...

Դեպի նոր պատերազմ և պլանավորված պարտություն

Դեպի նոր պատերազմ և պլանավորված պարտություն

Եվ այսպես, «վեկտորի փոփոխության» գործընթացը կարծես թե անշրջելի է դառնում, ինչը նշանակում է, որ Հայաստանը մեծ արագությամբ մոտենում է Նիկոլ Փաշինյանի գովազդած «փոթորկոտ ծովի» ամենավտանգավոր հատվածին։ Համենայն դեպս՝ մեր «ձախորդ նավապետը» France24-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է, ՀՀ տարածքից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցն էլ, թեև այս պահին դեռ չի քննարկվում, բայց Հայաստանում ռուս զինվորականների պահվածքը մեզ անհանգստացնում է, նրանք ապօրինի գործունեություն են ծավալում, ու եթե մեր պահանջները չկատարեն՝ «հետևանքներ կլինեն»։ Զուգահեռաբար Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանում է Հայաստան, «հավաստի աղբյուրներն» էլ տեղեկացնում են, թե առաջիկայում ռուս սահմանապահները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանից։ Եվ սա՝ մի իրավիճակում, երբ, ըստ նույն Նիկոլ Փաշինյանի, «Ադրբեջանի հետ խաղաղությունն այս պահին հնարավոր չէ», և այդ երկիրը «նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ», ընդ որում՝ «այդ հարձակումը շատ հավանական է»։ 

Եթե համադրում ենք ընդամենը մի քանի օրերի ընթացքում միմյանց հաջորդած այս իրադարձություններն ու փորձում առանձնացնել կարևորը՝ պատկերը հետևյալն է։ 

1․ Ադրբեջանի հետ խաղաղություն այս պահին հնարավոր չէ, Հայաստանի վրա հարձակման հավանականությունը մեծ է։

2․ Հայաստանը փաստացի խզում է հարաբերությունները այն ուժային բևեռի հետ (Ռուսաստան-ՀԱՊԿ), որը, թեկուզ տեսականորեն, «լավից-վատից» կարող էր կանխել նոր պատերազմը կամ մեղմել դրա հետևանքները։

Հիմա հարցին նայենք Ադրբեջանի տեսանկյունից։ Ի՞նչ պիտի անի այդ երկիրը, եթե մտադիր է հարձակվել Հայաստանի վրա։ Ճիշտ է, պիտի նախապատրաստի բանակը և ամեն ինչ անի, որպեսզի իր սանձազերծած ագրեսիայի դեպքում Հայաստանը մնա առանց իրական (և ո՛չ դեկլարատիվ) դաշնակիցների։ Պարզ ասած՝ հարձակվելուց առաջ պիտի ձգտի հասնել նրան, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գործնականում սառեցվեն։ Փաստացի՝ հենց դա էլ անում է Նիկոլ Փաշինյանը։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։

Հնարավոր տարբերակներն ընդամենը երեքն են։ Առաջին՝ նա ինչ-ինչ պատճառներով գիտակցաբար գործում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերի տիրույթում։ Երկրորդ՝ Արևմուտքում նրան հավաստիացրել են, որ բավարար լծակներ ունեն ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, իսկ եթե չկարողանան կանխել՝ անպայման Հայաստանին ռազմական աջակցություն կցուցաբերեն։ Եվ երրորդ՝ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է նոր պատերազմի արդյունքներով Ադրբեջանին տալ այն ամենը, ինչ այդ երկիրը պահանջում է, որպեսզի «իրեն չասեն դավաճան»։ Առաջին՝ «թուրքական գործակալ» լինելու տարբերակը չափազանց անհավանական է թվում, երկրորդը՝ նույնպես, որովհետև Նիկոլ Փաշինյանն այնքան միամիտ չէ, որ լրջորեն հավատա, թե այս անգամ «բրիտանական նավերը» կամ «ֆրանսիական միստրալները» բարձրանալու են հայոց լեռները։ Հետևաբար՝ մնում է երրորդ տարբերակը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է նախապես պլանավորված ելքով նոր պատերազմի։ Այն հույսով, որ Հայաստանից «ում ինչ պետք է՝ կպոկեն» ու մեզ հանգիստ կթողնեն, տակն էլ ինչ մնաց՝ կդառնա ռուսներից ձերբազատված, «տարածաշրջանային երկրների հետ որպես հարևան և գործընկեր դիրքավորված» «քիփլիկ» արևմտամետ երկիր։

Փաստացի մենք այս ծրագրի՝ մոտ վեց տարի տևած նախապատրաստական մասն ավարտել ենք ու հենց հիմա «գործնական փուլ» ենք մտնում։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   967 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ