...

Շախմատային հորովել

Շախմատային հորովել

Ավազապետական ընդդիմություն

Այս շաբաթն էլ անկապ ավարտվեց: Այսինքն՝ Նիկոլով Հայաստանը մնաց իր տեղում: Ինչ վերաբերում է ընդդիմությանը... սա մեզ հիշեցնում է Էլդար Ռյազանովի «Ծերունի ավազակները» ֆիլմը, երբ քննիչ Մյաչիկովն ինքն իրեն կալանավորելու որոշում է կայացնում, հետո գնում մեկուսարան՝ պատիժը կրելու: Մի ժամ է անցնում, երկու ժամ, օրն արդեն ավարտվելու վրա է, տեսնում է՝ իրեն բանի տեղ դնող չկա, վեր է կենում, դուրս գալիս մեկուսարանից ու գնում տուն:

Հիմա մեր ընդդիմությունն է. Ֆրանսիայի հրապարակում վրաններ են խփել, իրենք իրենցով իրիկունները հավաքվում են, ազգը փրկելու մասին մտքերով փոխանակվում, մի քիչ պառկում, մի քիչ նստում, մի քիչ քաղաքի փողոցներով քայլում, վերջում գնում տուն: Մի ամիս, երկու ամիս, շուտով ամառն ավարտվելու վրա է, իսկ իրենց բանի տեղ դնող չկա: 

Այնպես որ, եթե հանրային բանիտեղչդնողականությունը շարունակվի, մի օր վեր են կենալու, գնան իրենց տուն: Մի մասը կգնա խորհրդարան՝ աշխատավարձերն ու պարգևավճարները ստանալու, մի մասը Ամերիկա կգնա՝ ազգի գենոֆոնդը հարստացնելու, մարդ էլ կա, կգնա Ծաղկաձոր՝ ռոլիկներով լիժա քշելու:

Կպել ես, խաղա

Բայց ասեք, որ քոչարյանա-դաշնակցական ուժերը ոնց խառնվեցին իրար, երբ Վանեցյանը գնաց, Ազատության հրապարակում աթոռ դրեց, նստեց: Մուխանաթ պահ էր, իրենց ընդդիմադիր մոնոպոլիայի հիմքերը կարող էին խարխլվել: Վռազի մեջ Իշխան Սաղաթելյանին առաջ մղեցին՝ c2-c4 քայլով: Դա Իշխանի միակ առաջխաղացումն էր: Այդպես էլ չկարողացան գոնե c5 դաշտ մտցնել: Ինչ ասես, որ չարեցին դրա համար: Կողքից պեշկաներ էին ժերտվա տալիս, մի երկու անգամ փորձեցին ձիով քայլեր անել, թռչել զաբոռների վրայով, մի երկու փղերի էլ օգտագործեցին, որպես բլոգերներ, բայց իշխանական պեշկաները, խաղատախտակի 5-րդ հորիզոնականում շարված, տեղից չշարժվեցին: 

Պատային իրավիճակ ստեղծվեց: Քայլերն ավարտվեցին: Ընդդիմության անգլիական թագուհին այդպես էլ խաղի մեջ չմտավ, չնայած լավ դուխ էր տալիս իր պեշկաներին, ընդդիմադիր լրատվամիջոցներն էլ այնպես էին լուսաբանում պարտիան, իբր հեսա-հեսա հակառակորդին մատ են անելու: Ամեն օր Իշխանը հակառակորդին մատ անելու օր էր նշանակում, գալիս էր այդ օրը, մի հարյուր հոգով շախ էին հայտարարում, ու դրանով օրն ավարտվում էր: Ընդ որում, թեպետ անոնսը տվել էին, որ մատը Նիկոլին են անելու, բայց շախ էին հայտարարում կողքի պեշկաներին: Այ, էդքան հեռու են շախմատից:

Վերջին անգամ երեք պեշկա գնացին, մտան նախարարի աշխատասենյակ, շախ հայտարարեցին, ընդ որում՝ տասն անգամ, իրենցից գոհ ցրվան տներով: 

Իշխանը մտածում է

Հիմա Իշխանը մտածում է: Էլ չգիտի, որ յուրաքանչյուր պարտիայի համար ժամանակ է հատկացվում, որ վերջանում է, քեզ պարտություն են գրանցում: Էս պարտիայի վրա երկու ամիս է, խաղում են, ֆիգուրները էս կողմ են տանում, էն կողմ են տանում, բայց դիրքը նույնն է մնում: 

Իհարկե, Սերժ Սարգսյանը՝ որպես փորձառու շախմատիստ, կարող է կողքից ճիշտ քայլեր հուշել, բայց չի անում: Ասում է՝ էս ո՞վ են, որ սրանց էլ օգնեմ, արդեն ցայտնոտի մեջ են, սրանց վախտը կգա, ռադները կքաշեն, հաջորդ պարտիան ես կխաղամ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   7244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ