...

Չկա քի՜-զի նը-ման…

Չկա քի՜-զի նը-ման…

Նոյեմբերի 22-ին Երևանի ավագանու հերթական նիստում անկառավարելի իրավիճակ էր. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին դժվարությամբ էր հաջողվում կարգի հրավիրել գործընկերներին: Հարցերի քննարկման ժամանակ չէին լսում միմյանց, ու քաղաքապետն ամեն անգամ ստիպված էր լինում լռություն պահանջել: Նա անընդհատ հորդորում էր. «Խնդրում եմ, էլի, լռություն։ Էսօր յոթերորդ անգամ նկատողություն արեցինք, հո ես մանկապարտեզի տնօրեն չե՞մ»: Տպավորությունն այնպիսին էր, որ հատուկ ակցիա է սկսվել Հրաչյա Սարգսյանի դեմ, և միտումնավոր փորձ է արվում իմիտացիա ստեղծել, թե նիստը վարող քաղաքապետը չի կարողանում տիրապետել իրավիճակին: 

Նշենք, որ քաղաքապետարանի մատույցներում էլ բողոքի ակցիաների պակաս չկար. Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը մարդաշատ բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով ֆինանսավորման վերականգնում։ Արդյոք փոխկապակցվա՞ծ էին այս երկու «ակցիաները»՝ դժվար է ասել, բայց ավագանու նիստին ստեղծված քաոսային իրավիճակը զավեշտի էր հասնում. ավագանու անդամներին բավական աշխուժացրել էր նիստի օրակարգում ընդգրկված այն հարցը, ըստ որի՝ Երևանի ավագանու օրակարգում կհայտնվեն գաղտնի և չզեկուցվող հարցեր։ Դժվար չէ կռահել, որ այդ կերպ հնարավորություն է տրվում հաջորդ քաղաքապետին գաղտնի գործարքներ կատարել, կառուցապատողներին բոլ-բոլ հողեր վաճառել, հողամասերի գաղտնի աճուրդներն իրականացնել։ Դժվար չէ կռահել նաև, որ այդ փայլուն գաղափարի հեղինակն անմիջական առնչություն ունի դե յուրե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանդեպ ավագանու անդամների անհարգալից պահվածքի հետ։ Ինչևէ, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ գաղտնի և չզեկուցվող են լինելու այն հարցերը, որոնք սովորաբար ընդունվում են առանց քննարկման, միաձայն։ 

Ուշարժան մի դրվագ ևս ավագանու հերթական նիստից. առանձնապես ակտիվ էին ավագանու՝ այսպես կոչված «ընդդիմադիր» «Լույս» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները: Զավեշտի ժանրից էր նաև ելույթներով ու ռեպլիկներով աշխատելու պատրանք ստեղծելու նրանց ձգտումը. երևանցիների հարցերով իբր մտահոգ գործիչներ, որոնք ակնհայտորեն քծնում էին դե ֆակտո՝ քաղաքապետ, փաստաթղթերով՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ գովերգելով խմբակցությունների ու երևանցիների հետ հանդիպումների նրա նախաձեռնողականությունը: Ընդդիմադիրներից ոմանք, ովքեր ոչ վաղ անցյալում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հանդեպ իրենց բարձրաձայն սերն ու նվիրվածությունն էին արտահայտում, նույն տոնայնությամբ ու պաթոսով, և նույնիսկ նույն բառապաշարով էին դիմում Ավինյանին։ Պակասում էին միայն հանրածանոթ երգի բառերը՝ չկա քիզի նման: Մնում է ենթադրել, որ վերոնշյալ անձինք ճիգեր էին թափում հաջորդ ավագանիում ամեն գնով նորից ներկայացված լինելու համար, ու բոլորովին կապ չունի, թե ինչ խմբակցություն ես ներկայացնում։ 

Նշենք, որ ավագանու նիստի վերջում՝ մտքերի փոխանակության ժամանակ, Տիգրան Ավինյանը ներկա չէր: Նրան հետևելով՝ դահլիճում չէին նաև ընդդիմադիրներն ու իմքայլականների գերակշիռ մասը: Ներկա էին ավագանու 7 անդամ, որոնցից երկուսն էին մտքեր փոխանակելու ցանկություն հայտնել: Ցավոք, ամբողջ նիստի ընթացքում երևանցիների հարցերով «մտահոգ» ավագանու անդամներից ոչ մեկի մտքով չանցավ բարձրաձայնել մայրաքաղաքի տրանսպորտի ողբերգական ու ցավոտ հարցի մասին: Այն մասին, որ օրվա բոլոր ժամերին մեր քաղաքացիները ստիպված են լինում ժամերով քաղաքային տրանսպորտի սպասել, և եթե հաջողվում է մի կերպ ճխլվել տրանսպորտի մեջ, զայրույթը թափում են միմյանց ու վարորդի գլխին: 

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Հիշեցնենք, որ այս տխրահռչակ «մանկապարտեզի սաները» հաջորդ անգամ կհավաքվեն դեկտեմբերի 27-ին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   612 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ