...

Ե՞րբ եք արյունից կշտանալու

Ե՞րբ եք արյունից կշտանալու

Ձերբակալություններ։ Կալանավորումներ։ Բռնություններ։ Սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների կողմից։ Պատգամավորի նկատմամբ բռնության դեպքեր, մեկ այլ պատգամավորի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու բողոք։ Վիրավորանքներ։ Ատելության՝ չափն անցնող դրսևորումներ։ Ահա այս մասին է վերջին մեկ շաբաթվա ողջ լրահոսը։ Ընդ որում՝ օրեցօր իրավիճակն այս իմաստով ավելի է սրվում, և չի երևում դրա լիցքաթափման ձևը։ 

Թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները սկսել են բացահայտ խոսել Մարտի 1-ի հնարավոր կրկնությունից։ Սպասում են՝ ում նյարդերը առաջինը տեղի կտան ու ով կկրակի։ Խիստ մտահոգիչ ու վտանգավոր է այսօրինակ մտքեր հանրայնացնելը։ Ինչո՞ւ, որովհետև տարբեր երկրների գործակալական ցանցերը պարզապես կարող են օգտվել «սպասման ռեժիմից» և առաջին կրակող-սադրողը հենց իրենք դառնան։ Բանը հասել է այնտեղ, որ զինծառայողի զինված հայրն է ուղիղ նայում տեսախցիկին ու հայտարարում՝ տեռոր է լինելու։ Տեռորի հնարավոր օջախ հայտարարվում է դպրոցն ու մանկապարտեզը։ Եվ սա եթեր է հեռարձակվում, սա դառնում է «բոմբ» նյութ համացանցում, դառնում է ամենալայն քննարկման թեման։ Արյունից չենք կշտացել դեռ, անընդհատ արյունի ու արյունահեղության մասին ենք մտածում, մինչդեռ դրանից մեր երկրի խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելի են խճճվում։ Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել։ Բոլոր դեպքերում իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է։ Նա պետք է ամեն բան անի, որպեսզի մեղմի այս ահագնացող ատելությունը։ Այս պահին ճիշտ հակառակն է արվում։ ՔՊ-ականները մեծ-մեծ դուրս են տալիս, նախարարները շարունակում են պաշտոնավարել նույնպիսի հանդարտությամբ, ինչպես կանեին խաղաղ ժամանակներում։ Գրգռում են մարդկանց՝ իրենց վարքով ամեն օր բարձրացնելով ատելության պատնեշները։ Վերջում մնալու են դրանց փլատակների տակ։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ