...

Դիմադրության շարժման 17-րդ օրվա արդյունքները՝ թվերով

Դիմադրության շարժման 17-րդ օրվա արդյունքները՝ թվերով

Եվ այսպես, մայիսի 17-ին միայն Երևան քաղաքում փակվել է 29 փողոց, 18 խաչմերուկ, 11 գետնանցում և 3 անցյալի խայտառակ էջ։ Արդյունքում՝ ՀՀ շուրջ 3 հազար քաղաքացի ուշացել է աշխատանքից, 292 քաղաքացի՝ ժամադրությունից, 178 քաղաքացի՝ խինկալի ուտելուց, 1 քաղաքացի՝ գրադարանից։ 

Ոստիկանության բիրտ և անհամաչափ գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել շուրջ 137 փրկիչ, որոնցից 92-ը՝ «արի ստե՛ լը, արա՛», 27-ը՝ «էդ ո՞ւմ ասիր» և 18-ը՝ «դրան կոխեք ավտոն» հիմնավորմամբ։ Բերման ենթարկելու գործողությունների արդյունքում քաշքշվել է շուրջ 32 փրկիչ, պոկվել է ավելի քան 155 կոճակ, իսկ քաղաքացի Լևոն Քոչարյանի մատը վավա է եղել։ Ցուցաբերված առաջին և երկրորդ բուժօգնություններից հետո նրա համար ապահովվել է ուղիղ հեռարձակմամբ եթեր մտնելու հնարավորություն։

Ցանցային և ապակենտրոն ակցիաների ընթացքում հնչել են հետևյալ կարգախոսներն ու հարցադրումները․ «Առանց Նիկոլ Հայաստան»՝ 2873 անգամ, «Առանց թուրքի Հայաստան»՝ 2873 անգամ, «Նիկոլ-դավաճան»՝ 1744 անգամ, «Արա՛, դուք հո թո՞ւրք չեք»՝ 1533 անգամ, «Սաղիդ դեմքերը նկարում ենք»՝ 786 անգամ, «Արա, ա՛յ թուրքեր, չեք ջոգո՞ւմ, որ էսի սիրո ու համերաշխության խաղաղ ակցիա յա»՝ 547 անգամ։ 

Ակցիաների ընթացքում հնչած ինքնաբուխ ելույթներում Արցախը փրկվել է շուրջ 2563 անգամ, Սյունիքը՝ 1780 անգամ, ազգային արժանապատվությունը՝ 1395 անգամ, Հայրենիքը՝ 1209 անգամ, Հայաստանի Հանրապետությունը՝ 1 անգամ։ 

Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակներ են տեղափոխվել կոռումպացված իշխանությունների դեմ պայքարի առաջամարտիկների շուրջ 169 տրանսպորտային միջոցներ, որոնցից 72-ը՝ «Բրաբուս», 31-ը՝ «Ռեյնջ Ռովեր», 28-ը՝ «Պորշ Կայեն», 25-ը՝ «Բենթլի» և 13-ը՝ «Ֆերրարի» մակնիշի։ 

Ոստիկանության բաժանմունքների բակերում ընդհանուր առմամբ քաշքշվել և գետնին է տապալվել շուրջ 97 փրկիչ։ Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 72 արձանագրություն՝ ոստիկանության աշխատակցի կողմից փրկիչներին գետնին տապալելը խոչընդոտելու փաստով։

Ցանցային և ապակենտրոն գործողությունների արդյունքում թրքահպատակ ռեժիմը խուճապի մեջ է հայտնվել շուրջ 8 անգամ, իսկ գլխավոր կապիտուլյանտի շաքարը բարձրացել է ավելի քան 42 տոկոսային կետով։ 

Պայքարը շարունակվում է։ Ետքայլ չկա։ Չե՛նք նահանջելու։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7000 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ