...

Բացթողումներ, որոնք կարող են Հայաստանի համար թանկ արժենալ

Բացթողումներ, որոնք կարող են Հայաստանի համար թանկ արժենալ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ Եվրախորհրդարանում ընդունված համատեղ հայտարարությանը, Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցին, Իրանի դեսպանի՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ հանդիպմանը, ասել է. «ԵԽ հայտարարության պատճառն այն է, որ ԵԽ-ի հետ ակտիվ աշխատանք չի տարվել: Ինչ վերաբերում է Իրանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցին, որի ընթացքում ակցիայի մասնակիցները ՀՀ-ից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, Սարգսյանն ասաց, թե ՀՀ-ն ու Իսրայելն ունեն դիվանագիտական հարաբերություններ, բայց նաև պետք է հաշվի առնել մեր բարեկամ Իրանի դիրքորոշումը՝ այս հարցի վերաբերյալ: Պետք էր մինչ այդ աշխատել Իրանի հետ, հստակ ներկայացնել, թե ինչի համար է պետք ռեզիդենտ դեսպանը, հիմնավորել: Կարծում եմ՝ Իրանի հետ աշխատել են 1-2 դիվանագիտական խողովակով, իսկ դա բավարար չէ, որ նման հարցերը կարգավորվեն»:

Այստեղ դժվար է չհամաձայնել Սուրեն Սարգսյանի հետ: Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ հարաբերություններին միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել: Իրանի հետ հարաբերություններն ավելին էին, քան՝ ռազմավարականը, աշխարհաքաղաքականը: Արցախյան պատերազմի ժամանակ Իրանը եղել է մեր հիմնական դարպասը դեպի արտաքին աշխարհ: Իրանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում էական ազդեցություն է ունեցել հակամարտության արդյունքների վրա:

Հայաստանի իշխանություններն այն ժամանակ քաջ գիտակցում էին, թե Իսրայելի թեման որքան ցավոտ է Իրանի համար: Բավական է ասել, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պաշտոնավարման տարիներին երբևիցե չայցելեց Իսրայել՝ հենց հաշվի առնելով, որ դրանով կարող է հարվածի տակ դնել Իրանի հետ հարաբերությունները: Իսրայելը տարածաշրջանի այն բացառիկ երկրներից էր, որտեղ Տեր-Պետրոսյանը չգնաց: 
Թե որքան զգայուն է Իրանը այս հարցում, բավական է հիշել, որ երբ Քոչարյանի օրոք ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը չափազանց անզգույշ հայտարարություն արեց, թե Հայաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Իրանի և Իսրայելի միջև, մեր հարևանը անմիջապես իր դեսպանին Երևանից հետ կանչեց: Գրեթե մեկ տարի Իրանը Հայաստանում դեսպան չուներ և ներկայացված էր ընդամենը հյուպատոսի մակարդակով:

Այնպես որ, Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելուց կամ ինչ-որ կապեր ստեղծելուց առաջ անհրաժեշտ էր Իրանի հետ դիվանագիտական մեծ աշխատանք տանել, մշտապես քննարկել թեմային առնչվող բոլոր հարցերը, նրանց հետ ընդհանուր հայտարարի գալ, նրանց տեղյակ պահել մեր մտադրությունների մասին: Դա նաև ցույց կտար, որ Հայաստանը հարգում է Իրանի շահերը, կարևորում է դրանք, ընդունում է հարևան երկրի կարևորությունը: Եվ դա պետք է արվեր ամենաբարձր մակարդակով, ընդհուպ՝ պետության ղեկավարների: Բայց այս ուղղությամբ լուրջ բացթողումներ են եղել, եթե Իրանը այսպիսի դեմարշներ է իրականացնում: 

Եթե մի քիչ էլ խորանանք, ապա պետք է նշենք, որ Իրանը Հայաստանի համար շատ ավելի կարևոր գործընկեր է, քան՝ Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանի հետ չունենք ընդհանուր սահման և ցամաքային կապ: Ինչպե՞ս կարելի է այս ամենը հաշվի չառնել: 

Ընդ որում, Իրանը որևէ խնդիր Հայաստանի իշխանությունների հետ չի ունեցել, թե ով կլինի երկրի ղեկավարը, ովքեր կիշխեն, ինչ քաղաքական համակարգ կլինի՝ ժողովրդավարական, թե բռնապետական: Իրանն այս տարածաշրջանում ունի շատ կոնկրետ շահեր և առաջնորդվում է այդ շահերով, և Հայաստանի ցանկացած իշխանության գերխնդիրն է, որ այդ շահերը համընկնեն մեր շահերին: Կորոնավիրուս, պատերազմ, բան, ամեն ինչ հասկանում ենք, բայց Իրանի հետ հարաբերությունները դրանից չպետք է երկրորդական դառնան կամ ստվերի տակ ընկնեն: Այս իշխանությունները չպետք է մատների արանքով նայեն հարցին. սա նույնքան կարևոր է, որքան կորոնավիրուսի դեմ պայքարը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   979 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ