...

Բումբումիկը*

Բումբումիկը*

Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. նոյեմբերի 2-ին՝ ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այսօր շահում ենք պտուղները մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասար լինելն ապահովելու մեր քաղաքականության և համակարգային կոռուպցիայի հաղթահարման: Հենց սա է կառավարության անելիքը եղել»,- հավելել է նա։

Հայաստանի տնտեսական բումը թողնենք տնտեսագետների գնահատականներին։ Չնայած՝ առանց խորանալու էլ կարող ենք հանգիստ արձանագրել, որ Փաշինյանը հերթական անգամ աննախադեպ մտավարժանքների մակերեսին է։ Խոսք է ասում, ածական է օգտագործում է՝ առանց ժամանակ ծախսելու ապացույցների ու փաստերի հրապարակման վրա։ Հայտարարում է՝ մենաշնորհներ էլ չկան։ Գագիկ Ծառուկյանի կազինոյի պարտքերը պետբյուջեից փակվելը, յուրայինների համար բիզնես տիրույթներ ապահովելը, «Ով էշ՝ ես փալան» կարգախոսով նախկին օլիգարխներին «հեղափոխելն» ու սեփական հիմնադրամների մուտքերը նրանց օգուտներով ապահովելը մենաշնորհի հաղթահարում է՝ օլիգարխիայի վերացումով։ Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիայի հաղթահարմանը, ապա այս առումով փոփոխությունն իսկապես ակնհայտ է։ Առաջվա ուղղահայաց կոռուպցիոն ֆորմատը փոխարինվել է հորիզոնականով։ Վերցնենք կամայական որևէ կառույց և դրա շրջանակներում բացատրենք համակարգի կոռուպցիոն համակարգի փոփոխությունը։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը․ եթե նախկինում քաղաքացին որևէ կոռուպցիոն գործարքի համար վճարում էր ասենք՝ 100 դոլար, ապա հստակ էր՝ դրանից տասը տեսուչինն էր, քսանը՝ վարչության պետինը, մնացածը՝ պետի վերադասինը։ Վերադասն էլ իր հերթին իրեն հասածի կեսը կամ դրանից մի քիչ ավելին մուծվում էր վերևներին։ Հիմա այս ուղղահայացը «հաղթահարել են»։ Հորիզոնական սխեմայում տեսուչը վերցնում է 100 դոլարը, ու գործարքի շրջանակը փակվում է։ Եվ այսպես՝ ամեն մակարդակում։ Յուրաքանչյուր մակարդակի պաշտոնյա առանձին կողմ է։ Եթե բախտդ բերեց առաջին, երկրորդ օղակում գործարքը հաջողվեց, լավ է։ Եթե ոչ՝ առաջնորդի յուրային օլիգարխներին կամ մտերիմներին կարելի է դիմել։ Բնականաբար «տարիֆները» ամեն մակարդակի համար տարբեր են։ Գները մոտավորապես են որոշվում՝ ըստ տրամադրության և եղանակի։     

Գոհար Վեզիրյան  

* Բումբումիկը հայկական մանկական միջոցառումների կազմակերպման կենտրոն է, որտեղ տրամադրում են խաղավարներ, ծաղրածուներ, հեքիաթի հերոսներ, տորթեր, փուչիկներ, ինչպես նաև բեմադրվում են կրկեսային համարներ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   443 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ