Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն էր պետք մայիսի 28-ի զորահանդեսը։ Ի վերջո՝ նա իր ողջ քարոզարշավը կառուցել է այն մտքի վրա, որ եթե իր փոխարեն ցանկացած ուրիշ մեկը դառնա վարչապետ՝ անմիջապես պատերազմ է սկսվելու։ Մինչդեռ զորահանդեսից հետո այդ քարոզչության տակ մնացածները կարող են հարցնել՝ «բա եթե այսպիսի մարտունակ բանակ ունենք, ինչո՞ւ ես մեզ վախեցնում պատերազմով»։
Նիկոլ Փաշինյանն այդ զորահանդեսով երկու այլ քարոզչական խնդիր էր լուծում։
1․ Իրականում նա ամենաշատը վախենում է ոչ թե «դավաճան» կամ «հողատու» պիտակներից, այլ կոռուպցիոն մեղադրանքներից, որովհետև նրա հավատարիմ ընտրազանգվածն իր բերած բոլոր աղետները ներում է այն հիմնավորմամբ, թե «զատո՞ նախկինները թալանչիներ էին, իսկ ինքը չի թալանում»։ Եվ ահա ամիսներ առաջ հրապարակավ հարց բարձրացվեց, թե ո՞ւր է անհետացել նրա օրոք վարկով վերցված 8 միլիարդ դոլարը։ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, «իրար խառնվեց» ու սկսեց արդարանալ, թե զենք-բան է առել, հետո հայտարարեց, թե ցանկացողներին կարող է տանել-ցույց տալ, բայց կասկածները մնացին։ Դրա համար էլ նրան այսպիսի մի զորահանդես էր պետք, որտեղ ցուցադրված նմուշներից, իհարկե, անգամ 8 միլիարդ դոլարի կեսի կեսի հետքն էլ չէր ուրվագծվում, բայց ամեն դեպքում՝ ինքը կարող էր ասել «ա դե ծնգըլ արիք ձեր 8 միլիարդով, հե՛ս ա, լիքը այ սենց թոփ-թազա բաներ եմ առել»։
2․ Իբր արդեն իսկ հաստատված և վերջնական խաղաղությանը որևէ մեկն առանձնապես չի հավատում, և շատ շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելով Հայաստանը շատ ավելի խոցելի կդառնա։ Բնականաբար՝ այդպիսի մտավախություններ ունեցողները ոչ մի դեպքում Նիկոլ չեն ընտրի։ Կընտրեն այն ուժերին, որոնք կկարգավորեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ, ենթադրաբար, կօգնի վերականգնել հայկական թուլացած բանակը։ Ահա հասարակության հենց այդ հատվածի համար էր շեշտվում, թե զորահանդեսին ներկայացված է 7 երկրների արտադրության սպառազինություն։ Այլ կերպ ասած՝ «ժողովուրդ ջան, մի՛ վախեցեք, առանց Ռուսաստանի էլ՝ լիքը տեղից կարանք զենք առնենք, հետևաբար՝ չարժի դրա խաթեր ռուսամետ ուժերի ընտրել»։
Զորահանդեսի ներքաղաքական (քարոզչական) նշանակության մասին՝ այսքանը, բայց այն նաև արտաքին-քաղաքական ենթատեքստ ուներ։ Եվ այստեղ, որքան էլ ցավալի հնչի, պետք է արձանագրել հետևյալը․ բովանդակային առումով՝ մայիսի 28-ին ցուցադրվածը միաժամանակ և՛ ՀՀ «վերածնված բանակի», և՛թուրք-ադրբեջանական դիվանագիտության հաղթանակի զորահանդես էր։ Ուղերձն էլ շատ հստակ էր․ «ահա մեր զորահանդեսը՝ նախորդի համեմատ կիսով չափ կրճատված թվակազմով, առանց հարձակողական սպառազինության, նոր զինանշանի վրա՝ ՀՀ քարտեզով, ինչը ցույց է տալիս, որ այդ տարածքից դուրս մեր բանակը որևէ անելիք չունի, առանց հոգևոր բաղադրիչի (գնդերեցների ինստիտուտի), Արարատի փոխարեն էլ՝ Արագածի սիմվոլիկայով»։ «Մանրուքներ» են թվում, բայց ուշադրություն դարձրեք՝ առանձին-առանձին դրանցից յուրաքանչյուրը խոսում է թուրք-ադրբեջանական տանդեմի կոնկրետ պահանջների կատարման մասին։ Եվ դա ցուցադրվում է մայիսի 28-ին Երևանի կենտրոնում՝ ՀՀ զինված ուժերի զորահանդեսի տեսքով։
Ի դեպ՝ Բաքվում ճիշտ էլ հասկացել են այս ուղերձը, դրա համար էլ առանձնապես աղմուկ չբարձրացրեցին։ Մի քանի թունոտ մեկնաբանություններ արեցին, և վերջ։ Ի վերջո՝ ինչո՞ւ պիտի «հարամ անեն» իրենց նախընտրած թեկնածուի քարոզարշավի ամենադիտարժան դրվագներից մեկը։
Մարկ Նշանյան