Հայաստանը սեփական շահերին ծառայեցնելու իրավունքի համար Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող պայքարը թևակոխում է բացահայտ փուլ։ Խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ ԱՄՆ-ը «լիակատար և ամբողջական աջակցություն» է հայտնում Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանն էլ գրեթե նույնքան բացահայտորեն աջակցում է պրոռուսական ընդդիմությանը։ Փաստորեն՝ երկու բևեռների համար էլ Հայաստանն արդեն ոչ թե անկախ պետություն է, որի ինքնիշխանությունը գոնե ձևականորեն պետք է հարգել, այլ ընդամենը անտեր տարածք, որին տիրանալու համար ձևականությունների ետևից ընկնելու կարիք չկա։
Իսկ Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է խաչմերուկում դիրքավորված մարմնավաճառի սուտենյորի պես․ ցուցադրում է Հայաստանի բարեմասնությունները, անթաքույց հրճվում, որ մի քանի պոտենցիալ հաճախորդներ վիճում են իր «ապրանքի» համար, և սպասում է, թե ով ավելի լավ գին կառաջարկի։ Մարդը հենց այդպես էլ ասում է՝ «այսօր ՀՀ-ն կենսականորեն պետք է թե՛ արևելքին, թե՛ արևմուտքին, թե՛ հարավին, թե՛ հյուսիսին, և ՀՀ-ին նրանք պետք է լավագույն առաջարկն անեն»։ Ընդ որում, թե «գին բարիշելուց» հետո ինչ են անելու մարմնավաճառի հետ՝ բոլորը շատ լավ հասկանում են։ Բայց քանի որ հաճախորդների միջև մրցակցություն կա՝ նրանցից յուրաքանչյուրը հարցն այնպես է ներկայացնում, թե իբր ինքը գեղեցկուհուն տանելու է հարսի շորեր հագցնի ու հետն ամուսնանա, իսկ դիմացինը նրան օգտագործելու է ու մի կողմ շպրտի։ Մեր դեպքում՝ ԱՄՆ-ը խոստանում է «Նիկոլի օգնությամբ Հայաստանը հասցնել ավելի մեծ բարձունքների», Ռուսաստանն էլ խոստանում է պահպանել էժան գազն ու բաց շուկաները՝ զուգահեռաբար զգուշացնելով, որ Արևմուտքը թքած ունի մեզ վրա և կործանման է տանելու Հայաստանը։ Իրականում երկուսն էլ Հայաստանի հետ մոտավորապես նույն կերպ են վարվելու և դա միանգամայն նորմալ են համարելու, որովհետև եթե մեկն ինքնակամ «չափար-չուլկիները» հագել ու դիրքավորվել է խաչմերուկում, ուրեմն շարունակությունն օրինաչափ է։
Ահա սա է Հայաստանի նախընտրական իրավիճակը։ «Քաղաքական դաշտ» կոչվածը, երկու մասի բաժանված, վիճում է, թե հատկապես ո՞ր «հաճախորդի» հետ պիտի պայմանավորվել, ռուբլո՞վ է պետք պայմանավորվել, թե՞ դոլարով կամ եվրոյով, և այլն։ Ըստ այդմ էլ՝ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը հույս ունի իր արտաքին աջակիցների օգնությամբ հասնել իշխանության կամ պահպանել իշխանությունը՝ փոխարենը խոստանալով աջակցության դիմաց Հայաստանը ծառայեցնել նրանց շահերին։ Սա է այն գինը, որն անխուսափելիորեն վճարում են սեփական երկրում արտաքին աջակցությամբ իշխանության եկածները, ընդ որում՝ այդ գինը միշտ վճարում են սեփական երկրի հաշվին։ Գինը կարող է տարբեր լինել, բայց սկզբունքը նույնն է։
Իսկ կարո՞ղ էր այլ կերպ լինել։ Կարող էր, եթե Հայաստանում սեփական երկրի շահերը վաճառքի հանելու պատրաստ այսքան «լիդերներ» չլինեին։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էր, չէ՞ անդրադարձել այս թեմային ու հայտարարել, որ եթե իրեն դրսից սկուտեղի վրա իշխանություն առաջարկեն՝ ինքն այդ սկուտեղի վրա մի ծաղիկ կավելացնի ու ետ կուղարկի։ Ինչո՞ւ։ Որովհետև արտաքին աջակցությամբ իշխանության եկածն արտաքին այդ ուժի ծրագրերն էլ պիտի առաջ մղի։ Որպես կանոն՝ սեփական երկրի շահերի դեմ։ Ի դեպ՝ ըստ ամենայնի հենց սա է պատճառը, որ ընտրություններից առաջ արտաքին տարբեր բևեռներ ում ասես աջակցում են՝ ՀԱԿ-ից բացի։ Ընդ որում՝ որևէ նորմալ հասարակությունում այս փաստը պիտի ցանկացած քաղաքական ուժին արված լավագույն կոմպլիմենտը լիներ։
Բայց մերն ուրիշ է։ Մենք «լավագույն գնային առաջարկին» ենք սպասում։
Մարկ Նշանյան