի քաջ են։ 

Բայց հասարակությունն իսկապես պիտի գոհ լինի։ Որովհետև «քաջերի սահմանն իրենց զենքն է», և ցանկության դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող էր տասնապատիկ ավելի քաջ լինել, որովհետև զենքն էլ է իր ձեռքին, ուժայիններն էլ, դատաիրավական համակարգն էլ․․․ Բայց նա, քրիստոնեական խոնարհությամբ, որոշել է ընդամենը մասնակի քաջություն ցուցաբերել։ Այնպես որ՝ չզարմանաք, եթե առաջիկայում հենց սեփական թիմակիցները նրան մեղադրեն վախկոտության կամ առնվազն ոչ բավարար խիզախության մեջ։ Թե ասա ինչո՞ւ ես ժլատություն անում, ի՞նչ իմանաս՝ 5 ամիս հետո ինչ կլինի։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ