...

Բարևներ Միքայել Մինասյանին՝ ժեխապետության կայացման մեջ մեծ ավանդ ներդնելու համար

Բարևներ Միքայել Մինասյանին՝ ժեխապետության կայացման մեջ մեծ ավանդ ներդնելու համար

Վարդենիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը երեկ հայտարարել է, թե ընդդիմադիր մրցակիցները ոչինչ չեն արել, որ Վարդենիսի համայնքներում մի խաչքար լինի: «Մազապուրծ եկել են այնպիսի պետությունից, որն ունի մահմեդական կրոն և եկել են, բնականաբար, ոչ լիարժեք քրիստոնյաներ»,- նշել է Մանուչարյանը:​ «Ազատություն» ռադիոկայանը մեջբերել է տիկնոջ խոսքերն ու հավելել, որ ավագանու իշխանական այս անդամը ուսուցչուհի է՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվող հավաքի ժամանակ մրցակիցներին մեղադրում էր մարդկանց ճորտացնելու, գյուղերն ամայացնելու, դպրոցականներին մրսեցնելու, հողերը լափելու համար: Բացի այս, ուսուցչուհի Մանուչարյանի բառապաշարում ամենամեղմ որակումը մեծահարուստ տականքն էր:

Հեշտ կլիներ ասել, որ հենց այսպիսին է լինում ժեխը ու անցնել առաջ։ Բայց նման դեպքերում է, որ սոսկումով գիտակցում ես՝ ժեխ ասելը երևույթի պատասխանատվության հասցեատիրոջը թաքցնելն է։ Հարց է առաջանում՝ ի՞նչ է արել պետությունը, իշխանությունը, քաղաքական էլիտան, մտավորականությունը, որ մարդկանց կրթի և նրանց չթողնի ապրել ցածրակարգ բնազդներով ու ի վերջո դառնալ ժեխ։ Ոչինչ։ Ճիշտ հակառակը՝ տասնամյակներ շարունակ այս մարդիկ դիտարկվել են միայն որպես ընտրակեղծիքի մատերիալ, նրանց արժեքը գնահատվել է 3000, 5000, 15000 և վերջում՝ 20000 դրամ։ Նրանց համար բարձրաճաշակ ֆիլմեր չեն նկարվել, որոնցով հնարավոր կլիներ լրացնելու ընթերցանության բացն ու կրթել։ Նրանք կերակրվել են Սերժ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացի մեդալով պարգևատրված Դիաննա Գրիգորյանի սերիալներով։ Նրանց հայկական եթերից մատուցվել է «հայկական ազգային» երաժշտություն՝ ի դեմս Թաթուլի ու Սպիտակցի Հայկոյի։ Նրանց հումորը թրծվել է անճաշակ սիթքոմներով, նրանց կենսամիջավայրում հաջողության հասնելու գաղտնիքը եղել է իշխանության հետ նույնականանալը, չինով իրենից բարձրին քծնելն ու կենցաղային շուստրիությամբ հաց վաստակելը։ Այս կոնտեքստում բարևներ մոսկվաներում ծվարած Միքայել Մինասյանին։ Անուրանալի է նրա դերակատարությունը ժեխապետության կերտման գործում հենց վերը թվարկված գործոնների առումով։

Ընդունված մոտեցում է՝ իշխանությունն է վարքաբանական մոդել թելադրում հասարակությանը։ Ժեխի պատվեր են իջեցրել տասնամյակներ, բայց դրա մասին լռել են։ Հիմա պետպատվերն այդ իմաստով նույնն է մնացել, բայց պատերազմում պարտությունը ոմանց համարձակություն է տվել իրերն անվանել իրենց անուններով։ էլի կիսատ ու առանց խորանալու մանրամասների մեջ։  

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4721 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ