...

Եռացող կաթսան

Եռացող կաթսան

Ամեն ինչ նոր է սկսվո՞ւմ

Այս շաբաթն ավարտվում է, և որքան էլ տարօրինակ հնչի, որևէ տարածքային, հողային կորուստ չի գրանցվել: Թեպետ մեր կողքին ընթացող իրադարձություններն այնպես են զարգանում, որ ամեն պահի իրավիճակը կարող է փոխվել: 

Ընդհանրապես, երբ 2022-ին Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում, հույս կար, որ հակամարտող կողմերն արագ ինչ-որ համաձայնության կգան, երկուստեք ընդունելի լուծումներ կգտնեն, և կոնֆլիկտը կմարի: Եթե դա լիներ, ապա հնարավոր է՝ Ռուսաստանը լրջորեն զբաղվեր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ, Արցախի ու արցախցիների հարցերով, գուցե նաև Արևմուտքի մասնակցությամբ, և թույլ չտար իրավիճակի նոր էսկալացիաներ և այլն:

Բայց հակառակը տեղի ունեցավ: Պատերազմը գնալով ավելի մեծ մասշտաբներ ընդունեց, Ռուսաստանը ոտքից գլուխ թաղվեց այնտեղ, Հարավային Կովկասը երկրորդ պլան մղվեց, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար բավարար ռեսուրսներ չուներ, ընդ որում՝ ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական ու տնտեսական, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Սրան, իհարկե, նպաստեցին նաև Հայաստանի իշխանությունների պատուհասոտ քայլերը, որոնք միայն կատալիզատորի դեր խաղացին Արցախի հայաթափման գործում:

Ու էսքանը քիչ է, մի հատ նոր պատերազմի օջախ էլ Մերձավոր Արևելքում է բլթբլթում: Չնայած Իսրայելն ու Պաղեստինը մեզանից բավական հեռու են, բայց այնտեղ ընթացող ռազմական բախումները վաղ թե ուշ կարող են այստեղ էլ դրսևորումներ ստանալ: Այնտեղ էլ գնալով մարում են հույսերը, որ կոնֆլիկտը կարող է շուտ ավարտվել: Ընդհակառակը, նորանոր խաղացողներ են հայտարարում այնտեղ միջամտելու մասին: Արևմուտքը, Իրանը, արաբական աշխարհը, Թուրքիան: ԱՄՆ-ի իշխանություններն արդեն հայտարարել են, որ մոտ 14 մլրդ դոլարի ռազմական օգնություն են ցուցաբերելու Իսրայելին, մի 60 մլրդ էլ՝ Ուկրաինային: Այսինքն՝ ոչմիթիզական դիրքորոշում է ընտրել:

Բամբասելն էլ է արվեստ

Դրա համար մեզ օր առաջ անհրաժեշտ է լեզու գտնել հարևան երկրների հետ. Իրանում, օրինակ, նախատեսվում է 3+3 ձևաչափով հավաք, դրան մասնակցել, քննարկել, բանակցել: Սա ասում ենք, որովհետև մեր իշխանությունները կարող է վերցնեն ու հրաժարվեն գնալ: Սրանց ի՞նչ կա: ԱՊՀ գագաթնաժողովին ո՞նց չմասնակցեցին: Նեղացել են: Ռուսներից, աշխարհից: Իրանում էլ են ներկա լինելու ռուսներն էլ, ադրբեջանցիներն էլ: Դրա համար, կարող է այդ ձևաչափից էլ հրաժարվեն:  

Ավելի լավ է, գնացեք, մի քիչ էլ այնտեղ բամբասեք Արևմուտքից, հատկապես ԱՄՆ-ից, դրա ձևերին արդեն լավ տիրապետում եք: Մի խոսքով՝ զբաղվեք քաղաքականությամբ, ոչ թե լայքահավաքությամբ: Որ մասնակցեք, անկեղծ ենք ասում՝ աչք կփակենք այն բանի վրա, որ ձեզ հետ ընտանիքի անդամներին եք տանելու, ամուսիններին, օգնականներին, որոնք, ուզում է՝ դրսում սպասեն, ուզում է՝ ներսում սպասեն: Ոչինչ, քննադատության զեղչ կանենք: Գոնե մի անգամ մի բան արեք, նոր պատերազմ չստանանք: 

Հանգիստ թողեք արցախցիներին

Ու էս նեղ մաջալին Երևանում հանկարծ ներարցախյան «ռազբորկաներ» են տեղի ունենում: Չենք էլ ցանկանում խորանալ, թե ով ում հետ կռվեց, ով ում գանգը կոտրելու պատրաստակամություն հայտնեց, ում ծեծեցին, ում ձերբակալեցին, ով էր հրահրել՝ Սյամո՞ն էր, իշխանությո՞ւնն էր, թե՞ ընդդիմությունը: Գոնե արցախցիներին մի ներքաշեք ձեր կեղտոտ խաղերի մեջ: Գնացեք, իրար հետ ձեր հարցերը լուծեք, թողեք այդ մարդիկ իրենց դարդերի մեջ տապակվեն:

Իբր էս իշխանություն-ընդդիմություն կապիկությունները քիչ են, բախումների նոր ճակատ ե՞ք բացում: Սրա հետևանքները կարող են շատ անկանխատեսելի լինել: Կլինեն ուժեր, որ սրանով հայաստանցի-արցախցի եզրույթը կշահարկեն: Չնայած, հիմա էլ կան նման քյալլագյոզներ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ