...

Ներքին և արտաքին լեգիտիմության փուչիկները միաժամանակ են պայթելու

Ներքին և արտաքին լեգիտիմության փուչիկները միաժամանակ են պայթելու

Երբևէ լսե՞լ եք, որ Ադրբեջանը հայտարարի, թե Տավուշի ուղղությամբ «4 գյուղերի անհապաղ վերադարձ» է պահանջում սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Չեք լսել, որովհետև իրենք դա համարում են ոչ թե սահմանազատման գործընթացի մեկնարկ, այլ «տարածքային ամբողջականության վերականգնում», իսկ սահմանազատման մասին լսել անգամ չեն ուզում։ Ավելին՝ այդ «4 գյուղերն» իրենց ընդհանրապես պետք չեն, իրենց պետք է, որ փակվի դեպի Վրաստան միջպետական մայրուղին, Տավուշի մարզի պաշտպանական համակարգն էլ փլուզվի։ Իսկ սա նշանակում է, որ իրականում Ադրբեջանը ոչ թե ասում է «տարածքները տվեք, թե չէ նոր պատերազմ կսկսեմ», այլ ասում է «տարածքները տվեք, որպեսզի նոր պատերազմ սկսեմ՝ ավելի նպաստավոր պայմաններով»։ 

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես սահմանազատման գործընթացի մեկնարկ։ Թե ինչու է այդպես անում՝ հասկանալի է․ որովհետև սահմանազատումն ընկալվում է որպես քայլ՝ դեպի խաղաղություն տանող ճանապարհին, մինչդեռ սեփական պաշտպանական համակարգի փլուզումը, հակառակը, ակնհայտորեն մոտեցնելու է ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմը։

Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, որը, իբր, մեր անվտանգության ռազմավարության կարևորագույն բաղադրիչն է, ապա այդ «թեզն» ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում։ Ադրբեջանը հո չի՞ հայտարարելու, թե հարձակվել է Հայաստանի վրա, դրա փոխարեն հայտարարելու է, թե «հակառակորդի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ահաբեկչական ներխուժման փորձ է արվել, ադրբեջանական ուժերն էլ, կասեցնելով թշնամու առաջխաղացումը, անցել են հակահարձակման․․․» և այլն։ Ու ո՞րն է լինելու լեգիտիմության ջատագով միջազգային հանրության արձագանքը։ Ճիշտ է, «խորը մտահոգություն են արտահայտելու», «խստորեն դատապարտելու են լարվածության նոր բռնկումը» և «կողմերին կոչ են անելու անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»։ Իսկ ո՞րն է լինելու Ռուսաստանի՛ արձագանքը։ Ճիշտ է, Մոսկվայից հնչելու են «խորը մտահոգություններ, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացված չլինելը հնարավորություն չի տալիս հստակ պատկերացում կազմել, թե որ երկրի տարածքում են ընթանում ռազմական գործողությունները», «անհապաղ կրակը դադարեցնելու կոչեր», հավաստիացումներ, որ «Հայաստանը շարունակում է մնալ իրենց ռազմավարական դաշնակիցը մեր տարածաշրջանում», և իհարկե՝ դիտարկումներ, որ «ցավոք՝ մեր հայ գործընկերների արտաքին-քաղաքական անհեռատես մանյովրների արդյունքում արդարացան մեր այն կանխատեսումները, որ Արևմտյան անվտանգության համակարգին ապավինելը հանգեցնելու է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»։ Ահա և լեգիտիմության՝ որպես անվտանգության կարևորագույն երաշխիքի, ողջ սնանկությունը։

Իսկ մեծ հաշվով՝ իշխանությունների այս պահվածքի ամենաճակատագրական սխալն այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանն արդեն երեքուկես տարի է պատրաստվում է նոր պատերազմի, իսկ մենք՝ խաղաղության։ Ընդ որում՝ այդ երեքուկես տարիների ընթացքում մենք արդեն մի քանի մինի-պատերազմներ ենք տանուլ տվել․ Գեղարքունիքի ուղղությամբ, Ջերմուկի ուղղությամբ, Իշխանասարում, Ներքին Հանդում և այլն։ Ու Տավուշում «4 գյուղեր» պահանջելով՝ Ադրբեջանն ընդամենը մեծացնում է հաջորդ մինի-պատերազմի տրամաչափն ու մասշտաբները։

Հասարակության ամենաճակատագրական սխալն էլ երևի այն է, որ հանդուրժում է մի իշխանության, որն ամեն քայլափոխի զիջում է թշնամուն՝ լավ իմանալով, որ նրա նպատակը պատերազմն է, իսկ իր ցանկացած զիջում թուլացնելու է մեր դիրքերն այդ պատերազմում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ