...

Պայմանագրեր չեն կնքել

Պայմանագրեր չեն կնքել

Կարկտահարություն է եղել

Արագածոտնի մարզի Օշական համայնքը երեկ մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ է կարկտահարվել:

Կեսօրից հետո անձրևին հաջորդած խոշոր կարկուտը վնասներ է հասցրել, բայց վնասի չափն ավելի շատ է եղել 20 օր առաջ տեղացած կարկուտից՝ ցանքատարածություններ է ավիրել, ծառերի բերքը շարքից հանել:

«Առաջին կարկուտն ավելի շատ վնաս տվեց, քան այս մեկը: Վնասվել են խաղողը, ծիրանը, տանձը: Նախնական հաշվարկով՝ 30 տոկոսով վնասվել են»,- «ՉԻ»-ի հետ զրույցում փոխանցեց համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը:
 
Գյուղացին կարող էր ապրուստի միջոցից չզրկվել, եթե ապահովագրեր ծիրանն ու խաղողը:
 
Համայնքապետը տեղեկացրեց, որ ոչ ոք ապահովագրության պայմանագիր չի կնքել:

«Չեն արել: Մարդիկ 3000, 5000, 6000 մետր այգիներ ունեն: Հիմնական զբաղմունքն այգեգործությունն է: Ավելի մեծ տարածությամբ այգիներ ունեցողներ էլ կան: Հանձնաժողով ենք կազմել, վնասի չափը հաշվարկել, բայց փոխհատուցում չեն ստանա»,- նկատեց նա:
  
Օշականցիները այգիները չեն ապահովագրել տարբեր պատճառներով:
  
«Գումար չունեին, դրա համար ապահովագրություն չարեցին: Բացի դա էլ, նորությունն էր այս ապահովագրությունը, գյուղատնտեսներին դեռ վստահություն չէր ներշնչում: Ամեն ինչի սկիզբը մի քիչ դժվար է լինում: Կամաց-կամաց կհասկանան, որ ապահովագրությունը ճիշտ է»,- շեշտեց Ներսիսյանը:

Վնասներ են կրել
 
Մեկ այլ կարկտահարված համայնքում՝ Ոսկեվազում, բնական աղետից ցանկանում են պաշտպանել ոչ թե խաղողը, այլ ելակը:

Այստեղ խաղողի այգիները քիչ են: Ոսկեվազցիներին եկամուտ բերում է ելակը:
 
Երեկվա կարճատև, բայց ուժեղ կարկուտը ելակի բերքը վնասել է: Ոսկեվազցիներն իրենց համայնքը ելակի գյուղ են համարում: Ջերմոցային և բաց դաշտում մշակվող ելակն այստեղ ընդհանուր 120 հեկտար է կազմում:
  
«Ահագին ընտանիքներ տուժել են: 3-5 հեկտար ելակ է վնասվել: Վնասը մոտ 60-70 տոկոսի չափով է եղել: Կարկուտը նաև ծիրանին ու դեղձին է խփել»,- մանրամասնեց համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը:

Այստեղ ևս գյուղատնտեսական ապահովագրություն ոչ ոք չի արել:
 
Համայնքի ղեկավարի խոսքով, այս տարվա օրինակն աչքի առաջ ունենալով՝ եկող տարվանից կսկսեն պայմանագրեր կնքել: Կրկին գումար չլինելու և համակարգի նկատմամբ վստահություն չունենալու պատճառով չեն բերքը կարկուտից ապահովագրել:
 
Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքը կորցրած և խոպան չմեկնած ոսկեվազցիները գումար աշխատելու հույսը կապում են ելակի հետ: Թփերում արդեն ելակը կարմրին է տալիս, մի քանի օրից հետո կարկուտից փրկված բերքը շուկա կտանեն:
 
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի ու լուսանկարների համաձայն՝ երեկ հանրապետության տարբեր հատվածներում՝ Վայոց Ձորում, Արարատում, Երևանում, Կոտայքում կարկուտ է տեղացել։

Գյուղատնտեսներին միավորող «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբում հողագործները քննարկում են կարկուտի տևողությունը, ուժգնությունը, հնարավոր վնասները։ Ըստ քննարկումների՝ մի քանի համայնքներում կարողացել են բերքն ապահով պահել՝ գործի դնելով հակակարկտային կայանները:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1121 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ