...

Բութ և շատակեր երեխան խժռում է իր ծնողին

Բութ և շատակեր երեխան խժռում է իր ծնողին

ՀՀ Սահմանադրական դատարանը գեղարվեստական ոճով 33 էջանոց սրտաճմլիկ որոշում է հրապարակել ու փաստացի ազդարարել, որ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը չի հակասում մեր Սահմանադրությանը։ Զավեշտն այն է, որ որոշման մեծ մասը նվիրված է Անկախության հռչակագրին․ ՍԴ-ը, երևի ոգեշնչված Գոյայի «Սատուրնը խժռում է իր որդուն» կտավով, Անկախության հռչակագիրն անվանել է «երեխային խժռող ծնող»։

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի նկատմամբ պաթոլոգիկ ատելություն ունի (հերիք չի, որ այդ փաստաթուղթն ընդունվել է իրենից առաջ, դեռ մի բան էլ՝ դրանում ոչ մի խոսք չկա կուշտ փորով պեռաշկի ուտելն ու հեծանիվ քշելը համահայկական առաջնահերթություն հռչակելու մասին), ու հասկանալի է նաև, որ ՍԴ անդամները, շեֆին դուր գալու համար, պիտի քարկոծեին ու «ժամկետանց» հռչակեին այդ փաստաթուղթը։ 

Բայց հարց է ծագում՝ իսկ ՍԴ-ին ո՞վ էր խնդրել անդրադառնալ Անկախության հռչակագրին, և ընդհանրապես՝ ի՞նչ կապ ուներ հռչակագիրը սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի գործունեության կանոնակարգի հետ։ Հասկանալի էր, չէ՞, թե ինչի մասին էր խոսքը․ այդ կանոնակարգը հնարավորություն է տալիս «օպտիմալացնել» խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած սահմանը, իսկ «օպտիմալացնել»՝ նշանակում է փոխել (թե ինչ նկատառումներից ելնելով՝ էական չէ)։ Իսկ սահմանի փոփոխությունն էլ ինքնին ենթադրում է տարածքի փոփոխություն։ Հետևաբար՝ ՍԴ-ն պիտի պատասխաներ ընդամենը մեկ հարցի․ ՀՀ տարածքի փոփոխություն ենթադրող միջազգային փաստաթուղթը համապատասխանո՞ւմ է մեր Սահմանադրությանը, թե՞ ոչ։

Իսկ ինչպե՞ս պիտի ՍԴ անդամները գտնեին այդ հարցի պատասխանը։ Ճիշտ է, պիտի չալարեին, բացեին (կամ քարտուղարուհիներին հանձնարարեին բացել) ՀՀ Սահմանադրությունը և փորձեին գտնել «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխություն» բառակապակցությունը։ Հաստատ մի երկու շաբաթվա ընթացքում կգտնեին, որովհետև այդպիսի բառակապակցություն Սահմանադրության մեջ իսկապես կա։ 205-րդ հոդվածի 1-ին կետում գրված է․ «․․․Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։ ՍԴ անդամները, հուսով ենք, հասկանում են, որ «հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով» բառակապակցությունը բովանդակային առումով նշանակում է, որ «հարցերը չեն լուծվում առանց հանրաքվեների»։ 

Հարց՝ բա այդ դեպքում որպես ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միջազգային պայմանագրով այլ երկրի առջև ստանձնել պարտավորություն, որն ի վիճակի չի լինելու կատարել առանց հանրաքվեի, այսինքն՝ կայացրել է որոշում, որի ընդունման իրավունքը ոչ թե իրեն է պատկանում, այլ ժողովրդին։ Ընդ որում՝ այս դեպքում «ժողովրդից պողպատե մանդատը ստացել ենք, ինչ ուզում՝ անում ենք» փաստարկը չի աշխատում, որովհետև Սահմանադրության 205-րդ հոդվածի նպատակը հենց այդպիսի «կռուտիտները» կանխարգելելն է։

Մարկ Նշանյան

 Հ․ Գ․ Բայց մի՛ անհանգստացեք, խորհրդարանական ընդդիմությունը հաստատ հերոսական լեզվակռիվ կբեմադրի խորհրդարանում ու հուժկու բոյկոտ կհայտարարի՝ որոշելով ժամանակավորապես  չմասնակցել նիստերին։ Իհարկե՝ ոչ այնքան երկար, որ բացակայությունների թիվն ազդի պարգևավճարների վրա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1844 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ