...

Երևանում ռեստորան է փակվել, իսկ Ծաղկաձորում` հյուրանոց

Երևանում ռեստորան է փակվել, իսկ Ծաղկաձորում` հյուրանոց

Հանրային սնունդն ու կորոնավիրուսը

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ռեստորանների, սրճարանների, ժամանցի վայրերի մի մասը դադարեցրել է աշխատանքը, մյուսների բնականոն գործունեությունը շարունակվում է:

Հասարակական սննդի ոլորտի տերերի կողմից շտապողականություն եղավ՝ «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց հասարակական սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը: Մտածում էին, որ անվտանգությունից ելնելով՝ պետք է չաշխատեն: Իսկ, ըստ արտակարգ դրության պահանջների, հասարակական սննդի օբյեկտները և զվարճանքի վայրերը ենթակա են փակման միայն պարետի հատուկ հրահանգով:

Բարսեղյանի խոսքով՝ ավելի ուշ իմացել են, որ տեղաշարժի և գործունեության սահմանափակում չկա, ռեստորանները կարող են ազատ գործել, բայց հաշվի առնելով արտակարգ դրության սահմանափակումները:

«Տեսանք, որ շատ ռեստորաններ չսպասելով, արդեն փակվել էին՝ ակնկալելով, որ հրամանով փակելու են: Մի քանիսը հաջորդ օրը վերաբացվեցին: Մյուսները պլանավորում են մեկ շաբաթ փակ մնալ»,- դիտարկումները ներկայացրեց Բարսեղյանը: 

Կան ռեստորանատերեր, որոնք այս ժամանակահատվածը որոշել են արդյունավետ օգտագործել՝ պատրաստվում են վերանորոգում անել, աշխատանքի ընթացքում ժամանակ չկար:

Փորձագետի գնահատմամբ՝ ոլորտի համար դրությունը շատ ծանր է: Շրջանառության կտրուկ անկում է նկատվել, այցելությունների քանակը՝ կրճատվել:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, Աշոտ Բարսեղյանի կարծիքով, ցանկալի կլիներ, որ հրահանգով փակվեին հասարակական սննդի ոլորտի բոլոր օբյեկտները: Այսպես հավասար դիրքերից հանդես կգային:

«Սա թույլ կտար մեզ ստեղծված իրավիճակը գնահատել որպես անհաղթահարելի ուժի առաջացում և ունենալ բանակցային ավելի պինդ դիրք մեր վարձակալների և պետության հետ բանակցելու ժամանակ: Քանի որ ոլորտը չունի գործունեության արգելք, այստեղ մենք չենք կարող վարձատուների հետ տանել խիստ բանակցություններ և պահանջել, օրինակ, վարձավճարների ներում և այլն: Այստեղ մենք հայտնվել ենք խնդրողների դիրքում, որովհետև ամեն մեկս անհատապես ենք հանդես գալիս և մեր վարաձատուին բացատրում, թե ինչու չենք կարողանում պատշաճ կերպով վճարումներ կատարել»,- մատնանշեց մեր զրուցակիցը: 

Իսկ ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա փորձագետը նկատում է. «Հարկադիր պարապուրդը ենթադրում է, որ գործատուն պարտավոր է երկու երրորդով հատուցել պարապուրդը: Այնինչ մենք գիտենք, որ սա հարկադիր պարապուրդ չէ, այլ արտակարգ դրությունից ելնելով ֆորսմաժորային իրավիճակ, որը մեզ ստիպում է գործի չկանչել և եկամտի բացակայության պայմաններում նաև աշխատողներին նվազեցնել վճարումները»:

Թե ինչպես աշխատել արտակարգ դրության ժամանակ պետության կողմից տրվող ցուցումները ոչ բոլոր ռեստորաններին ու սրճարաններին են հասցեագրել: Փորձագետը զարմանում է տարբերակված մոտեցումից:

«Շատ լավ կլիներ, որ հստակ իմանայինք, թե որ մարմինն է պատասխանատու այցելել և իրազեկել, թե ինչպես պետք է վարվել արտակարգ դրության պայմաններում, երբ համաճարակ կա երկրում: Եթե ռեստորանում աշխատում է միայն առաքումը, ապա ամեն մեկը տրամաբանում է իր ձևով, թե ինչպես պետք է այդ միջոցները ձեռնարկի: Ցանկալի կլիներ տեսնել կոնկրետ ցուցումներ: Արդյո՞ք, ռեստորանի աշխատակիցը ստուգվում և ջերմաչափվում է գործի այցելելիս»,- հարցնում է նա: 

Բոլորը չէ, որ կդիմանան

Կորոնավիրուսի հետևանքներին արդեն որոշ ռեստորաններ չեն դիմացել: Աշոտ Բարսեղյանի տեղեկացմամբ՝ մեկ ռեստորան արդեն փակվել է Երևանում, մեկ հյուրանոց՝ Ծաղկաձորում:

«Այն ռեստորանը, որը փակվել էր, խիստ տուրիստական ուղղվածություն ուներ: Շատ հին ռեստորան էր: Ցավալի էր դրա փակումը: Մինչև հոկտեմբեր ունեին չեղարկումներ: Նրանց բիզնես վարելը դարձավ անհնարին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Փորձագետի կանխատեսմամբ՝ կլինեն հանրային սննդի ոլորտի օբյեկտներ, որոնք աշխատանքը կդադարեցնեն:

«Ձմեռը պասիվ սեզոն է: Ռեստորանները հիմնականում ծախսում են կուտակած եկամուտները: Ապրիլից սկսած նոր ռեստորանները սկսում են գումար աշխատել՝ բացօթյա սրճարաններն են սկսում աշխատել: Ապրիլից մինչև հոկտեմբեր հյուրընկալության ոլորտի համար հիմնական եկամուտ աշխատելու շրջանն է: Իմ կարծիքով՝ բոլորը չէ, որ կդիմանան՝ մինչև շրջանառությունը սկսվի»,- շեշտեց Բարսեղյանը: 

Ներում են ցանկանում

Հարցին, իսկ ինչ պետք է անի պետությունը, որ բիզնեսի այս ճյուղը ուշքի գա, Բարսեղյանը նշեց, որ այս ուղղությամբ կառավարությունում քննարկումներ են կատարվում և տարբեր մոտեցումներ կան: Ընդգծում է՝ պետությունն այս գործում շատ անելիք չունի:

Ըստ փորձագետի՝ հանրային սննդի ոլորտի համար շահավետ կլինի, եթե զիջումներ արվեն՝ հարկերը, տուրքերը ներվեն: Նշում է՝ ռեստորանների գործունեության ծախսերի մինչև 20 տոկոսը աշխատանքի դիմաց վճարումներն են կազմում, իսկ շուրջ 30 տոկոսը՝ կոմունալ ծախսերը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ