...

Դուք դեռ խոսո՞ւմ եք, հարգելի անհայրենիք կերպարներ

Դուք դեռ խոսո՞ւմ եք, հարգելի անհայրենիք կերպարներ

Ուրեմն, 2019թ. փետրվարին Լևոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ պետք է պատրաստ լինել փոխզիջումների: Դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ֆեյսբուքի իր էջում արձագանքելով այդ հարցազրույցին, գրել է. «Ես պատրաստ եմ փոխզիջման. Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»:

Մի երկու օր հետո, երբ այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացավ, Սոֆյա Հովսեփյանը տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բառացիորեն ասաց հետևյալը. «Անտեսվում է մեր կառավարության հստակ դիրքորոշումը, որ որևէ զիջման մասին խոսք չի կարող լինել, որ «խաղաղության դիմաց տարածքների» մասին խոսք լինել չի կարող, որ Արցախը պետք է դառնա բանակցող կողմ: Ես սրան արձագանքեցի, միգուցե իրենց գնահատականով կոպիտ, բայց դա իմ սուբյեկտիվ մոտեցումն է: Ես չեմ պատրաստվում իմ սուբյեկտիվ մոտեցումն ինչ-որ անձանց հետ կապեմ: Ի՞նչ է նշանակում, որ եթե գնում ենք բանակցությունների, ապա պետք է լինի փոխզիջում: Նիկոլ Փաշինյանն այն միակ գործիչն էր, որ հենց առաջին օրից պահանջեց Արցախի ներգրավվածությունը բանակցություններին»:

Հիմա ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե սրան ինչո՞ւ ենք հիշել: Չենք հիշում, հիշեցնում ենք: Էս երկու օրը սրանք մի քիչ թրփոշացել են, Արցախը հորով-մորով են արել, ու մի հատ էլ սոցցանցերում սկսել են տարածել, թե օրինակ՝ ինչո՞ւ Լևոնը վախտին չի լուծել Ղարաբաղի հարցը, թողել է խեղճ Նիկոլի ուսերին: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Լևոնից հետո Ռոբերտ է եղել, Ռոբերտից հետո՝ Սերժ, ու նոր Սերժից հետո՝ Նիկոլ, բայց մեղավորը Լևոնն է:

Պրծավ, այս Սոֆյաները էլ «ոչ մի թիզից», Բաքուն ու Գյանջան գրավելուց չեն խոսում, փոխզիջումը միայն երազում են տեսնում, ամեն օր ժամը 22:00-ին ОРТ-ի «Վրեմյան» են միացնում, տեսնեն՝ Պուտինը ինչ է ասում և արցախահայության խնդիրները լուծելու համար ինչ է անում, բայց այդքանից հետո շարունակում են լեզուները մի մետր բացել: Բոլորին մեղադրել, բոլորի վրա մուննաթ գալ: Սրանք մարդկանց այն սորտն են, որ կյանքում չեն սխալվում: Ուզում է՝ Հայաստանն ու Արցախը վերանան քարտեզի վրայից, սրանք էլի կպնդեն իրենց անսխալականության թեզը: 

Դրա համար պետք է մեկումեջ հիշեցնել սրանց. աղջիկ ջան, էս դուք չէի՞ք փոխզիջումներից խոսողներին անհայրենիք անվանում, բա երկիրն ու ժողովրդին աղետի հասցնելուց հետո դուք ի՞նչ երեսով եք փողոց դուրս գալիս, հաց ուտում, լվացվում, էլ չենք ասում՝ ստատուս գրում ու շարունակում պատգամավորի աշխատավարձ ստանալ:

Բա չհիշեցնե՞նք, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը մինչև հիմա Սրբուհի Ղազարյանն է: Սա այն տգետն էր, որը ոգևորվելով Սոֆյա Հովսեփյանի «մտքերից», անցած տարի հեռակա «ռազբորկա» էր սկսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Վարչապետի խորհրդականի կարգավիճակով հրապարակավ հարցեր էր ուղղել Առաջին նախագահին.

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել (ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների) այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց»:

Մի հատ այս հարցերը նորից կարդացեք: Հասկանո՞ւմ եք՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի խորհրդականները կամ «ստաֆը»: Այսպիսի արարածներով է իրեն շրջապատել Նիկոլը, սրանք էլ 2 տարի է, ականջին թթվել են, թե բա՝ շեֆ, դու մարդու մի լսիր, նաղդ Բաքուն գրավող ենք: Փոխզիջում, բան-ման, էդ տուֆտայությունների դարն անցել է:

Ահա նաև նման խորհրդականների շնորհիվ է, որ Հայաստանն ու Արցախը, ինչպես կասեր Գեորգի Ժուկովը, «безоговорочная капитуляция» հիշեցնող զինադադար կնքեցին: Էս չե՞ք դուք: Ու դուք համարձակվում եք սոցցանցերում ֆեյքերի, վարձկանների միջոցով ձեր ղալաթների (մեղմ ասած) պատասխանատվությունը փորձել ուրիշների վրա գցե՞լ: 

Հիշեցնելու ենք, հատ-հատ հիշեցնելու ենք ձեր տգիտության էջերը: Բոլորին անհայրենիք կերպար անվանելով՝ մեր հայրենիքը հանձնեցին ու իսկականից բոլորիս սարքեցին անհայրենիք կերպարներ: Մեր խնդիրն է վերադարձնել մեր հայրենիքը: Բարդ խնդիր է, քանի որ անբավարարվածության սինդրոմով տառապող այս դեմքերը շարունակում են անսխալականության դիրքերից վարի տալ մեր պետականության վերջին փշրանքները: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ