...

Բերքը 80 տոկոսով փչացել է

Բերքը 80 տոկոսով փչացել է

Կարկտահարությունից վնասներ են կրել

Շուտով աշնանացանի աշխատանքները կսկսվեն: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում սպասում են պետության կողմից սուբսիդավորվող էլիտար ցորենի սերմնացուին, որ ցանք անեն: Ցանում են՝ բերքն Աստծո հույսին թողնելով:

Այս տարի ավելացրել են հացահատիկի ցանքատարածությունները, սակայն, բերքը չհասցրեցին դաշտից տուն բերել: Ապարան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Չքնաղ բնակավայրում օգոստոսի 16-ին տեղացած կարկուտը ցորենի, գարու, վարսակի դաշտերը 80 տոկոսով վնասել է: Համայնքը մասնագիտացված է նաև կերային մշակաբույսերի աճեցման գործում: Այն ևս վնասվել է:

«Ովքեր չէին հնձել, լրիվ տուժել են: Ընկույզի չափ կարկուտի հետևանքով ամբողջ բերքը փչացել է: Մեկ հեկտարի վրա մոտ 200 000 դրամ ենք ծախսել, հիմա զրոյական վիճակում ենք: Մեր ծախսերն անգամ չենք կարողանալու փակել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից Վանյա Դավթյանը:

1 հեկտարից ակնկալում էին 30-40 ցենտներ ցորեն ստանալ, բայց կարկուտը ոչնչացրեց: Վանյա Դավթյանը եղել է արտում և հաշվել՝ հազիվ 5 ցենտներ ցորեն հավաքեն: Նրա խոսքով՝ վնասի չափը մեծ չէր լինի, եթե հակակարկտային կայանքներ լինեին: Տարածքում, սակայն, գործող հակակարկտային կայանքներ չկան:

«Ցորենի դաշտերի 30 տոկոսը հնձված չէր: Վնասի չափը հաշվարկել են և ուղարկել մարզպետարան: Հույս ունենք, որ կառավարությունը գոնե մի փոքր օգնություն կտա, հակառակ դեպքում վարկերը չենք կարողանալու վճարել»,- նշեց հողագործը:

Այստեղ գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ: Հիմնականում կենտրոնացած են մսի արտադրության մեջ. տարեկան շուրջ 500 գլուխ խոշոր եղջերավոր են մորթում:

Անասնապահ գյուղացիները դժգոհում են կաթի մթերման գներից և սպանդանոցի բացակայությունից: Այս պահին գործող սպանդանոց չունեն, սպասում են՝ մորթի տեղ լինի, որ անասուններին վաճառեն:

Կարկուտից տուժած համայնքներից է նաև Վարդենիսը: Ավիրվել են տնամերձ հողամասերը, պտղատու ծառերի բերքն ու արտերը:

Վարդենիսցի Բալաբեկ Պետրոսյանի այգու բերքն է տուժել՝ խնձորն ու տանձը չի կարող շուկա հանել: Կարկուտը շարքից հանել է բերքը: Վնասված խնձորն ու տանձը միայն անասնակեր կարող են դարձնել:

«Հաճարի դաշտն է փչացել: Ինձ նման շատերն են տուժել: Բոլորը մտածում են, որ պետությունն այս հարցում սատար կանգնի, բայց այդքան չի կարող փոխհատուցել: 70 հեկտար գարու և ցորենի արտ է կարկուտը ջարդել, նաև հաճար ու վարսակ»,- նշեց նա:

Վարդենիսի խոպանչիների միայն 5 տոկոսին է հաջողվել ՌԴ մեկնել, մնացածը գյուղում հող են մշակել, բնությունն էլ նրանց արածը ոչնչացրել է: Հիմա հույսները կառավարությունն է, որ մեղմի վնասի չափը: Տուժել են նաև հարևան համայնքները:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   739 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ