...

Չհրապարակված հատվածներ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ճեպազրույցից

Չհրապարակված հատվածներ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ճեպազրույցից

Հարգելի լրագրողներ, նախքան ճեպազրույցը սկսելը ասեմ, որ բանականությունը ինձ հուշում է, որ ձեր հարցերը հիմնականում լինելու են Գորիս-Կապան ճանապարհի մասին, ուստի ավելի լավ է՝ նախապես պարզաբանեմ։ Մեր ունեցած մոտավոր պատկերացումները մեզ հուշում են, որ ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրել իրենց տարածքում, հետևաբար․․․

- Ներողություն, իսկ եթե վաղը Ալիևի ունեցած մոտավոր պատկերացումները նրան հուշեն, որ կարելի է մաքսակետ տեղադրել, օրինակ, Սիսիանում․․․

- Բանավոր փոխըմբռնումների վերաբերյալ մեր պատկերացումներն ինձ հուշում են, որ սահմանների վերաբերյալ մոտավոր պատկերացումները Ալիևին նման բան չեն հուշի։ Բայց եթե նման բան տեղի ունենա՝ տրամաբանությունն ինձ հուշում է, որ մենք շատ արագ աննախադեպ շրջանցիկ ճանապարհ կկառուցենք։ Մոտավորապես ենթադրվում է նաև, որ որոշակի մաքսատուրք վճարելու դեպքում մեր քաղաքացիները, հնարավոր է, կարողանան սաղ-սալամաթ օգտվել Գորիս-Կապան ճանապարհից։

- Բայց եթե հայ-ադրբեջանական սահմանին դեռևս դելիմիտացիա և դեմարկացիա չի իրականացվել, ո՞վ է ձեզ իրավունք տվել․․․

- Հիմա պողպատե մանդատը հանե՞մ կոխեմ աչքդ։ Բայց մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին և ամեն դեպքում լուծումներ ենք փնտրում։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի թռիչքուղուց ուղիղ 14 մետր հեռավորության վրա, և մենք աննախադեպ լուծում ենք գտել։ Թռիչքուղին կսարքենք ոլոր-մոլոր՝ Դիլիջանի ոլորանների նման, և դա կլինի իր տեսակի մեջ աշխարհում առաջինը։

- Պրն Գրիգորյան, հնարավո՞ր է՝ ադրբեջանցիները վաղն էլ մոտավոր պատկերացումների հիման վրա անկլավներում մաքսակետեր տեղադրեն։

- Դրանից Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրն առանձնապես չի փոխվի։ Մեծ հաշվով՝ այս ամենի արդյունքում մեր հպարտ քաղաքացիների համար միայն մի բան է փոխվել։ Առաջ գերի ընկնելու դեպքում պիտի զանգահարեին ԱԱԾ, իսկ հիմա կարող են զանգել ցանկացած բանկ, օնլայն վարկ վերցնել, վճարել ադրբեջանցիների մաքսատուրքը և շարունակել ճանապարհը։

- Բայց Նիկոլ Փաշինյանն ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայերը կարող են առանց խոչընդոտների օգտվել Գորիս-Կապան ճանապարհից։

- Այ տեսնո՞ւմ եք, դուք լուրջ եք ընդունել վսեմաշուք պարոն Փաշինյանի խոսքերը, մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ նրա խոսքերը լուրջ ընդունելը․․․ Չէ, էս ի՞նչ եմ ասում, տրամաբանությունն այս դեպքում ոչինչ չի հուշում։ Մի խոսքով՝ դա վկայում է նրա նկատմամբ աննախադեպ բարձր հանրային վստահության մասին։

- Պրն Գրիգորյան, Ձեր ունեցած մոտավոր պատկերացումները Ձեզ ի՞նչ են հուշում, Նիկոլ Փաշինյանի ղեկավարման արդյունքում Հայաստանի տարածքից ինչքա՞նը կմնա։

- Տրամաբանությունն ինձ հուշում է, որ հնարավոր է՝ ինչ-որ բան մնա։ Բայց մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք այդ հնարավորությունը նվազեցնելու համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   721 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ