...

Չհրապարակված հատված Նիկոլ Փաշինյանի ասուլիսից

Չհրապարակված հատված Նիկոլ Փաշինյանի ասուլիսից

Բարև ձեզ, Հայաստանի Հանրապետության հպարտ օգտատերեր։ Այսօր ես ուղիղ եթերում կպատասխանեմ սոցկայքերում ամենաշատ լայքեր հավաքած հարցերին։ Սկսենք ամենաշատ լայքեր հավաքած հարցից․․․ Մի րոպե, բայց էս հարց չի, ավելի շուտ իմ նկատմամբ հասարակության իղձերի արտահայտություն ա, ու դատելով դրանց բովանդակությունից՝ ինձ շփոթել են Քիմ Քարդաշյանի հետ։

Անցնենք լայքերի թվով երկրորդ հարցին։ «Ե՞րբ եք երկրից ռադ լինե․․․»։ Ներողություն, բայց սա ըստ էության կապված է բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորությունների գրաֆիկի հետ և պետական գաղտնիքի տարրեր է պարունակում, հետևաբար՝ չեմ պատասխանի։

Երրորդ հարցը։ «Ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք, ինչո՞ւ սահմանները պաշտպանված չեն»։ Շնաբարո դուրսպրծուկների կազմակերպած հարցն ա, բայց պատասխանեմ։ Չհասկացա, կարող ա՞ գիտեք մեր սահմանները գտնվում են իմ անձնական պաշտպանության տակ։ Երեքուկես տարվա ընթացքում մենակ Մելինե Դալուզյանն ա գտնվել իմ անձնական պաշտպանության տակ, նրա գլխից մի մազ պակասել ա՞։ Հլը մի բան էլ ավելացել ա։ Իսկ սահմանների պաշտպանությունը սահմանապահների գործն ա։

Հաջորդ հարցը կկարդամ ամբողջությամբ։ «Բա էն բանը ի՞նչ էղավ։ Սիլվա Համբարձումյան, գործատուների միության նախագահ»։ Սիլվա ջան, ախր գործատուն ու գործ տվողը տարբեր բաներ են․․․ Ես, օրինակ, էս ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց դա հո չի՞ նշանակում, որ պիտի պատասխան տամ։ Լավ, վաղը երեկոյան մոտեցի՝ խոսենք։

Մյուս հարցը գերիների մասին ա։ Անցանք առաջ․․․ Հաջորդ հարցը՝ «Ինչո՞ւ Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը մինչև հիմա․․․»։ Լավ, չշարունակեմ, երևում ա, չէ՞, որ էս հարցը տվողները Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունները չեն կարդացել։ Եթե «Գյադաների ժամանակը» կարդացած լինեին՝ էդ հարցը չէին տա։ 

Հաջորդ հարցն ուղարկել է Nikolprkich.com անկախ լրատվամիջոցը, կարդում եմ ամբողջությամբ։ «Մեծարգո պարոն Փաշինյան, մեր հույս ու ապավեն, մեր հզո՛ր վարչապետ։ Մոտենում է Ամանորը, բայց Ձեր քաղաքական հակառակորդների ստոր դավերի արդյունքում չարազեղենը թանկացել է։ Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկում մեր հարազատ իշխանություններն իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, և արդյոք ժամանակը չէ՞ կիրառել պողպատե մանդատը»։ Այս հարցն, ի դեպ, 680 հազար լայք է հավաքել։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Այո, ես խոստացել էի նախկինների թալանածը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնել, բայց չարազեղենի վերաբերյալ որևէ խոստում չեմ տվել։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ չարազեղեն, դուք ձեր բաժին կուտը երեքուկես տարի առա՛ջ եք կերել։ Բայց ես խոստանում եմ հաշվի առնել պողպատե մանդատի կիրառման հանրային պահանջը և համալրել կառավարության պահուստային ֆոնդը, որը կծախսվի բացառապես ֆեյսբուքյան լայքերով արտահայտված ձեր համաձայնությամբ։ Ներողություն, ինձ հուշում են, որ մեր եթերաժամանակը սպառվում է․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2089 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ