...

Երազում երազանք ունեցողները

Երազում երազանք ունեցողները

«Մենք ամեն առավոտ արթնանում ենք՝ ամեն ինչում մի վախ ունենալով։ Հասկանում եմ, թե պատմականորեն դա ինչ պատճառներ ունի և ինչպես է ձևավորվել, բայց եկել է ժամանակն այլ սկզբունքներով առաջնորդվելու։ Սկզբունքն այն է, որ կարող ենք և պետք է անենք։ 2050թ․-ին շատերի համար ֆանտաստիկ թվացող ռազմավարական ծրագիրը՝ ունենալ 5 միլիոնանոց Հայաստան, այդ ծրագիրն իրականացնելու տրամաբանությամբ պետք է շարժվել»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է ՔՊ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը։ Նա հավելել է, թե մեր կողքին կան երազողներ, որոնց երազներն իրականություն են դառնում: «Գուցե մենք ինքներս պետք է լինենք այդ երազողներից մեկը։ Բայց մեր ծրագրերը պետք է ռեալ լինեն այդ առումով»,- եզրափակել է Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ 2020թ․ պատերազմից օրեր առաջ ներկայացնելով մինչև 2050թ․-ի ՀՀ զարգացման ռազմավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ բնակչությունը պետք է հասցնել 5 միլիոնի։

Բայց եթե խոսքը երազելու մասին է, շատերը կարող են գերազանցել Նիկոլ Փաշինյանին և ասել, որ 2050 թվականին Հայաստանը պետք է լինի, ասենք, 10 միլիոնանոց երկիր, որն արժանապատվորեն կներկայանա աշխարհին և կկարողանա ձևակերպել իր շահերն այնպես, որ ընկալելի լինի աշխարհի համար։ ՀՅԴ-ականները, օրինակ, կարող են ավելի հեռուն գնալ ու շարունակել Ծովից ծով Հայաստանի երազանքի օրակարգը։ «Հայաստան» դաշինքը կարող է երազել, որ 2050-ին իրենք դարձյալ իշխանության են լինելու, ՌԴ-ն թոթափած է լինելու իր դժվարություններն ու վերջապես մեզ առնելու է իր գիրկը Միութենականի շրջանակներում։ «Պատիվ ունեմ»-ը կարող է երազել, որ 2050-ին այդ դաշինքում վերջապես ընդգրկվելու են բացառապես պատիվ ունեցողները, որոնք հետ են բերելու ոչ միայն Շուշին, Աղդամն ու Քելբաջարը, այլև Նախիջևանն ու հարակից բնակավայրերը։ Ընդ որում՝ նրանց երազած Հայաստանը լինելու է և՛ Եվրամիությունում, և՛ ՆԱՏՕ-ում, և՛ ԵԱՏՄ-ում և այլ հնարավոր բոլոր տեղերում։ Ցավոք, Վահագն Խաչատրյանն էլ մոլորության մեջ է։ Երազները (երևի ցանկացել է ասել՝ երազանքները) երբեք իրականություն չեն դառնում։ Հատկապես, երբ այդ երազ տեսնողը կամ երազանք ունեցողը սրված երևակայությամբ, անկայուն հոգեվիճակով, իրեն հեշտությամբ գժի տեղ դնող մեկն է։ Վահագն Խաչատրյանը շատ լավ գիտե ոսկե կանոնը՝ քաղաքականության մեջ երազանքներով ու երազներով առաջնորդվողները վերջում պատուհաս են դառնում երկրի ու հասարակության համար։ Դրա օրինակը կամ մարմնացումն իր ու բոլորիս աչքի առաջ է։ Էնպես որ, ԱԺ ամբիոնից հեքիաթներ պատմել պետք չէ, ավելի ազնիվ է ընդունել վարչապետի սրտի նախագահի պաշտոնն ու սպասարկել նրա՝ երազներ տեսնելու և դրանք իրականություն դարձնելու օրակարգը։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ