...

Ձյունն ու կարկուտը սրբել-տարել են

Ձյունն ու կարկուտը սրբել-տարել են

Գարուն ա, ձյուն ա արել

Արդեն 2 օր է՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի «Բերքառատ Հայաստան» էջում Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող գյուղացիներն ու ֆերմերները տեղացած ձյան վերաբերյալ լուսանկարներ են հրապարակում:

Օգտատերերը քննարկում են, թե գարնան անսպասելի ձյունն ինչ վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը:

«ՉԻ»-ն փորձեց պարզել, թե գարնան կեսին տեղացած ձյունն ինչ վնասներ է հասցրել գյուղացիական տնտեսություններին:

Ապրիլի 24-ի գիշերը տեղացած ձյունն անակնկալի է բերել սիսիանցիներին: Գյուղացիներն արթնացել են և տեսել, որ ծաղկած ծառերի՝ դեղձենու, ծիրանենու և տանձենու ճյուղերը ձյան շերտի ծանրությունից կախվել են: 40 սանտիմետր ձյան տակ են մնացել ցանքատարածությունները: Սիսիան համայնքի բնակիչ Վլադիկ Պողոսյանի խոսքով՝ ծաղկած ծառերը ցրտահարվել են:

«Թե դաշտերում ինչ վիճակ է, չեմ կարող ասել: Ցրտահարության տված վնասերը մի քանի օրից կերևան: Համայնքները շատ են տուժել: Ողբալի վիճակում ենք հայտնվել»,- ցավով արձանագրեց մեր զրուցակիցը:

Վայոց ձորի մարզի Գնդեվազ բնակավայրն էլ է տուժել: Գյուղացիները չեն հիշում, թե մեկ էլ երբ էր բնությունն այսքան անբարեհաճ եղել իրենց նկատմամբ: Տեղացած կարկուտն ու ձյունը սրբել-տարել են գյուղացու մեկ տարվա ապրուստը:

Ապրիլի 23-ին Գնդեվազում խոշոր կարկուտ է տեղացել: Հաջորդ օրը ձյան է փոխվել և 15 սանտիմետր նստել:
Տեղումների պատճառով 80 տոկոսով համայնքը վնաս է կրել: Նրանց հաշվարկով՝ 60 տոկոսը կարկուտի պատճառած վնասն է կազմում, 20-ն էլ՝ ձյան: Աշխատանք չունեցող գնդեվազցիներն ապրում են այգեգործության միջոցով: 80 հեկտար ծիրանի այգի կա այստեղ: 

«Նոր էին ծառերը ծաղկել: Ցանքսին՝ ցորենին ու գարուն մեծ վնաս չի տվել: Հիմնականը ծիրանն է տուժել: Բերքը ոչ մի ձև չէինք կարող պաշտպանել, որովհետև հիմնական վնասը կարկուտն է հասցրել: Մոտ 30 րոպե կարկուտ է տեղացել: Ամբողջ ծաղիկը տվեց ծառերի տակը»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը:

Ապրուստից զրկվել են

Ցրտահարությունից Վայոց ձորի մարզի բնակիչները չէին կարող բերքն ապահովագրել: Այս բնական աղետի ռիսկն այստեղ ցածր է: Կարկուտ և հրդեհ ռիսկից կարող էին բերքն ապահովագրել, բայց այս դեպքում էլ գյուղացիները պայմանագիր չեն կնքել: Մկրտչյանի խոսքով՝ գումար չունենալու պատճառով կարկուտից չեն ապահովագրել բերքը:

«Համայնքը շատ տուժեց, մարդկանց հույսն այգեգործությունն էր: Վիրուսն էլ մի կողմից է մարդկանց վնասում: Ժողովուրդը հիասթափված նստած է: Հիմա էլ անձրևներ են գալիս: Եթե այսպես շարունակվի, ծիրան ընդհանրապես չի մնալու»,- փաստեց նա:

Հարևան Աղավնաձոր համայնքում էլ է կարկուտ տեղացել:

Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ձյունն ու ցուրտը ինչ վնասներ են հասցրել Լոռու մարզում: Այստեղ վտանգի տակ են ծաղկած ծիրանն ու հոնը: Մտավախություն ունեն, որ գարնանացանն էլ կցրտահարվի:

Արագածոտնի մարզում ձյան տեսքով տեղումները ևս բերքի սպասումները հարցականի տակ են դրել: Ձյան տակ է մնացել ցանքսը:

«Ձյունը հիմա ծառերի վրա դրած է: Ծիրանն է ծաղկել: Ցորենի ու գարու վնասն էլ մի քանի օրից կերևա: Զրկվեցինք ապրուստի միջոցից»,- ասաց Թալինի բնակիչ Արամ Արամյանը:

Ապահովագրության պայմանագրերի կնքման ժամկետները երկարաձգվել են

Իսկ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի տեղեկացմամբ՝ ցրտահարության վերաբերյալ ոչ մի համայնքից ահազանգ չեն ստացել: Ձյուն է եկել, բայց գիշերը սառնամանիք չի արել և արագ հալել է: Բարձրադիր գոտում, որտեղ Մանուկյանն է բնակվում, ծառերը չեն վնասվել: Առաջիկա գիշերվա ընթացքում էլ ցրտահարություն չեն սպասում՝ եղանակն ամպամած է: Բայց վախը դեռ սրտներում է. եթե օդի ջերմաստիճանը նվազի, ցրտահարություն կլինի: Նրա խոսքով՝ այս գիշեր ցրտահարություն չգրանցվեց, ուրեմն՝ փրկվում են: Իսկ ԱԻՆ-ի կանխատեսումները լավատեսական չեն:

Այսօրվա արևոտ եղանակին կհաջորդեն տեղումները: Սպասվում են անձրևներ և կարկուտ: Հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները՝ Էկոնոմիկայի նախարարությունը «կարկուտ և հրդեհ» ռիսկից ապահովագրելու համար գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման ժամկետները երկարաձգել է մինչև մայիսի 15-ը (բացառությամբ՝ ծիրանի):

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1515 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ